Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՇԵՑԻՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Մարտ 26,2011 00:00

Աննախադեպ հաղթանակ, որը, ըստ խոսքի ազատության կողմնակիցների՝ Աստվածահաճո է

Արդեն երրորդ տարին է՝ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Գյումրիում նշում է խոսքի ազատության տոնը: Այն, ինչպես հայտնի է, նվիրված է Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության փրկությանը: Երեք տարի առաջ, մարտի 25-ին գյումրեցիներն ու Հայաստանի այլ քաղաքացիներ, նաեւ օտարերկրացիներ մի մարդու պես մոտ 26 միլիոն դրամ հավաքելով՝ անկախ լրատվական ալիքին փրկեցին հարկայինի ճանկերից: Տեղական այս հեռուստաալիքի գլխին սեւ, մութ ամպերի կուտակումը սկսվեց անցած նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ «ԳԱԼԱ»-ն «հանդգնել էր» ցուցադրել առաջին նախագահ ու նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Հեռուստաընկերությունը մեկ օրվա ընթացքում կորցրեց գովազդատուներին, հարկայինն էլ, իբր եկամուտները թաքցնելու պատճառաբանությամբ, 26 միլիոն դրամի պարտք «նկարեց»:
Երեք տարի անց՝ այսօր էլ շարունակում են գործ սարքել անկախ լրատվական ալիքի գլխին՝ փորձելով ձեռքից խլել հեռուստաաշտարակն ու վերջնականապես եթերազրկել «ԳԱԼԱ»-ն, բայց այն դեռ եթերում է:
Այս տարի տոնը «Հոկտեմբեր» կինոթատրոնի սրահում էր եւ ինչպես անցած երեք տարիներին, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ներկայացուցիչները էլի չմասնակցեցին տոնին: Ելույթների շարքը սկսեց տեր Նշանը: «Խոսքը  աստվածային շնորհ է, Աստված երբ մարդուն ստեղծեց, անասուն չստեղծեց, այլ ասուն, այսինքն՝ խոսող ստեղծեց: Եվ այդ խոսքի միջոցով է, որ մարդը կարողանում է իր բազում մտածումները, ճշմարտությունը տարածել աշխարհի մեջ: Աստված նաեւ մարդուն ստեղծել է ազատ, եւ ինքը՝ Քրիստոսն իսկ կոչվում է մարդու բանը, այսինքն՝ խոսքը, ուրեմն շատ կարեւոր է մարդու համար, որ իր աստվածային նմանության եւ պատկերի մեջ ինքը ունենա ազատություն եւ ունենա իր խոսքը արտահայտելու հնարավորություն»,- ասաց տեր Նշանը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ «ԳԱԼԱ»-ի փրկությունը նախադեպ չունեցող հաղթանակ էր: «Տարբեր հաջողություններ եղել են, բայց որ հանրությունը համախմբվի եւ իր փոքր, միջին, մեծ ներդրումով փրկի լրատվամիջոցին, դա ուղղակի նորություն էր: Շատ լավ կլիներ, որ մեր բոլորի ջանքերով, մեր երկիրը դառնար այնպիսին, որ նման պայքարի անհրաժեշտություն չլինի: «ԳԱԼԱ»-ի այդ պատմությունը ավելի մեծ էր, քան մեկ լրատվամիջոցի փրկություն»,- ասաց Աշոտ Մելիքյանը: «Ինտերնյուսի» ղեկավար Նունե Սարգսյանն էլ նշեց, որ Գյումրին քաղաքակրթության կենտրոն է ոչ միայն խոսքի ազատությունը փրկելու ու այն տոնելու ավանդույթով, այլ առաջին հեռուստատեսության քաղաք լինելով. նորանկախ հանրապետությունում առաջին մասնավոր հեռուստաընկերությունը՝ «Ցայգը» հիմնադրվել է Գյումրիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել