Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները՝ դատախազության դեմ

Մարտ 26,2011 00:00

Լոռու մարզի դատախազությունը կայացրել է որոշում՝ մերժելով քրգործի հարուցումը

Լոռու մարզի դատախազությունը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացրել է համապատասխան որոշում՝ մերժելով քրեական գործի հարուցումը:
Քննիչ Վահե Դոլմազյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել էր Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունը, սակայն, որոշում չէր կայացրել, այլ՝ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել էր գրությամբ:
«Գրությունը իրավաբանական ուժ չունի. բողոքարկման ենթակա չէ»,- բացատրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս դատավոր Վոլոդյա Ղուկասյանի, բավարարել էր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվել էր օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել եւ դրա պատճենը ներկայացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը:
«Դատախազությունը կայացրեց որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ չեն հիմնավորվել անօրինական խուզարկություն կատարելու՝ մեր կողմից նշված փաստերը»,- բացատրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը:
Կազմակերպությունը որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ով նույնպես մերժել է այն:
«Այժմ դիմել ենք Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշումը վերացնելու պահանջով»,- նշում է իրավաբան Զալյանը:
Հիշեցնենք, որ 2009թ. օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:
«Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ եղել է խուզարկություն կատարելու մասին որոշում: Նախաքննության մարմինը՝ քննիչը, խուզարկել է եւ օրենքով նախատեսված հասցեի բնակարանը, եւ այն բնակարանը, որտեղ խուզարկություն անելու իրավունք չի ունեցել,- մանրամասնում է իրավաբանը,- տեղում պարզել է, որ քաղաքացին, բացի այն հասցեից, որտեղ ինքը կարող է օրինական խուզարկություն կատարել, ունի այլ բնակարան, ապրում է այնտեղ, անօրինական կարգով խուզարկություն է կատարել նաեւ այդ բնակարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել