Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ում «բիոմասսան» է շատ

Մարտ 26,2011 00:00

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ թեպետ ՀՅԴ ներկայացրած ԸՕ օրինագիծը ԱԺ մեծամասնությունը մերժեց, բայց դա չի նշանակում Դաշնակցության պարտություն, քանի որ. «Մեր ոչ մի փաստարկին լուրջ հակափաստարկ չհնչեց: Բոլորը տեսան, որ մենք ճիշտ ենք, բայց մատների քանակը հաղթեց. սա աննորմալ երեւույթ է, սա չի ժողովրդավարությունը, ժողովրդավարությունը նա չի, որ ում բիոմասսան շատ է, նա միշտ ճիշտ է, ժողովրդավարությունը այն է, երբ նրանք, ովքեր շատ են, ընդունում են փոքրամասնության ճշմարտությունը, եւ Հայաստանում դա է, որ տեղի չի ունենում, եւ դա է, որ գրգռում եւ ժողովրդին հանում է հրապարակներ»: Ըստ պարոն Հովհաննիսյանի, այսօրվա խորհրդարանում 41 մեծամասնական պատգամավորներից 29-ը ընդհանրապես «ծպտուն» չի հանել ընտրվելու պահից ի վեր, 7-ը համեմատաբար ակտիվ է, «5-ը հանել է 1-2 ծպտուն»:
Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչով է բացատրում իշխանության ներսում որոշ «մաքրումներ»՝ կենսաթոշակային հիմնադրամում կատարվածը, Թամամյանի կալանավորումը, եւ այլն, Վ. Հովհաննիսյանն ասաց. «Հավանաբար ճգնաժամը մերկացրեց այն խնդիրները, որոնք այլ դեպքերում միշտ կարելի էր քողարկել, ինչպես նախկինում: Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրանք քողարկվում էին պատերազմով՝ կռիվ ենք անում, տղերք ջան, դրա համար ենք վատ ապրում: Ռ. Քոչարյանի ժամանակ այս վերքերը, այս փտախտը, որ մեր հասարակության օրգանիզմում սկսվել էին, քողարկվում էին շինարարությամբ, ներդրումներով, որովհետեւ համաշխարհային զարգացումներն այնպիսին էին, որ Հայաստանում հնարավոր էր շատ ջանք չթափելով՝ էշը ցեխից հանել, եւ խնդիրները շատ չէին սրվում: Այս ադմինիստրացիային ընկավ ամենավատ ժամանակը՝ սրացում միջազգային հարաբերություններում, մարտի մեկ, սեփական սխալների պատճառով արտաքին քաղաքականության մեջ նորանոր բարդություններ եւ այլն, եւ այս դժվարությունները բացեցին այս ադմինիստրացիայի աչքերը: Փոփոխությունները եւ կտրուկ քայլերը, ինչ որ նախագահն անում է, ասենք՝ գյուղատնտեսության ասպարեզում, ոստիկանության մաքրման, սոցապի մաքրման հարցերում եւ այլն, կարելի է գնահատել որպես PR ակցիա, բայց ինչո՞ւ առաջներում դրանք տեղի չէին ունենում՝ որովհետեւ այս անգամ մեր հասարակության հիվանդություններն այնքան երեւացող են դարձել, որ ադմինիստրացիան հասկանում է՝ կամ կբուժենք, կամ կկործանվենք: Եթե սկսել են բուժել, դա կարելի է միայն ողջունել, բայց պետք է բուժել արագ եւ ճիշտ մեթոդներով եւ այնպես, որ հիվանդը չմեռնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել