Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Մարտ 26,2011 00:00

\"\"Սիրիայի իշխանությունները երկրի հարավային շրջաններում մի քանի օր տեւած բողոքի արյունալի ակցիաներից հետո խոստացել են ընդառաջել ցուցարարներին եւ երկրում քաղաքական բարեփոխումներ իրականացնել ու բարելավել քաղաքացիների կենսամակարդակը:
BBC-ի փոխանցմամբ, երկրում հակառավարական ցույցերի մասնակիցները պահանջում են մասնավորապես փոխել արտակարգ դրության մասին օրենքը, որը Սիրիայում գործում է 1963թ.-ից ի վեր եւ իշխանություններին հնարավորություն է տալիս դաժանորեն ճնշել որեւէ այլակարծություն: Համաձայն գրեթե 50 տարի գործող օրենքի, ոստիկանությունը իրավունք ունի ձերբակալել մարդկանց՝ առանց սանկցիայի եւ բանտարկել առանց դատի ու հետաքննության:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, որոշել է հանձնաժողով հիմնել, որը կզբաղվի արտակարգ դրության մասին օրենքը չեղյալ համարելու հարցի հնարավորության ուսումնասիրմամբ: Այդ մասին հայտարարել է նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո սիրիական հեռուստաընկերությունը հայտարարել է նախագահ Ասադի՝ վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու հրահանգ տալու մասին:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարավում գտնվող Դարաա քաղաքում անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում չորեքշաբթի օրը զոհվել էր առնվազն 30 մարդ, թեեւ իրավապաշտպան որոշ կազմակերպություններ հայտարարել են 100 սպանվածների մասին: Զոհերի հուղարկավորությանը մասնակցել էր շուրջ 20 հազար մարդ՝ հնչեցնելով «Աստված, Սիրիա, Ազատություն», «Մարտիրոսների արյունը իզուր չի հեղվել» կարգախոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել