Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սյունիքում մկները ծառերին են անցել

Մարտ 26,2011 00:00

Այս տարի հանրապետությունում մկնանման կրծողներն աննախադեպ ակտիվացել են: Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանի տեղեկացմամբ, կրծողները բոլոր մարզերում էլ հասցրել են մեծ չափերի վնասներ տալ: Թե ինչու են տարեցտարի կրծողներն ավելի աշխուժանում, պարոն Մանուչարյանի պարզաբանմամբ, որովհետեւ գյուղացիները հիմա հույսները դրել են միայն թունաքիմիկատների վրա: Մինչդեռ նախկինում նրանք գործի էին դնում ավանդական մեթոդները, որոնք բավականին արդյունավետ էին՝ դաշտերում խորությամբ փոսեր փորելու եղանակով մկների բներն էին վերացնում կամ էլ բերքահավաքից հետո դաշտերն առատ ջրում էին: «Այս երկու գործընթացներն էլ խաթարվել են: Կառավարությունն էլ չունի այնպիսի հնարավորություն, որ ամբողջ հանրապետության մասշտաբով պայքարի: Դրա համար էլ կրծողները մտել են խաղողի այգիներ ու ցորենի արտեր»,- ասաց գյուղնախարարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ակտիվ գործունեությամբ, մկներից բացի, աչքի են ընկնում նաեւ խլուրդները, որոնց դեմ պայքարելն ավելի դժվար է. «Դրանց դեմ պայքարը մեզ չի հաջողվում, այն պատճառով, որ սրանք կույր են ու չեն տեսնում թունաքիմիկատն ու չեն ուտում»: Պարոն Մանուչարյանը հորդորեց չմտահոգվել, թե կրծողների ակտիվության արդյունքում բերքատվությունը ցածր կլինի, միաժամանակ խոստովանեց, որ կրծողներն արդեն 10-15%-ի վնաս են պատճառել. «Մեղրիում քնամկներն արդեն բարձրանում են ծառերի վրա, ուտում նուռը, իսկ կորիզներն էլ պահեստավորում ձմռան համար»: Ի դեպ, Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Հրայր Հակոբյանը «Առավոտին» ասաց, որ իրենց մարզում կրծողներ չկան. «Մեր մարզն ամբողջությամբ ձյան շերտի տակ է, ես մարզում նստած՝ չգիտեմ, գյուղնախարարությունո՞ւմ որտեղից իմացան, թե կրծողներն արդեն ծառերին են հասել: Նման բան չկա»:
Պարոն Մանուչարյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին թունաքիմիկատները կբաժանեն մարզերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031