Տավուշի մարզխորհրդի նախօրեին կայացած նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ մարզի որոշ համայնքապետեր իրենց համայնքի 2011 թվականի բյուջեն ավելի պակաս են պլանավորել, քան՝ 2010 թվականին: Դա արվել է այն նպատակով, որպեսզի սեփական եկամուտների կատարողականների բարձր ցուցանիշներ ապահովեն եւ, ըստ մարզպետի, «չքարկոծվեն մարզպետի կողմից»: Հիշեցնենք, որ այս անցանկալի իրողությունը առկա է ողջ հանրապետությունում, սրա մասին խոսել է նաեւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որից հետո «խորամանկ» համայնքապետարաններին առաջարկվել է մինչեւ ապրիլի 5-ը ներկայացնել ավելի իրատեսական բյուջե կամ էլ՝ փաստարկված հիմնավորումներ բյուջեի նվազման պատճառների մասին: Տավուշի մարզպետի համոզմամբ՝ տեղական բյուջեի նվազեցնելու վերաբերյալ համայնքապետերի այն պատճառաբանությունը, թե գյուղացիները հրաժարվում են սեփականաշնորհված հողից, արդարացված չէ, քանզի հողից հրաժարվելու դեպքում սեփականատերը պարտավոր է մարել հողի հարկի պարտքը:
Ի հավելումն սրա, Տավուշի մարզի Բերդի եւ Դիլիջանի համայնքների միությունները ներկայացնում են համայնքների հողի հարկի եւ գույքահարկի հնացած՝ 2005 թվականի տվյալներ: Մարզպետը պատվիրեց թարմացնել տվյալները եւ տեղեկատվությունը ուղարկել էլեկտրոնային կապով: Մինչդեռ մարզի 62 համայնքապետարաններից ներկայումս միայն 22-ն ունի էլեկտրոնային հասցե: Այս տվյալի հրապարակումից հետո մարզպետը հայտարարեց, որ վիճակը շտկելու հարցում մարզպետարանը կօգնի համայնքապետարաններին:
Վերահսկիչ պալատն էլ իր հերթին էր Տավուշի մարզում բազմաթիվ խախտումներ հայտնաբերել եւ բյուջե վերադարձվելիք գումարների համար ժամանակացույց կազմել, ըստ որի՝ մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի ավարտը գումարները պիտի վերադարձվեին: Մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ գումարներ վերադարձնելու պարտավորություն ունեցող 13 համայնքներից միայն Թեղուտն է ամբողջությամբ մուծել գումարները: Սեւքար համայնքն էլ 4,7 միլիոն դրամի մուծման անդորրագիր է ներկայացրել: Մարզպետ Ղուլարյանը համայնքապետերին հորդորեց մինչեւ մարտի վերջ լուծել հարցը եւ հիշեցրեց, որ ինքն է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին խնդրել՝ մեկ ամսով երկարաձգել գումարների վերադարձման ժամկետը: