Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբիայում ռազմական գործողությունները կգլխավորի ՆԱՏՕ-ն

Մարտ 26,2011 00:00

ՆԱՏՕ-ն կգլխավորի Լիբիայում իրականացվող ռազմական գործողությունների՝ այդ երկրի օդային տարածքում թռիչքազերծ գոտու ձեւավորման հրամանատարությունը՝ առաջիկա կիրակի կամ երկուշաբթի օրվանից: Այդ մասին, ըստ BBC-ի, ուրբաթ օրը հայտարարել է այցով Թունիսում գտնվող Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին:
Մինչ այս ՆԱՏՕ-ում մեկ շաբաթ շարունակ չէին կարողանում համաձայնության գալ Լիբիայում կոալիցիոն ուժերի հրամանատարության շուրջ: Ռազմական գործողությունների հրամանատարությունը Դաշինքին հանձնելուն դեմ էր Ֆրանսիան: Փարիզն իր դաշնակիցներին առաջարկում էր ստեղծել Լիբիայում գործողությունների քաղաքական ղեկավարության կառույց, որում կներգրավվեին գործողության մասնակից երկրներն ու նաեւ Արաբական պետությունների լիգայի եւ Աֆրիկյան միության ներկայացուցիչները:
Համաձայնելով ստանձնել Լիբիայի ռեժիմի դեմ գործողությունների հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասսմուսենը միաժամանակ հասկացնել է տվել, որ գործողության մյուս ասպեկտները առայժմ կմնան ներկայումս գործող կոալիցիոն հրամանատարության վերահսկողության ներքո:
ՆԱՏՕ-ի ղեկավարը շեշտել է, թե ռազմական գործողության հրամանատարությունը Դաշինքին փոխանցելու հարցում տարակարծություններ գոյություն չունեն եւ հավելել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը մինչեւ հիմա որոշում էր մեկ հարց՝ ստանձնե՞լ «պատասխանատվությունը՝ դրա ավելի լայն հասկացությամբ», թե՞ ոչ:
Համաձայնելով գլխավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի կատարման գործողությունը, ամերիկացի զինվորականները ի սկզբանե հասկացնել էին տվել, որ ցանկություն ունեն այդ գործողության մեջ երկրորդական դեր ստանձնել եւ պնդում էին «առաջին ջութակի» դերը փոխանցել կոալիցիայի որեւէ այլ մասնակցի:
Հինգշաբթի երեկոյան կոալիցիոն ուժերը վերսկսել էին Լիբիայի ռմբակոծումը՝ որպես թիրախ ունենալով Մուամմար Քադդաֆիին հավատարիմ ուժերի հենակետերը, թեեւ լիբիական պետական հեռուստատեսությունը պնդում է, թե ռմբահարման թիրախ են եղել նաեւ Տրիպոլիի եւ Թաջուրի այլ օբյեկտներ եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել