Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԶԻԿԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՕԳՆՈՒԹՅԱՆ

Մարտ 26,2011 00:00

\"\"Մարզումների ժամանակ վնասվածք է ստացել 

25-ամյա Գեւորգ Ղեւոնդյանը 4 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ: 1998թ. դարձել է սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի եւ Եվրոպայի առաջնությանը: Նա հանրապետության բազմակի չեմպիոն է սպորտային մարմնամարզության առանձին ձեւերում, ունի 59 դիպլոմ-պատվոգիր, 19 մեդալ, որից 10-ը՝ ոսկի, մնացածը՝ արծաթ ու բրոնզ: 1998թ., ընդգրկվելով ազգային հավաքականի կազմում, մասնակցել է Մոսկվայում համաշխարհային պատանեկան խաղերին եւ 165 մասնակիցների պայքարում զբաղեցրել 52-րդ հորիզոնականը: 2000 թվականին Գերմանիայի Բրեմեն քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ 113 մասնակիցների պայքարում զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը՝ ընդգրկվելով Եվրոպայի 36 լավագույն մարզիկների ցանկում: 2002թ. մասնակցել է ԱՊՀ երկրների միջազգային խոշոր մրցումներին եւ զուգափայտերի վրա զբաղեցրել է 4-րդ տեղը: Նույն թվականին մասնակցել է երկու միջազգային մրցումների՝ Թեհրանում եւ Երեւանում, որի ժամանակ չեմպիոն է դարձել ազատ վարժություններում եւ զուգափայտերում: Հայաստանի բազմակի չեմպիոն է:
Երբ 2003թ. ամռանը՝ հուլիսի 14-ին, երիտասարդ մարզիկը սկսում է նախապատրաստվել Ամերիկայում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը, մարզումների ժամանակ ազատ վարժությունների ծրագիրը կատարելիս ստանում է ողնաշարի կոտրվածք, որով էլ ավարտվում է ՀՀ սպորտի վարպետ, հեռանկարային մարմնամարզիկի մարզական կարիերան: Նա նոր պետք է փոխադրվեր Ֆիզդաստիարակության եւ մարմնակրթության ինստիտուտի 2-րդ կուրս: Գեւորգ Ղեւոնդյանն արդեն 8 տարի անզգա գամված է անկողնուն, կրծքավանդակից ներքեւ անզգայացած է, պարանոցի շրջանում կատարվել է վիրահատություն, անշարժացած ու սկզբնական շրջանում շոկային վիճակում գտնվելու եւ միայն մեջքի վրա պառկելու պատճառով առաջացել են պառկելախոցեր, որոնց արդյունքում Գեւորգը քանիցս ենթարկվել է վիրահատության: Ըստ Գեւորգի՝ դժբախտ պատահարից հետո վիրահատության ծախսերը հոգացել են Ամերիկայում գտնվող ընկերների դրամական օգնության շնորհիվ, երկու անգամ էլ բուժում է ստացել Կարմիր խաչի առողջարանում, իսկ պառկելախոցերի վիրահատությունը կատարվել է Աջափնյակ համայնքի Նազարբեկյանի Գ3 թաղամասի 19 շենքում արդեն 17 տարի վարձով ապրող ընտանիքի սուղ միջոցներով:
Գեւորգին խնամում են գործազուրկ եղբայրը, քույրը եւ տան միակ աշխատողը՝ մայրը: «Առաջին կարգի հաշմանդամ եմ, ստանում եմ 14 հազար 700 դրամ: Բացի սրանից՝ մինչեւ անցած տարի սպորտկոմիտեն, որպես օգնություն, տալիս էր 15 հազար դրամ օգնություն, էս տարի մայրս նորից դիմեց, դարձրին 25 հազար»,- պատմում է Գեւորգը եւ ակնկալում բուժման համար օգնություն այն մարդկանցից, ովքեր կկամենան աջակցել իրեն. «Առաջ ձեռքերս էլ չէի կարողանում շարժել, բայց Կարմիր խաչի բժիշկների օգնությամբ հիմա դա հնարավոր է անել: Բժիշկները խորհուրդ են տվել, որ գոնե երկու անգամ բուժում ստանամ ուկրաինական Սակի քաղաքում գտնվող բժշկական եզակի կլինիկայում: Այժմ ինձ ինքս եմ հետեւում, հիմա հաճախ կողքի վրա եմ հենվում, ինչպես նաեւ նստում հենասայլակին: Վատն այն է, որ ձեռքերս ու ոտքերս նյարդի վնասվելու պատճառով քարացել են»: Գեւորգը հույսը չի կտրել, որ լիարժեք բուժվելուց հետո կարող է նաեւ քայլել, ինքնուրույն շարժվել:
Գեւորգի մոր՝ Կարինե Ավետիսյանի ներկայացմամբ, որդու բուժման ծախսերը հոգալու համար բազմիցս դիմել են տարբեր գերատեսչությունների ու մնացել անպատասխան: Տարիներ առաջ խնդրանքով դիմել են ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանին, որ գոնե մեկ դեղատան միջոցով ապահովի տղային անհրաժեշտ դեղորայքը: Արդյունքում՝ ինչ-որ դեղատուն մեկ ամիս օգնել է, ապա դադարեցրել օգնությունը: Խնդրագրով դիմել են նաեւ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, որին ուղղված նամակը, ըստ հարազատների, մակագրվել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին, որից էլ ստացվել է պատասխան, թե Գեւորգին չեն կարող օգնել, քանի որ նա իրենց մարզիկը չի եղել: Կ. Ավետիսյանը, որը եւս 18 տարի եղել է մարմնամարզիկ, ապարդյուն դիմել է նաեւ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանին եւ հրաժարվել նվաստացուցիչ 10 հազար դրամից, որը սեփական գրպանից փորձել է Կ. Ավետիսյանին հանձնել Ա. Ազարյանը: Ըստ մոր՝ այն ֆեդերացիան, որին Գեւորգը ծառայել է 4 տարեկանից, երբեւէ չի հիշում նրան, միայն Ա. Ազարյանը մի քանի անգամ սկզբնական շրջանում այցելել է հիվանդանոց: «16 տարի երեխաս պարապել է ու դա չի գնահատվում: Եթե այդ դեպքը լիներ փողոցում, ոչ մեկից ոչինչ չէինք պահանջի: Իմ խաչն ա, կկրեի ու կրում եմ, բայց սպորտդպրոցի մարզասրահում է դժբախտությունը տեղի ունեցել: Իրանից, Բրազիլիայից ինձ խնդրում էին, որ Գեւորգին տանեն իրենց մոտ, իրենց դրոշի տակ հանդես գա, Ա. Ազարյանը չէր թողնում, քանի որ Գեւորգը նրանց պարծանքն ու պատիվն էր, մեդալներ, պատվոգրեր բերող միջոցը, իսկ արդյունքը տեսնում եք ինքներդ: Ա. Ազարյանը հեռուստատեսությամբ հաճախ ելույթներ է ունենում, գոնե մեկ անգամ հիշեն որդուս վաստակն ու անունը, դա էլ չեն անում: Համբերության բաժակը լցվել է, երբ տեսնում եմ, որ որդուս ոչնչով չեմ կարողանում օգնել: Նրան վերջնական կործանումից փրկելու համար պետք է լինեն հնարավորություններ, որը, ցավոք, չունենք: Նորմալ երկրներում նման կարգավիճակ ունեցող մարդկանց պետությունը առանձին բժիշկ է նույնիսկ հատկացնում: Իսկ մենք մի քանի ամիսը մեկ ենք կարողանում դեղ գնել, մինչդեռ տղաս պետք է պարբերաբար բուժումներ ստանա»,-հուզված պատմում էր Գեւորգի մայրը:     
Գեւորգի հարազատները պատրաստվում են կրկին դիմել նախագահ Ս. Սարգսյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, առողջապահության եւ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարություններին: Կ. Ավետիսյանի խնդրանքն է՝ ստեղծել ֆիզիոթերապիայից եւ լողավազանից օգտվելու պայմաններ, որպեսզի Գեւորգի փայտացած ու աստիճանաբար փտող մարմինը գոնե շարժվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել