Լրահոս
Օրվա լրահոսը

8 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ

Մարտ 26,2011 00:00

\"\"Պարզ չէ, թե ով է փոխհատուցելու.  ամեն ինչ կախված է դատարանի որոշումից

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից անցումում տարածք վարձակալելը, պարզվում է, Արաբկիրի թաղապետարանի թույլտվությամբ բավականին հեշտ գործ է: Նրանք ոչ մի դիմում չեն մերժում ու անգամ մեկ տարածքը հատկացնում են մի քանի քաղաքացու: Այդպիսի գործարքներ եղել են հատկապես 3-4 տարի առաջ, երբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է եղել Հովհաննես Շահինյանը: Նա որպես թաղապետ, քաղաքացի Գեւորգ Բաղդասարյանի հետ 25 տարով կնքել է 3 քմ տարածք վարձակալելու մասին պայմանագիր, ըստ էության՝ չունենալով նման ազատ տարածք: Այս պայմանագիրը, ինչպես պահանջում է օրենքը, գրանցվել է նաեւ Կադաստրի պետական կոմիտեի տարածքային բաժանմունքի կողմից, սակայն Գ. Բաղդասարյանը երբեւէ չի կարողացել իր վարձակալած տարածքը տնօրինել: Նրան այդ տարածքը չեն հատկացրել նաեւ այն ժամանակ, երբ վարչական շրջանի ղեկավարները փոխվել են:
Բանն այն է, որ այն տարածքում, որտեղ Գ. Բաղդասարյանին հատկացվել է 3 քմ ընդհանուր մակերեսով տարածք, իրականում մտնում է այստեղ գործող 3 տարբեր առեւտրի կետերի կրպակների տարածքի մեջ: Այս 3 քմ-ն Գ. Բաղդասարյանին հատկացնելու համար պետք է մոնտաժման եւ վերանորոգման աշխատանքներ կատարվեին, որպեսզի 3 քմ-ն ազատվի եւ եւս մեկ կրպակ մտնի տաղավարների շարանի մեջ, սակայն այդպես էլ ոչ մի աշխատանք չի կատարվել: Այդ իսկ պատճառով քաղաքացին նախորդ տարի մարտին այլեւս չկարողանալով դիմանալ անօրինականություններին՝ դիմել է Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որտեղ որոշվել է, որ իր պահանջն օրինական է եւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը պետք է նրան հատկացնի հասանելիք 3 քմ տարածք ունեցող կրպակը: Սակայն այս որոշումը նույնպես չի կատարվել: Այս անգամ Գեւորգ Բաղդասարյանն արդեն դիմել է վերաքննիչ դատարան (25.05.2010), որտեղ առաջին ատյանի որոշումը թողնվել է նույնը եւ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցները պետք է այն ի կատար ածեին, սակայն որոշումից 5 ամիս անց միայն ԴԱՀԿ-ն դիմել է առաջին ատյանի դատարան՝ պարզելու համար, թե ում պետք է պարտավորեցնի դատարանի վճիռն իրականացնել՝ Երեւանի քաղաքապետարանի՞ն, թե՞ Արաբկիր վարչական շրջանին: Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն էլ իր հերթին է արդեն 4 ամիս ձգձգում որոշում կայացնելը՝ ում վրա դնել մոնտաժման եւ նոր կրպակի տեղադրման աշխատանքների իրականացումը:
Գ. Բաղդասարյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ նա դիմել է նաեւ անկախ փորձագիտական ընկերության, որպեսզի վերջինս գնահատի, թե անցած 4 տարվա ընթացքում գումարային որքան վնաս է կերել. «Այդ տարածքը կարող էի նաեւ վարձով տալ մեկ ուրիշի, դա նախատեսված է իմ պայմանագրով, այդպես է փորձագետը գնահատել իմ վնասները: Պարզվել է, որ 8 միլիոնից էլ ավելի գումար ինձ պետք է փոխհատուցեն: Բացի այդ, ես կարող էի այդտեղ առեւտուր անել, տարբեր ապրանքներ վաճառել եւ շահույթ ստանալ, որը չի եղել»:
Քանի որ Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների դատարանը ուշացնում է իր որոշման կայացումը, քաղաքացին այլեւս չսպասելով եւ չավելացնելով իր վնասների չափերը, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարան՝ Երեւանի քաղաքապետարանից պահանջելով վճարել այդ 8 միլիոն դրամը եւ փոխհատուցել իր վնասները: «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը անընդհատ ինձ ասում էր, որ իմ խնդիրը կներկայացնի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, սակայն այդպես էլ ոչինչ չարեց: Ես համոզված եմ, որ վարչության պետը ոչինչ չի արել, քանի որ եթե քաղաքապետը տեղյակ լիներ, իմ հարցին շուտափույթ լուծում կտար, ընդունելություն կնշանակեր»,- ասում է Գեւորգ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունից էլ են պարբերաբար խոստացել, որ իր հարցը կլուծեն. «Ինձ ասացին՝ գնամ մի քանի տարածք նայեմ, որն ինձ հարմար լինի, վարձակալական հիմունքներով կտրամադրեն: Ասացին, որ կարող եմ անգամ 15-20 քմ տարածքներ նայել: Ես էլ նայեցի, նկարեցի, գնացի դիմեցի, ասացի, որ այս տարածքներն եմ ուզում, որը կարող են՝ թող տան, սակայն մի քանի ամիս անց ինձ ասացին, որ իրենք իրավունք չունեն տարածք հատկացնել, դա անում է Երեւանի քաղաքապետարանը: Բայց ես գիտեմ, որ նրանք կարող էին տեղեկացնել քաղաքապետարանին, որ այս մարդու հետ նման խնդիր կա եւ իրենք փորձում են նման կերպ այդ հարցը լուծել, բայց ոչինչ չեն ուզում անել»:
Նա այնքան է արդեն հոգնել այս քաշքշուկներից եւ հիասթափվել, որ եթե այս հարցը չլուծվի՝ ընտանիքին վերցնելու է ու հեռանա մեր երկրից. «Ես 2 անչափահաս երեխա ունեմ, լավ կին ունեմ, լավ ծնողներ, սակայն էլ չեմ կարողանում այսպես: Մեր տան միակ աշխատողը ես եմ, բայց չեն թողնում աշխատեմ: Արդեն սրտի վիրահատություն եմ տարել»:
Նշենք, որ մենք այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանից, որտեղից պատասխանեցին՝ քանի որ կա դատարանի միջամտություն, իրենք պետք է սպասեն, տեսնեն, թե ինչ որոշում է կայացվելու:
Հիշեցնենք, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարակից անցումում նման վիճելի տարածքներ էլի կան: «Առավոտը» մեկ այլ տարածքի մասին արդեն գրել է (18.03.2010)՝ «Նույն տարածքը 2 ընկերության են տվել», տարածքը միաժամանակ տնօրինում են «Լինդա» ընկերությունը եւ «Օնիկ» արտադրական կոոպերատիվը: Այս դեպքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունն է խորհուրդ տվել հարցը լուծել դատական կարգով, քանի որ իրենք նախորդ իշխանության գործունեության համար չեն պատրաստվում պատասխանատվություն կրել: Դատարանը որոշել է տարածքը հատկացնել «Օնիկ» արտադրական կոոպերատիվին, սակայն Արաբկիր վարչական շրջանը շարունակում է վարձավճարներ գանձել «Լինդա» ընկերությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել