Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ռուսաստան. կանխատեսում են քաղաքական, մշակութային գործիչներն ու լրագրողները

Մարտ 26,2011 00:00

\"\"Սամվել Բալասանյան, ԱԺ փոխխոսնակ-
Վստահ եմ, որ մեր ազգային հավաքականն այսօր շատ ուժեղ է եւ ի վիճակի է հաղթել մրցակցին: Կհամարձակվեմ կանխատեսել խաղի հաշիվը՝ 1:0 հօգուտ Հայաստանի հավաքականի:
Կարապետ Ռուբինյան, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Առցանց ազատականների ալյանսի» համակարգող- Ես անցած դարի 70-ականների մոլի ֆուտբոլասեր լինելով՝ հիմա, ցավոք, շատ հեռու \"\"եմ ֆուտբոլից: Ինչ խոսք, խաղին հետեւելու եմ եւ ամբողջ սրտով ցավելու եմ մերոնց համար: Հաղթանակի դեպքում էլ ցնծալու եմ: Բայց վերլուծել թիմերի կարողությունները կամ տակտիկական բնույթի խորհուրդներ տալ չեմ կարող: Պարզապես, տղաներից սպասում եմ ինքնամոռաց խաղ՝ հանուն Հայրենիքի:
\"\"Էդվարդ Անտինյան, ՀՌԱԿ ատենապետ- Գուցե ասածս ոչ հայրենասիրական հնչի, քանի որ ես Երրորդ Հանրապետության օրոք մեր թիմերի մասնակցությամբ ոչ մի ֆուտբոլային խաղ չեմ նայել. ոչ թիմային, ոչ հավաքականի: Անգամ ֆուտբոլային դիվանագիտության օբյեկտ հանդիսացող Հայաստան-Թուրքիա խաղը չեմ դիտել: Ես ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց նայում եմ միայն բարձրակարգ ֆուտբոլ: Այնպես որ, իմ կանխատեսումն ավելի շուտ գուշակություն կարող է լինել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուսաստանը հաղթելու է 3:1 կամ 2:1 հաշվով, բայց ավելի հավանական եմ համարում առաջինը:
Աշոտ Ադամյան, դերասան- Ուզում եմ, որ մեր հավաքականը հաղթի: Սակայն, անգամ հաշվի առնելով, որ վերջին խաղերում դրական տեղաշարժեր կան, չեմ կարող չնշել փորձի պակասի գործոնը: Եթե առողջ ոչ-ոքի գրանցվի, կհամարեմ հետագա նվաճումների գրավական: Բայց մեզ, իհարկե, հաղթանակ է պետք:
\"\"Հակոբ Բադալյան, lragir.am- Ռուսաստանի հավաքականը կարգով ավելի բարձր է մեր հավաքականից, ու նաեւ այս կարգի կարեւոր, «աղմկոտ» հանդիպումների առումով հոգեբանական փորձառությամբ ավելի լավ վիճակում է: Ռուսները ունեն շատ լեգեոներներ, որ Եվրոպայի ազգային առաջնությունների բարձրակարգ թիմերում են խաղում, հետեւաբար, մարզավիճակի առումով էլ իրենք կարող են առավելություն ունենալ: Բայց նաեւ կարծում եմ, որ այդ առավելությունը հնարավոր է չեզոքացնել գոնե 90 րոպեի ընթացքում, ինչի ապացույցն է այս ընտրական մրցաշարում ու Իրանի հետ ընկերական հանդիպումում ռուսների ցուցադրած խաղը: Մենք էլ ունենք մեր դաշտի առավելությունը՝ մեր երկրպագուների ու նաեւ մեր ֆուտբոլիստների հոգեբանական ուժեղ լիցքերի առավելությունը: Իսկ խաղի ընթացքում, կարծում եմ, մեր թիմի համար շատ կարեւոր կլինի խաղին հնարավորինս արագ տեմպ հաղորդելն ու այդ տեմպը երկար պահելը: Դանդաղ խաղում ռուսների հաղթելու շանսը ավելի բարձր եմ գնահատում, որովհետեւ մեր թիմը գնդակ «միջնաժամկետ» կամ «երկարաժամկետ» խաղարկելու խնդիր ունի: Ելքի մասին չեմ ուզում որեւէ կոնկրետ բան ասել: Կարծում եմ՝ թե Հայաստանի, թե Ռուսաստանի հաղթանակի եւ թե ոչ-ոքիի հավանականությունը գրեթե հավասար են: Ես ինքս շատ եմ ուզում, որ Հայաստանը հաղթի եւ այդ հնարավոր ու ցանկալի հաղթանակին տալիս եմ ոչ միայն մարզական, այլ նաեւ հասարակական շատ մեծ նշանակություն:
Պետրոս Ղազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն- Վերջին օրերին ես հետեւում եմ ռուսական ԶԼՄ-ների արձագանքին ու պիտի ասեմ, որ երբեք ռուսներն այսքան չեն վախեցել մեր հավաքականից: Մերոնց գլխավոր խնդիրը հոգեբանությունն է լինելու, ինչն այս պահին, կարծում եմ, լիովին հաղթահարելի է: Մենք երբեւէ հաղթանակին այսքան մոտ չենք եղել ու ռուսներն էլ են դա զգում: Ուստի, պետք է 100 տոկոսով օգտագործել նրանց վախը: 2:1՝ հօգուտ մեզ կարող է լինի, իսկ եթե ոչ՝ գոնե արժանապատիվ խաղ:
Գեւորգ Ալթունյան, Հանրային հեռուստաընկերություն- Ես կարծում եմ՝ կգրանցվի 2:1 հաշիվը՝ հօգուտ մեզ, ընդ որում՝ երկրորդ գոլը մենք կխփենք հանդիպման ամենավերջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել