Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. ԽԱՂԻՆ ՄՆԱՑԻՆ ՀԱՇՎԱԾ ԺԱՄԵՐ

Մարտ 26,2011 00:00

\"\"  \"\"

Այսօր երեկոյան կայանալիք Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը մնացել են հաշված ժամեր: Երկու թիմերի մարզիչներն էլ նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ՝ խաղից առաջ իրենց դիտարկումներով կիսվելով:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ թե ֆունկցիոնալ, թե հոգեբանական առումով թիմը պատրաստ է խաղին: Նպատակն էլ, ինչպես միշտ, առաջին հերթին լավ ֆուտբոլ խաղալն է, իսկ գլխավոր պարգեւը՝ 3 միավորը: Միեւնույն ժամանակ մարզիչը նկատեց, որ թե Հայաստանի, թե Ռուսաստանի ֆուտբոլիստները ֆունկցիոնալ վիճակի առումով հավասար են: Մերոնք, ինչպես հայտնի է, պատրաստվում են հանդիպմանը ոչ թե 22, այլ 21 հոգանոց կազմով. վերջին պահին վնասվածքի պատճառով թիմից դուրս է մնացել Արարատ Առաքելյանը: Նրա բացը, Մինասյանի խոսքերով, կարող են լրացնել Արթուր Յուսպաշյանն ու Վալերի Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է մեկնարկային կազմին, ապա, ըստ մարզչի, իր համար արդեն պարզ են հիմնական կազմի տասը ֆուտբոլիստներ, թեեւ անգամ 18-ի ընտրություն դեռ չի կատարվել. «Միայն մեկ դիրքի հարցում չենք կողմնորոշվել: Այդ հարցը դեռ կքննարկենք մեր մարզչական շտաբում, բայց տասը հոգու հարցում արդեն կողմնորոշվել ենք»,- ասաց Մինասյանը:
Իսկ ահա մեր մրցակիցների մեկնարկային կազմը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, որոշվել էր մինչ Երեւան ժամանելը: Ըստ այդ տեղեկությունների, Դիկ Ադվոկատը դաշտ է դուրս բերելու հետեւյալ ֆուտբոլիստներին. դարպասապահ՝ Ակինֆեեւ, պաշտպաններ՝ Շիշկին, Իգնաշեւիչ, Վ. Բերեզուցկի, Ժիրկով, կիսապաշտպաններ՝ Դենիսով,  Զիրյանով, Շիրոկով, հարձակվողներ՝ Ձագոեւ, Արշավին, Կերժակով: Սակայն երեկ Ադվոկատը որեւէ կերպ չմեկնաբանեց այս տեղեկությունը՝ նշելով միայն, որ այն ֆուտբոլիստները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, պիտի 100 տոկոսով նվիրվեն: Մարզիչը նկատեց նաեւ, որ Հայաստանը  շատ վստահ հավաքական է, մարտական ոգի ունի ու խորամանկ ֆուտբոլ է խաղում: «Այս ընտրական փուլում Հայաստանը մեկ խաղ է անցկացրել արտասահմանում, մնացածներում հանդես է եկել սեփական հարկի տակ: Կասկածից վեր է՝ սեփական հարկի տակ նրանք նույն ոճով կխաղան: Կարծում եմ, որ բաց խաղ կլինի, քանի որ երկու թիմերն էլ հարձակողական ֆուտբոլ են սիրում»,- եզրափակեց Ադվոկատը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել