Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 26,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ չորրորդ

ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Չնայած Սերգեյն ու ես էդ կինոդիտման ընթացքում Ռուբոյից ավելի ուժեղ էինք հռհռում ու անկապ ռեպլիկներ բաց թողնում, խայտառակ լինողը հենց Ռուբոն էր լինելու, որովհետեւ Հարությունյան Ժորան Ռուբոյի հոր՝ Պարգեւի ընկերն էր ու էդ պրեմիերայի հրավիրատոմսերն անձամբ էր Ռուբոյին տվել, եւ, հիշում եմ, մի քանի օր էր՝ ինչ բանակից վերադարձել էի, եւ բարձր տրամադրությունս ինձ չէր լքում, որովհետեւ ամեն րոպե ու ամեն քայլափոխի հիշում էի, որ ծառայությունս ավարտվել է ու տուն եմ վերադարձել, ընդ որում՝ մեկընդմիշտ, եւ չնայած բանակում պարապությունից արդեն ահագին ոտանավորներ էի գրել, դեռեւս Արշակյանի հետ չէի ծանոթացել ու գրողական կարիերաս չէի սկսել, ու էդ էր պատճառը, որ Ռուբոյի հոր բժիշկ ու դրամատուրգ ընկերոջը՝ Ժորա Հարությունյանին անձամբ չէի ճանաչում, այլապես տեղս հանգիստ կնստեի ու մյուսների կինոդիտումն էլ չէի խանգարի, որովհետեւ էդ պահի դրությամբ Հարությունյան Ժորան ոչ միայն սովորական սցենարիստ ու դրամատուրգ էր, այլեւ՝ Գրողների միության Գրական ֆոնդի տնօրենը, իսկ մինչ այդ էլ Գրողների պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն էր եղել, եւ իր մասին էդ մանրամասները Ռուբոն էր մեզ ասել, եւ Ռուբոյին, ինձ ու շատերին թվում էր, որ եթե Ժորա Հարությունյանը Գրական ֆոնդի տնօրենը չլիներ, իր էդ անթիվ ու անհամար սցենարներն ու պիեսները չէին նկարահանվի ու չէին բեմադրվի, ու հավանաբար նաեւ էդ հանգամանքն էր պատճառը, որ էդ պրեմիերայի օրը ես, Սերգեյն ու Ռուբոն ոչ միայն չէինք կարողանում կենտրոնանալ էդ ֆիլմի վրա, այլեւ ներկաներին էլ էինք խանգարում կենտրոնանալ, եւ երբ Ռուբոն ասաց՝ «վեր կացեք գնանք՝ քանի խայտառակ չենք էղել», մենք անմիջապես հասկացանք, որ դա միակ ճիշտ ելքն է, եւ մթության միջով շարժվեցինք դեպի դուռը, որի վրա կարմիր լույսով գրված էր՝ ԵԼՔ, եւ հիմա՝ երեսունհինգ տարի անց, երբ վերջապես սկզբից մինչեւ վերջ տեսել եմ էդ ֆիլմը, մտածում ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ երեսունհինգ տարի առաջ մենք երեք ընկերներով չկարողացանք նայել էդ ֆիլմը եւ ուրիշներին էլ խանգարեցինք նայել, եւ հիմա որ հիշողությունս ավելի ու ավելի եմ լարում, սկսում եմ հիշել նաեւ, որ մենք էդ օրն էդ ֆիլմը կես ժամից մի քիչ ավել նայելով՝ համոզված էինք, որ էդ ֆիլմն ամբողջությամբ կեղծիքի վրա է հիմնված, եւ չնայած մինչեւ վերջ չդիմացանք ու չհամբերեցինք, համոզված էինք, որ ծայրեծայր ու մինչեւ վերջ կեղծիք է լինելու, եւ չնայած Հարությունյան Ժորան Ռուբոյի հոր մոտիկ ընկերն էր ու էդ հրավիրատոմսերն անձամբ էր Ռուբոյին տվել, առաջինը հենց Ռուբոն գլխի ընկավ, որ էդ շարունակվող կեղծիքին դժվար թե ժամուկես դիմանանք, եւ չնայած ընդամենը ժամուկես առաջ էդ ֆիլմը ծայրեծայր նայեցի ու որեւէ կեղծիք չհայտնաբերեցի, շատ լավ հիշում եմ, որ երեսունհինգ տարի առաջ մենք հենց կեղծիքին չդիմանալով՝ լքեցինք Կինոյի տան էդ ամենամեծ դահլիճը, որովհետեւ երեքս էլ չէինք հավատում, որ Հայաստանի ծայրամասից մի ամբողջ գյուղական գերդաստան էդպես համախմբված կարող է գնալ ու Ռուսաստանի ծայրամասի մի աղջկա ձեռքն էդպես թախանձագին խնդրել, եւ հատկապես ապագա սկեսուրի համաձայնությունն ու նպատակասլացությունն էին անհավատալի ու կասկածելի, եւ նմանապես փեսացուի գերդաստանի մյուս ներկայացուցիչների վճռականությունն ու նպատակասլացությունը հավատ չէին ներշնչում, եւ հատկապես ու առանձնապես ապագա զոքանչի անհամաձայնությունն ու դիմադրությունն էին անհավատալի, մանավանդ որ՝ պայմանական էդ փեսացուն իրականում Առնո Բաբաջանյանի բարետես ու ապահովված որդին էր, եւ, էդ ամենից էլ բացի, իմ տարեկիցներն ու ինձնից մեծերը շատ լավ են հիշում, որ էն թվերին Հայաստանի ծայրամասերում մարդիկ անհամեմատ լավ էին ապրում, քան՝ Ռուսաստանի ծայրամասերում, ու նաեւ հիշում ենք, որ Հայաստանում հայտնված ռուս ծայրամասցիները Հայաստանից ու Երեւանից ճամպրուկներով երշիկ, նրբերշիկ, տուշոնկա ու առաջին անհրաժեշտության այլ բաներ էին հետները տանում. մի խոսքով՝ մի ամբողջ լայնէկրան կեղծիք, ինչին երեք ընկերներով չկարողացանք գոնե մի ժամ դիմանալ, ու, հիշում եմ, էդ պահին մեր ջահելական մեծամտությունն էն աստիճանի էր, որ երեքս էլ մեր ներկայությունը շռայլություն համարեցինք էդ ֆիլմի համար, ու էդ ֆիլմի ընթացքում մեր բացակայությո՛ւնը ճիշտ ու արժանապատիվ համարեցինք, եւ հիմա, երբ Հարությունյան Ժորան, Ռուբոն ու Ռուբոյի հայրը բացակայում են երկրային էս թոհուբոհերից, ես Ծաղկաձորի իմ էս սենյակում սկզբից մինչեւ վերջ նայեցի ու տեսա էդ ֆիլմի թվայնացված ու նորացված տարբերակն ու էդ ֆիլմի մեջ որեւէ կեղծիք չհայտնաբերեցի, բայց ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո, երբ ֆիլմի ստեղծագործական խմբի ծերացած անդամներն իրար հետեւից սկսեցին ելույթ ունենալ եւ էդ ֆիլմի հետ կապված իրենց հիշողությունները պատմել, ես վերջնականապես հասկացա, որ ծերությունն առաջին հերթին մարդու հիշողության վրա է ազդում ու անդրադառնում, որովհետեւ էդ ֆիլմի ստեղծագործական խմբի ծերացած անդամները՝ ռեժիսորն էլ ներառյալ, ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո ելույթ ունենալով ու ֆիլմի հետ կապված իրենց հիշողությունները պատմելով՝ ամեն ինչ ու բոլորին հիշեցին՝ Ժորա Հարությունյանից բացի, եւ ռեժիսորն ու մյուսները նաեւ հիշեցին՝ ինչպես էին իրենց ստեղծագործական խմբով հավաքվում Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանն ու մանրամասն քննարկում ֆիլմի սյուժեն ու դիալոգները, ու էդպես ամեն ինչ ու բոլորին հիշեցին՝ Հարությունյան Ժորայից բացի, մինչդեռ ձեր խոնարհ ծառան, ի տարբերություն շարքային հեռուստադիտողի, շատ լավ գիտի, որ էդ թվերին Հարությունյան Ժորան մեր Գրողների միության Գրական ֆոնդի տնօրենն էր եւ իր տնօրինության տակ էր նաեւ Ծաղկաձորի էս ստեղծագործական տունը. այսինքն, ինձ համար պարզից էլ պարզ է, որ էդ ֆիլմի ստեղծագործական կազմի էդ ծաղկաձորյան հավաքները տեղի են ունեցել անձամբ Ժորա Հարությունյանի նախաձեռնությամբ ու շնորհիվ, որովհետեւ էդ տարիներին անձամբ Ժորա Հարությունյանն էր որոշում՝ ով որտեղ հանգստանա ու ստեղծագործի, բայց յոթանասունհինգի դեկտեմբերին, երբ Ֆիլյան Ռուբոյի ու Վարդանյան Սերգեյի հետ լքեցինք Կինոյի տան էդ ամենամեծ դահլիճը, դեռեւս Գրողների միության հետ որեւէ առնչություն չունեի եւ Ժորա Հարությունյանի ով լինելու մասին էլ որեւէ տեղեկություն չունեի եւ իր մասին ընդամենն էն գիտեի, որ Ռուբոյի հոր՝ Պարգեւ ձյաձյայի շատ մոտիկ ընկերն է, ու նաեւ էն գիտեի, որ էդ պահին Ռուբոյի հայրն ու մայրը Ֆրանսիայում՝ Փարիզում էին, ու էդ էր պատճառը, որ պրեմիերայի էդ հրավիրատոմսերը մեզ էին բաժին հասել, ու էդ պահի դրությամբ դեռեւս չգիտեի, որ հետագայում անձամբ Ժորա Հարությունյանի բարեհաճության շնորհիվ պիտի նույն Ծաղկաձորում, ինչպես նաեւ Պիցունդայում, Յուրմալայում ու Խորհրդային Միության այլ վայրերում ապրեմ ու ստեղծագործեմ, բայց՝ նախքան Ժորա Հարությունյանի՝ ինձ ու շատերին արած լավություններին անդրադառնալը, մի քիչ էլ պիտի խորանամ իր էդ «Հարսնացու հյուսիսից» կոչվող ֆիլմի էության մեջ, եւ առաջ ընկնելով պիտի ասեմ, որ յոթանասունհինգի դեկտեմբերին չտեսածս ու մի քանի ժամ առաջ տեսածս էս ֆիլմը եւս վկայում է, որ կյանքի հետ ավելի կապված են մեր էն գրողները, որոնք Համալսարանի կամ Մանկավարժականի բանասիրականը չեն ավարտել, եւ չնայած մեր ժամանակներում էդպիսիք շատ չեն, նախկինում բավական շատ են եղել՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Թումանյանի ու մանավանդ Սայաթ-Նովայի պատանեկության տարիներին մեր էդ երկու ֆակուլտետները գոյություն չեն ունեցել, ու բանասիրական չավարտած մեր էդ գրողներն արհեստական ու ճռճռան բառեր համարյա չեն օգտագործել, եւ Հարությունյան Ժորայի էս ֆիլմում էլ էդպիսի արհեստածին ու ճռճռան բառեր գրեթե չկան, այլ հիմնականում էնպիսի բառեր ու արտահայտություններ են՝ ինչպիսիք մեր ժողովուրդն է առավոտից իրիկուն իր առօրյայում օգտագործում, բայց Հարությունյան Ժորան Երեւանի Բժշկականն ավարտելով եւ ճակատագրի բերումով Գրողների միության ու Գրողների միության անդամների հետ առնչվելով՝ բանասիրական ու բացասական հատկանիշներ, այնուամենայնիվ, ձեռք էր բերել, ու էդ բացասական ձեռքբերումները հենց էս ֆիլմում էլ են նկատելի ու տեսանելի, եւ էս ֆիլմի ամենասկզբում՝ հենց տիտրերում են նկատելի ու տեսանելի, եւ էդ ֆիլմն էսօր առաջին անգամ սկզբից մինչեւ վերջ նայելով՝ հենց ամենասկզբում նկատեցի ու տեսա, որ էդ ֆիլմը ոչ թե «Հարսնացուն հյուսիսից» է կոչվում, այլ «Հարսնացու հյուսիսից»՝ առանց ն-ի, եւ հիմա էդ տեսածիս ու նկատածիս շուրջ մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ էդ ֆիլմի վերնագրի էդ բնական ու ենթադրվող ն-ի բացակայությունն էն ավելորդությունն է, որ իր գրողական ու բանասիրական շրջապատից ստացել էր Բժշկականն ավարտած եւ հետագայում լիարժեք գրող ու դրամատուրգ դառած Ժորա Հարությունյանը, եւ հիմա կյանքումս առաջին անգամ սկսում եմ մտածել նաեւ, որ միանգամայն նորմալ մարդը բանասիրականներին առնչվելով՝ ժամանակի ընթացքում ոչ միայն սկսում է անբնական եւ ավելորդ բառեր ու տառեր օգտագործել, այլեւ իր իմացած բնական եւ անհրաժեշտ բառերից ու տառերից էլ է հաճախ հրաժարվում, եւ էդ ֆիլմի վերնագրից միանգամայն անտեղի դուրս թռած էդ ն-ն էս ասածիս վկայություններից ընդամենը մեկն է, եւ, ցավոք սրտի, էդ ֆիլմի տիտրերում եւս մի տող կար, որն, ըստ ամենայնի, նույնպես Հարությունյան Ժորայի ու բանասիրականների առնչության բացասական հետեւանքներից է, ու էդ բացասականը Ժորա Հարությունյանի անունն է, որն անմիջապես հաջորդում է էդ ֆիլմի խոշորատառ ու հույժ բանասիրական վերնագրին, որից անմիջապես հետո էկրանին գրվեց՝ «սցենարի հեղինակ Գեւորգ Հարությունյան», եւ ես անակնկալի գալով՝ մի քանի ակնթարթ անց միայն կռահեցի ու հասկացա, որ Գեւորգ Հարությունյանը Ժորա Հարությունյանի գրական ու հայեցի տարբերակն է, եւ չնայած գրողներս կյանքում Ժորա Հարությունյանին Գեորգի Սաղաթելովիչ էինք ասում, համաձայնվեք, որ Գեորգին էլ է Գեւորգից բավական տարբեր, եւ շարունակելով էս մասին մտածել՝ հիմա նաեւ ենթադրում եմ, որ Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանն էդ ֆիլմի տիտրում Գեւորգ Հարությունյան էր դառել գրողների ու բանասերների հորդորով, բայց, փաստորեն, Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանին էդպես էլ չհաջողվեց Գեւորգ դառնալ՝ ինչպես որ Ֆրունզիկ Մկրտչյանին ոչ մի կերպ չհաջողվեց Մհեր դառնալ, ընդ որում՝ միեւնույն պատճառով, այն է՝ երկուսն էլ իրենց էդ երկրորդ անվանակոչության պահին անվանի մարդիկ էին եւ արդեն ի վիճակի չէին նոր անուն վաստակել, եւ ինչքան էլ իրենց առաջին անուններից դժգոհ լինեին, ստիպված էին մինչեւ կյանքի վերջ եւ նույնիսկ կյանքից հետո էլ իրենց էդ չսիրած անուններն իբրեւ ճակատագիր կրել, եւ նույն կերպ իմ ընկեր Վարդանյան Սերգեյն է իր Սերգեյ անունը չսիրելով՝ առ էսօր կրում այն, որովհետեւ երբ Սերգեյն սկսեց իր անունը չսիրել, արդեն հայտնի պատմաբան ու ազգագրագետ էր, եւ, բացի այդ, Սերգեյը չի ընդունում էն մարդկանց, որոնք իրենց առաջին անունը փոխելով՝ փորձում են նոր անունով ներկայանալ հասարակությանն ու շրջապատին, եւ Սերգեյը հատկապես ու առանձնապես դեմ է իր էն անվանակիցներին, որոնք իրենց ծննդականի Սերգեյ անունը փոխելով՝ Սարգիս են դառել, որովհետեւ Սերգեյները Սարգիս են դառնում միայն ու միայն իրենց չափազանց ուշ ճանաչողների համար, իսկ իրենց էն գլխից ճանաչողների համար Սերգեյ եւ նույնիսկ Սերոժ են մնում, եւ երբ Խորեն Աբրահամյանը Սարգիս Մուրադյանին Սերոժ էր ասում, ականջիս չափազանց խորթ էր հնչում, եւ երբ Մանկավարժականի մեր բանասիրականցի բանաստեղծ Կարեյանին Սարգիս են ասում, վերստին ականջիս խորթ է, որովհետեւ մեր ուսանողական տարիներին ինքը ոչ թե Սարգիս էր, այլ՝ Սերգեյ, ընդ որում՝ ոչ թե Կարեյան Սերգեյ էր, այլ՝ Կարապետյան, եւ քանի որ իմ սերնդակից բանաստեղծ եւ իմ ուսանողական ընկեր Կարապետյան Սերգեյը ոչ միայն անունն է փոխել, այլեւ՝ ազգանունը, էդ կապակցությամբ պիտի նշեմ նաեւ, որ իմ սերնդակից բանաստեղծ Կարապետյան Սերգեյն իր ազգանունը փոխած միակ մարդն ու գրողը չի, եւ իմ սերնդակիցներից ամենից շատ Հակոբյաններն են իրենց ազգանունը փոխել, ընդ որում՝ էն Հակոբյանները, որոնց անունը ծնողները Հակոբ են դրել՝ ի նշան հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիր բանաստեղծ Հակոբ Հակոբյանի, եւ չնայած էս ասածս ընդամենը ենթադրությունս է, այդուհանդերձ, ամենեւին էլ անհիմն չի, որովհետեւ մեր մանկության տարիներին Հակոբ Հակոբյան պրոլետբանաստեղծն ամենից երեւելի տեղն էր զբաղեցնում հայ գրականության ու հատկապես հայ գրականության դասագրքերի մեջ, բայց, բարեբախտաբար, ժամանակները փոխվում են, եւ ժամանակների փոխվելու պատճառով ոչ միայն պոեզիան ու պոեզիայի հիմնադիրներն են փոխվում, այլեւ՝ մարդկանց ճաշակը, բայց էս ասածս էլ է երեւի վիճելի ու սակարկության առարկա, որովհետեւ իմ ճանաչած Հակոբ Հակոբյաններից ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը ոչ անունը փոխեց եւ ոչ էլ՝ ազգանունը, ու առ էսօր Հակոբ Հակոբյան իր անունն ու իր ազգանունն է պատվով կրում, եւ քանի որ ժամանակները գլխիվայր են փոխվել, ու հիմա արդեն պրոլետպոեզիայի հիմնադրին հիշող ու գնահատող չկա, հիմա արդեն Հակոբ Հակոբյան ասելով՝ հիմնականում ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանին են նկատի ունենում, որոշ դեպքերում ու որոշ խավերում էլ՝ ապարանցի ու ոչ ապարանցի մեր Հակոբ Հակոբյան կոչվող մի քանի պատգամավորներին, եւ Հակոբ Հակոբյաններին վերաբերող էս թեման էսպես բարեհաջող փակելով՝ ուզում եմ նշել ու շեշտել, որ Հակոբ Հակոբյան անունն ու ազգանունը կրող մարդիկ իրարից էնքան տարբեր են, ինչքան մյուսներս՝ իրարից. այսինքն, կարեւորը ոչ թե անունն ու ազգանունն են, այլ՝ մարդը, բայց, որքան էլ տարօրինակ է, շատ հաճախ մարդիկ ոչ թե իրենք իրենցից են դժգոհում, այլ՝ իրենց անուններից ու ազգանուններից, եւ փոխանակ իրենք փոխվեն, անուններն ու ազգանուններն են փոխում, ու էս ասածս հատկապես պոետներին ու մանավանդ անցյալ դարի պոետներին է վերաբերում, որովհետեւ պոետներն ու մանավանդ անցյալ դարի պոետները հենց այնպես՝ առանց որեւէ լուրջ պատճառի էին իրենց անուններն ու մանավանդ ազգանունները փոխում եւ գրական ինչ-ինչ կեղծանուններ ստանձնում, եւ չնայած քառորդ դարից ավելի ինքս էլ եմ բանաստեղծ եղել, եւ չնայած ինքս էլ ազգանունիցս առանձնապես գոհ չեմ եղել, այդուհանդերձ, երբեւէ մտքովս չի անցել ազգանունս փոխել ու բանաստեղծական որեւէ կեղծանուն վրաս առնել, որովհետեւ հատկապես իմ սերնդակից բանաստեղծների ստանձնած կեղծանուններն ավելի անհաջող են, քան նույնիսկ՝ իմ էս Շեկոյան ազգանունը, մանավանդ որ՝ չսիրածս էս ազգանունն ինձ ավելի է համապատասխանում, քան՝ ցանկացած կեղծանուն, որովհետեւ ես ու ազգանունս մեր շեկությամբ հավասարապես ենք աչքի ընկնում, եւ, հիշում եմ, բանասիրականի առաջին կիսամյակի գրականության քննության ժամանակ պրոֆեսոր Պարույր Սահակյանը քննաթերթիկում ազգանունս կարդալով՝ ուշադիր նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «ձեւի ու բովանդակության միասնություն», եւ հետագայում, երբ արդեն բանաստեղծ էի եւ հրատարակչության տնօրեն Գեւորգ Հայրյանի կաբինետում բանաստեղծություններիս առաջին գրքույկը Շիրազին էի նվիրում, Հայրյանը Շիրազին ասաց՝ «այ Շիրազ, պոետների մեծ մասի գրական կեղծանունները դու ես դրել. ինչի՞ Արմենի համար մի հատ հարմար գրական կեղծանուն չես հորինում», եւ Շիրազն ուշադիր նայեց ինձ, մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Արմոյի ազգանունը տեղոց տեղ գրական կեղծանուն է», եւ հիմա Շիրազի էդ ասածը հիշելով՝ հիշեցի նաեւ, որ Շիրազը բանաստեղծներին ու գրողներին ոչ միայն գրական կեղծանուններ էր շնորհում՝ Քարագիր, Հայկազուն եւ այլն, այլեւ բանաստեղծներին ու գրողներին եւ հատկապես իր սերնդակից բանաստեղծներին ու գրողներին երբեմն զվարճալի ու երբեմն էլ չափազանց թունավոր ու չարամիտ մականուններ էր կպցնում…
Եթե նկատել եք, ես մեր կետադրական նշաններից ոչ միայն վերջակետն եմ հազվադեպ օգտագործում, այլեւ՝ բազմակետը, բայց էս պարբերությունից առաջ միանգամայն անսպասելի բազմակետեր դրեցի, ու էս բազմակետերս ինչքան անսպասելի, նույնքան էլ անհրաժեշտ եւ նույնիսկ պարտադիր էին, որովհետեւ, նախքան էդ բազմակետերը դնելս, էդ բազմակետերի փոխարեն հիշելով գրել էի բոլոր էն ածականները, որ Շիրազը ժամանակին կպցրել էր իր ժամանակակիցներին, եւ քիչ առաջ «Առավոտի» համար էս վերջին հատվածս սրբագրելով՝ հանկարծ զգացի ու հասկացա, որ Շիրազի դրած էդ մականուններն ու ածականներն էդպես մեկ առ մեկ հիշելով ու թվարկելով՝ վատ բան եմ անում, ավելին՝ շատ վատ բան եմ անում, ես կասեի՝ կեղտոտ բան, մանավանդ որ՝ Շիրազի ածականներին արժանացած գրողների մեծ մասը ոչ միայն մեր ժողովրդի համար են սիրելի, այլեւ՝ անձամբ ինձ համար, ընդ որում՝ ինձ համար ավելի սիրելի են, որովհետեւ Շիրազից էդ մականուններն ու ածականներն ստացածների մեծ մասին ոչ միայն իբրեւ գրող ու բանաստեղծ եմ բարձր գնահատում, այլեւ՝ իբրեւ մարդ, եւ նրանց մասին բացառապես լավ բաներ եմ հիշում՝ մանավանդ ինձ հետ կապված, եւ հասկանալով, որ էդ նվիրյալների Շիրազական մականունները հիշելն ու թվարկելը չափազանց վատ բան է, սրբագրելիս էդ թվարկածս բոլոր մականունները ջնջեցի ու տեղը բազմակետ դրեցի, եւ հիմա նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եւ ինչու Ժորա Հարությունյանի էդ արհեստական Գեւորգ անունից եւ մեր մյուս գրողների գրական կեղծանուններից սկսելով՝ հանկարծակի հասա Շիրազի էդ չափազանց կոպիտ մականուններին, եւ էդ արածս ոչ թե պարզապես անշնորհքություն էր, այլ՝ ամենաիսկական կեղտոտություն, որովհետեւ էդ գրողներից ու բանաստեղծներից շատերը, որոնց Շիրազն աջուձախ մականուններ էր կպցնում, հիմա մեր գլխավոր պանթեոնում են, իսկ նրանք՝ ովքեր գլխավոր պանթեոնում չեն, առաջին հերթի՛ն պիտի մեր գլխավոր պանթեոնում գտնվեին, ու էս ասածս առաջին հերթին Պարույր Սեւակին է վերաբերում. այսինքն, մեր գլխավոր պանթեոնում Սեւակի չգտնվելը ոչ թե Սեւակի թերությունն է, այլ՝ մերը, որովհետեւ Սեւակի մահվան օրը մեր շարքերում գտնվեցին եռանդուն վկաներ, որոնք անմիջապես սկսեցին վկայել թե՝ Սեւակը փափագում էր թաղվել ոչ թե մեր գլխավոր պանթեոնում, այլ՝ իր հայրենի Չանախչիում, ավելի ստույգ՝ Չանախչիի իրենց բակում, եւ էդպիսով ու բոլորիս լուռ համաձայնությամբ, փաստորեն, բացառվեց պանթեոնի թեման, եւ էն ժամանակ ու էսօր էլ որեւէ մեկիս մտքով չի անցել ու չի անցնում, որ Սեւակը չէր կարող նման տարօրինակ բան փափագել, եւ չնայած շատերն են վկայում թե՝ Սեւակն իր մահը կանխազգացել է, այդուհանդերձ, մեջներիս ամենահիմարն անգամ ի վիճակի է ըմբռնել ու հասկանալ, որ բոլորիցս ջահել ու բոլորիցս կենսասեր Պարույր Ղազարյանը, որ դեպքերի ու ժամանակների բերումով Սեւակ գրական կեղծանունն էր ստանձնել ու հանձն առել, պարզապես անկարող էր իր մահը փափագել, իսկ որ նույն Պարույր Սեւակի մահը փափագողներ մեր շարքերում եղել են, դրանում երկու կարծիք լինել չի կարող, որովհետեւ, եթե մեզանում Չարենցի մահը փափագողներ եղել են, հնարավոր չի, որ Սեւակի դեպքում չլինեին, եւ չնայած ձեր խոնարհ ծառան Չարենցի ու Սեւակի տաղանդը չունի, եւ չնայած անձնական թշնամիներ էլ առանձնապես չունեմ, համոզված եմ, որ իմ մահը փափագողներ էլ կլինեն, եւ չնայած էս պահին կոնկրետ անուններ հիշել ու նշել չեմ կարող, համոզված եմ, որ կան ու կլինեն, մանավանդ որ՝ լինելու պատճառները լիքն են, ու էդ պատճառներից հիմնականն ու հարգելին էն է, որ միմիայն իմ մահով կարող է վերջակետ դրվել անծայրածիր ու որեւէ լավ բան չխոստացող էս վեպիս, մինչդեռ Չարենցի ու Սեւակի դեպքերում առանձնապես հարգելի պատճառներ չունեին, եւ չնայած քիչ առաջ մտածում էի թե՝ ասելիքիցս շատ եմ շեղվում, հիմա արդեն հակառակն եմ մտածում. մտածում եմ, որ Չարենցն ու Սեւակն ասելիքիս հետ լավ էլ կապ ունեն՝ էն առումով, որ երկուսն էլ գրական կեղծանվան տեր են ու երկուսն էլ ճիշտ ժամանակին են հրաժարվել իրենց բուն ազգանուններից, եւ եթե Եղիշե Սողոմոնյան ու Պարույր Ղազարյան լսելիս միայն մասնագետներս ենք կռահում՝ ում մասին է խոսքը, ապա Եղիշե Չարենց ու Պարույր Սեւակ գրական անունները բոլորին են ամեն ինչ ասում, եւ էս առիթով նաեւ Մինաս Ավետիսյանին եմ ուզում հիշել ու նշել՝ ոչ միայն էն պատճառով, որ Չարենցի ու Սեւակի պես ինքն էլ է միանգամայն անհարգելի պատճառով բացակայում մեր գլխավոր պանթեոնից, ոչ միայն էն պատճառով, որ իր մահը փափագողներ էլ մեր շարքերում գտնվեցին, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Մինասն էլ իր անունը ճիշտ ժամանակին փոխեց՝ իր Մյասնիկ անունը Մինաս դարձնելով, եւ ասելիքիս վերադառնալով՝ վերստին ուզում եմ վերադառնալ Հակոբ Հակոբյան անվանն ու ազգանվանը, որովհետեւ էդ անունն ու ազգանունն ինձ համար էլ ճակատագրի նշանակություն ունեն՝ էն չափով, որ ես ծնվել ու հասակ եմ առել Մետաքսի Հակոբ Հակոբյան հատվածում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել