Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ «AMBER»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՂԹՈՂ

Մարտ 26,2011 00:00

Հայաստանի լավագույն շախմատիստ, աշխարհի երրորդ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոնտե Կարլոյում նվաճեց «կույր» եւ «արագ» շախմատի «Amber Chess Tournament» գերմրցաշարի հաղթողի կոչումը: Սա Արոնյանի երրորդ տիտղոսն է «Amber»-ում: Նա հավասարը չէր ունեցել 2008/2009 թվականներին: Հենց մեկնարկային տուրից առաջատարի դերն ստանձնած հայ գրոսմայստերն այն պահպանեց մինչեւ վերջ՝ պայքարի ավարտին իրենից ետ թողնելով ՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային դասակարգման 11 առաջին տեղերն զբաղեցնող գրոսմայստերներին:
Եզրափակիչ՝ 11-րդ տուրում, մոտակա մրցակից Կարլսենին մեկ միավորով գերազանցող Լեւոնից ընդամենը պահանջվում էր չպարտվել Սերգեյ Կարյակինին: Իսկ երբ նորվեգացին «կույր» շախմատում զիջեց Բորիս Գելֆանդին, ոչ-ոքին Արոնյանին դարձնում էր այլեւս անհասանելի, ինչն էլ նա արեց ու անկախ «արագ» շախմատի արդյունքից՝ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ դարձավ հաղթող: Իսկ երեկոյան ռուսաստանցու հետ երկրորդ հանդիպումում ուժերն ավելորդ լարելու անհրաժեշտություն արդեն չկար, եւ կողմերը կրկին բաժանվեցին խաղաղասիրաբար:
Արոնյանը հաղթեց նաեւ «կույր» շախմատում՝ 1,5 միավորով գերազանցելով աշխարհի գործող չեմպիոն Անանդին, իսկ «արագ» շախմատում զիջեց միայն Կարլսենին: Այսպիսով, Լեւոն Արոնյանը շախմատի պատմության մեջ մտավ նաեւ որպես «Amber»-ի վերջին հաղթող, քանի որ մրցաշարը դադարեցնում է գոյությունը:
Գումարային ամփոփիչ մրցաշարային աղյուսակ
1. Լեւոն Արոնյան, ՀՀ՝ 15,5 միավոր
2. Մագնուս Կարլսեն, Նորվեգիա՝ 14,5
3. Վիշի Անանդ, Հնդկաստան՝ 13,0
4. Վասիլի Իվանչուկ, Ուկրաինա՝ 11,0
5. Ալեքսանդր Գրիշչուկ, ՌԴ՝ 11,0
6. Վուղար Հաշիմով, Ադրբեջան՝ 10,5
7. Հիկարու Նակամուրա, ԱՄՆ՝ 10,5
8. Բորիս Գելֆանդ, Իսրայել՝ 10,5
9. Վեսելին Տոպալով, Բուլղարիա՝ 10,5
10. Սերգեյ Կարյակին, Ռուսաստան՝ 10,0
11. Վլադիմիր Կրամնիկ, Ռուսաստան՝ 8,0
12. Անիշ Գիրի, Հոլանդիա՝ 7,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել