Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈԻ ԻՐԱՎՈԻՆՔ

Մարտ 26,2011 00:00

Մարդը՝ քաղաքացին, օժտված է անօտարելի իրավունքներով, որոնք ծագում են նրա ծննդյան պահից եւ ավարտվում մահվամբ: Սակայն շատերը, կամա թե ակամա, կարծես մոռացվելով օրենսդիրի կողմից, փաստորեն զրկվում են իրենց գնահատված լինելու բնական իրավունքից, ինչը շատ կարեւոր է թե մեր պետության հզորացման ու բարգավաճման գործում մեծ ներդրում ունեցած քաղաքացիներին ըստ արժանվույն գնահատելու եւ նրանց բացառիկ վաստակի համար վարձահատույց լինելու, թե նոր սերունդներին նրանց օրինակով սխրագործությունների կոչելու գործում:

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրական նախաձեռնությամբ օժտված են ԱԺ պատգամավորները եւ ՀՀ կառավարությունը:

«ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած քաղաքացիներին տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 16.12.04 թ. N 1841-Ն որոշմամբ սահմանվում է ժողովրդական պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման եւ վճարման կարգն ու չափը:

«ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, գրականության, լրագրության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, տնտեսության բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության հետեւյալ պատվավոր կոչումները (այսուհետ՝ պատվավոր կոչումներ).

ա) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ,
բ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,
գ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
դ) Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ,
ե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ,
զ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ,
է) Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ,
ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,
թ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ,
ժ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող,
ժա) Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,
ժբ) Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող,
ժգ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան,
ժդ) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ,
ժե) Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ:

Սույն հոդվածի համաձայն՝ վաստակավոր արտիստները, նկարիչները եւ այլն, ընդգրկված են ժողովրդական արտիստների, նկարիչների հետ եւ այլն՝ ՀՀ պատվավոր կոչումների մեկ միասնական խմբում: Թե ժողովրդական, թե վաստակավոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետությունը որպես երկրի մշակույթի, գիտության եւ այլ բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների եւ բացառիկ վաստակի համար:

Վերոհիշյալ օրենքի 19-րդ հոդվածի դրույթները առանձին պատվավոր կոչումների համար սահմանում են երկու տեսակ՝ վաստակավոր եւ ժողովրդական: Ժողովրդական պատվավոր կոչում կարող է շնորհվել վաստակավոր պատվավոր կոչում շնորհելուց ոչ պակաս, քան 5 (հինգ) տարի հետո:

«ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը փաստորեն ընդունում է, որ ժողովրդական արտիստ դառնալու համար նախ անհրաժեշտ է ստանալ վաստակավոր արտիստի կոչում, իսկ սա նշանակում է, որ վաստակավոր պատվավոր կոչումը ժողովրդական պատվավոր կոչման բաղադրատարրն է: Երկու կոչումներն էլ ընդգրկված են նույն օրենքի միեւնույն հոդվածում, նույն խմբում եւ շնորհվում են պետության կողմից ակնառու եւ բացառիկ ծառայությունների համար: Չնայած «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, սակայն վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որեւէ դրույթի:

Քանի որ Սահմանադրությունը ՀՀ բոլոր օրենքների եւ իրավական ակտերի համար հանդիսանում է մայր օրենք եւ իրավունքի աղբյուր, ապա ստացվում է, որ «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը ենթակա է փոփոխման: Չէ որ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ: Խտրականության բոլոր տեսակները արգելվում են օրենքով: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը մատնանշում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու… իրավունք:

«ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 16.12.2004թ. N 1841-Ն որոշումը խախտում են վաստակավոր պատվավոր կոչում ունեցող քաղաքացիների օրինական շահերն ու իրավունքները, քանի որ Օրենքը, չարդարացված խտրություն դնելով մասնագիտությունների միջեւ, վաստակավոր պատվավոր կոչում ունեցող քաղաքացիներին զրկում է հավասար պայմաններում գնահատված լինելու իրավունքից:

Բացի այդ, եթե ՀՀ կառավարության 16.12.2004թ. N1841-Ն որոշումը ժողովրդական պատվավոր կոչում ունեցող քաղաքացիների համար սահմանում է ամենամսյա պատվովճար՝ նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով, ապա վաստակավոր պատվավոր կոչում ունեցող քաղաքացիների համար եւս պետք է նշանակել ամենամսյա պատվովճար ժողովրդական պատվավոր կոչում ունեցող քաղաքացիներին տրվող պատվովճարի առնվազն 50 (հիսուն) տոկոսի չափով. սա է թելադրում բանականությունը, առավել եւս, որ գոյություն ունի նախադեպ՝ ժողովրդական պատվավոր կոչում ունեցող քաղաքացիներին վճարվող պատվովճարներ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ
ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Փաստորեն, ՀՀ վաստակավոր պատվավոր կոչում ստացած քաղաքացիների գնահատված լինելու իրավունքը խախտվել է թե 20.08.2004թ. ՀՕ-105-Ն «ՀՀ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, թե ՀՀ կառավարության 16.12.04 թ. N1841-Ն որոշմամբ, որոնք ի սկզբանե խտրություն են դրել պատվավոր կոչումներ ունեցող քաղաքացիների միջեւ, այսինքն՝ վաստակավոր պատվավոր կոչում ունեցող քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի խախտման սկիզբ պետք է համարել 20.08.2004թ.:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքի պաշտպանության եղանակները: Մասնավորապես՝

Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝

1) իրավունքը ճանաչելով,
2) մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով,
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով,
4) առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները կիրառելով,
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով եւ դրա անվավերության հետեւանքները կիրառելով,
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով,
7) դատարանի կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին հակասող ակտը չկիրառելով,
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ,
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով,
10) վնասներ հատուցելով,
11) տուժանք բռնագանձելով,
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով,
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Հետեւաբար, վաստակավոր պատվավոր կոչում ունեցող քաղաքացիների համար օրենքով ոչ միայն պետք է սահմանվի ամենամսյա պատվովճար, այլեւ նրանց պետք է հատուցվի պատճառած վնասը լրիվ ծավալով՝ սկիզբ համարելով 16.12.2004 թվականը (N1841-Ն ՀՀ կառավարության որոշում):

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին:

Իսկ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդվածը ուղղակիորեն մատնանշում է, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ, առանց որեւէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք: Բոլորը ունեն հավասար պաշտպանության իրավունք՝ ընդդեմ ցանկացած խտրականության, որով խախտվում է այս հռչակագիրը, եւ ընդդեմ նման խտրականության մղող ցանկացած սադրանքի:

Հակոբ ՂԱՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031