Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՏԻՆԳ ԱՐԵՑԻ՞Ք, ՊՐԾԱ՞Ք, ՀԱՆԳՍՏԱՑԱ՞Ք, ՊՐԾԱ՞ՆՔ»

Մարտ 29,2011 00:00

\"\"ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ ինքը եւս բազմաթիվ հացադուլներ է հայտարարել ընդդեմ խորհրդային կարգերի:

– Անցած շաբաթ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն էր, այդ առիթով ուզում եմ հարցնել՝ այսօրվա Հանրապետականը արդյոք անչափ շատ չի՞ հեռացել այն ակունքներից, որոնց վրա Նավասարդյանը ստեղծեց կուսակցությունը:
– Դուք շատ ճիշտ մարդու եք հարցը ուղղում, քանի որ ես Աշոտ Նավասարդյանի մանկության ընկերն եմ, դպրոցական ընկերն եմ, պայքարի ընկերն եմ, ընդհատակյա ընկերն եմ, անկախության բանակի ընկերն եմ, դրանից հետո հռչակվել է Հանրապետական կուսակցություն, էլի միասին ենք եղել, եւ ինձ ասել, թե Հանրապետական կուսակցությունը հեռացել է ակունքներից, ինձ համար վիրավորական է, որովհետեւ ես եւ Աշոտ Նավասարդյանը կրել ենք նույն գաղափարները, եւ այսօր էլ Հանրապետականը շարունակում է այդ գաղափարները կրել եւ իրականացնել: Դրանք պարզապես ընդդիմադիր որոշ կուսակցությունների շահարկումներ են, որոնք տեսնելով ավելի ուշ անդամակցած կուսակցականներին՝ ասում են՝ այ, սա մեծահարուստ է, շատ փող ունի, էն մյուսը դղյակներ ունի եւ այլն, արդյոք նրա՞նք են հեռացել: Հո նրանց հեռանալով-մոտենալով չի՞: Կա կուսակցության գաղափարախոսությունը, կանոնադրությունը, մենք պահպանողական գաղափարախոսության կրողն ենք եւ այդպիսին էլ շարունակում ենք մնալ:
– Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատությանը» բավականին երկար տեւեց եւ դեռ շարունակվում է, կարծում եմ՝ որեւէ այլ հայ տղամարդ այդքան երկար չէր դիմանա առանց ուտելու:
– Հացադուլ հայտարարելը նույնպես քաղաքական պայքարի ձեւ է, ինքս էլ Խորհրդային Միության ճամբարներում բազմաթիվ անգամներ հացադուլ եմ հայտարարել, իհարկե՝ ոչ անժամկետ, այլ որոշակի օրերի քանակով եւ կոնկրետ պահանջով՝ ընդդեմ խորհրդային կարգերի, հանուն ազատ ու անկախ Հայաստանի: Բայց անժամկետ հայտարարելը ինձ համար անհասկանալի է, հասկացանք, պայքարի ձեւ է, բայց ինչ-որ ժամկետ պիտի լինի: Դրված են որոշակի պահանջներ, ինձ համար հասկանալի է, բայց երբ հարց է դրված, թե մինչեւ նախագահը հրաժարական չտա կամ արտահերթ ընտրություններ չլինեն… Լավ, նախագահը հրաժարական չի տալու, ես ձեզ հաստատ ասում եմ, հիմա Րաֆֆին պիտի սոված մնա մինչեւ սովամա՞հ լինի: Բաներ կան, որ պիտի չափ ու սահման ունենան: Որոշ պահանջներ ես ընդունում եմ, մենք էլ բարեփոխումների ճանապարհին ենք, եւ այդ պահանջներից շատերն իրականացման փուլում են, բայց միանգամից, մի օրում ոչինչ չի լինում, չէ՞ որ մեր հասարակությունը քաղաքացիական հասարակության կառուցման պրոցեսի մեջ է եւ քայլ առ քայլ առաջ է գնում:
– Ուզում եք ասել՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսությո՞ւն է ընթանում:
– Բանակցությունների սեղանի շուրջ նստած երկխոսություն, իհարկե, տեղի չի ունենում, բայց այն, որ ընդդիմությունը պահանջներ է դնում, եւ իշխանությունները բարեփոխումների պրոցեսի մեջ են, ինքնըստինքյան ընդդիմությանն էլ է հասկանալի, որ քարացած ռեժիմ չի, այլ գնում են բարեփոխումների: Պարտադիր չէ, որ իրենց պահանջները լրիվ կատարվեն: Ամեն դեպքում, մենք նույնպես գնում ենք ընտրությունների, ի վերջո, հասարակության առաջ մենք ասելիք ունենք, լավ, մի օր խաբես, երկու օր խաբես, երրորդ օրը չես կարող խաբել, դրա համար մենք գնում ենք փոփոխությունների, եւ մինչեւ 2012-ը կոնկրետ արդյունքներ կերեւան եւ տնտեսության մեջ, եւ ազատությունների հարցում: Եթե ընդդիմությունը պահանջում է, որ հանրահավաքները, երթերը խանգարում են, հիմա այդպիսի բան չկա, խնդրեմ, Ազատության հրապարակը, որ ասում էին, փակել են, մտա՞ք, տեսա՞ք, միտինգ արեցի՞ք, պրծա՞ք, հանգստացա՞ք: Էլի եկեք, արեք, ո՞վ է ձեզ խանգարում: Մեր խնդիրն է, որ հասարակական անկարգություններ չլինեն, որ իրար չծեծեն, չկրակեն, սա է կարեւորը:
– Դուք շատ անկեղծորեն ասացիք, որ դուք էլ եք գնում ընտրությունների եւ չեք կարող անվերջ խաբել, փաստորեն այլեւս որոշել եք չխաբել: Ուրեմն, ինչո՞ւ ավելի շուտ չսկսեցիք դա:
– Ես էլ ասում եմ՝ չենք խաբում, այո, եթե «շուտ»-ը նկատի ունեք 2008-ից հետո, ապա հիշեք՝ մարտի մեկ, պրոցեսի թուլացումը, հետո ճգնաժամը եւ այլն, եւ այդ ամենից հետո մենք գնացինք բարեփոխումների՝ առանց ընդդիմության պահանջների: Մեր բարեփոխումների ծրագրերում այդ ամենը կա, մեզ պետք չէ սովորեցնել, մենք հո անգրագետ չե՞նք եկել իշխանության, այդ ամենը մենք ընդդիմությունից լավ գիտենք: Նայեք՝ բոլոր կուսակցությունների ծրագրերը, դրանք գրեթե չեն տարբերվում, բայց կարեւոր է, որ դրանք կատարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել