Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՆՐԱՅԻՆ «ԿԱՏԱՍՏՐՈՖԱ»

Մարտ 26,2011 00:00

Պանրագործների միության նախագահի խոսքով՝ թանկ ապրանքի արտահանումը «հանաք մասխարա չէ»

Այս տարի բարձր ինքնարժեքով ու պահանջարկից ավելի մեծ քանակի պանիր ենք ունենալու, ահազանգում է Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ կանխատեսելով, որ պանրի շուկայում «կատաստրոֆիկ» վիճակ է սպասվում. «Մարդիկ ունենալու են ապրանքներ, որոնց լիկվիդային արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան թե իրականում պետք էր»: Սպասվող «կատաստրոֆան», ըստ մեր զրուցակցի, բնական գործընթաց է. «Պանրի դեֆիցիտ էր, ինչից հետո շատ տնտեսվարող սուբյեկտներ որոշեցին իրենց փողերը ներդնել պանրի արտադրության մեջ, գործարաններ ստեղծեցին, ու, ինչպես տեսնում ենք, պանիր արտադրողների թիվը կտրուկ ավելանում է: Պանիր են արտադրում նույնիսկ նրանք, ովքեր այդ բնագավառում չկային: Արդյունքում աշնանը պահանջարկից ավելի մեծ քանակությամբ պանիր կունենանք, բնականաբար, մրցակցության օրենքներին ոչ համարժեք իրավիճակ կստեղծվի»: Պարոն Գիգոյանի համոզմամբ, արդեն աշնանը արտադրողներն իրենց արտադրած պանրի ձեռքը կրակն են ընկնելու ու այն իրացնելու տարբեր ճանապարհների փնտրտուքում նախընտրելու են ավանդական լուծումը՝ դեմպինգային քաղաքականությունը. «Արդյունքում պանրի գները կնվազեցնեն, ու տնտեսվարողները կսկսեն վնասներով աշխատել, միայն թե օտարեն պանիրը: Մինչդեռ շատերը մտածում են՝ հեսա փող կդնեն, կդառնան միլիոնատեր»: Ներքին լարվածությունը մեղմացնելու նպատակով այս տարի պանիր ավելի շատ կարտահանվի: «Մեծ մարտահրավեր ենք մեզ վրա վերցրել, այսինքն՝ բարձր արժեք ունեցող ապրանքի արտահանում, սա հանաք մասխարա չէ, փորձելու ենք ինչ-որ մի քանակ ազատել շուկայից, որ ներքին մրցակցության լարվածությունը թուլացնենք»,- ասաց Ա. Գիգոյանը: Ինչ վերաբերում է վերջին շրջանում տեղական շուկայում արձանագրված պանրի գնաճին, մեր զրուցակիցը վստահեցրեց, թե ոչ մի թանկացում էլ տեղի չի ունեցել. «Վերջապես գները կարգավորվեցին»:
 Պանրի շուկայում ստեղծված հակահիգիենիկ վիճակին կառավարության վերջին նիստում անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Սննդամթերքի անվտանգությունը Հայաստանի համար ունի էական նշանակություն, եւ Եվրամիության հետ համագործակցության 4 ուղղություններից մեկը հենց սննդի անվտանգությանն է վերաբերում: Մեր կատարած հետազոտությունների արդյունքում լրջագույն խախտումներ ենք արձանագրել պանրի շուկայում: Ոլորտում հետազոտություններ անելու անհրաժեշտություն կա, որ համոզվենք, թե վերացվե՞լ են նախորդ ստուգումներով բացահայտված խախտումները, որովհետեւ այն փաստերը, որոնք արձանագրել էինք, բավականին մտահոգիչ ու վտանգավոր էին»: Պանրի շուկայում առկա խնդիրներին ու խախտումներին անդրադառնալով՝ Պանրագործների միության նախագահն ասաց. «Թող չթվա, թե Եվրոպայում կամ Ամերիկայում սննդի անվտանգությունն ավելի լավ է պաշտպանված: Հարցը խիստ է դրված, որ բոլոր ընթացիկ խնդիրները լուծում ստանան, ու ավելի պատրաստված լինենք արտահանման համար: Ցավոք, մենք խորհրդային ժամանակների գործարաններ ենք ժառանգել, մի մասը թալանվել է, մի մասը կիսաթալան է, մի մասն էլ՝ որոշակիորեն պահպանված, որոնք չեն օգտագործում առկա ներուժը ու արտադրում են հզորությունների կիսով չափ: Գործարանների սարքավորումները չեն բավարարում այսօրվա պահանջներին, բնականաբար դա էլ բերում է հիգիենայի մասով որոշ խնդիրներ»: Նրա խոսքով, ոլորտը որոշակիորեն բաց է թողնված վերահսկողությունից ու ով ի վիճակի է եղել՝ արտադրամաս է բացել. «Բայց ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե պանիրը կաթի փոշով են սարքում կամ սոդա են խառնում, ճիշտ չէ, խոսքը տեխնոլոգիական եւ անվտանգության որոշ չափանիշների տատանման մասին է: Սա խնդիր է, որ լուծում պետք է գտնի, բայց դա խիստ վտանգավոր չէ բնակչության համար: Ոլորտն արդեն խիստ ռազմավարական նշանակություն ունի, եւ կառավարությունը փուլ առ փուլ ուսումնասիրում է խնդիրները»: Պանրագործների միության նախագահից հետաքրքրվեցինք նաեւ վերջերս ձեւավորված «հայկական պանիր» բրենդից. «Այս տարի արդեն 5 տոննա արտահանել ենք: Քանի որ պանիրների հետ կապված նման սցենար ունեցանք (նկատի ունի քիչ քանակությունը), լուրջ պատվերներ ունեինք, բայց կազմակերպեցինք ընդամենը 5 տոննայի արտահանում՝ այն էլ փորձնական, բրենդավորման աշխատանքների կազմակերպման ցիկլը փակելու համար, բայց գործն արդեն ամուր հիմքերի վրա է: Հիմա արդեն այդ բրենդի ներքո պատրաստվում ենք լուրջ քանակներով աջակցել արտահանմանը, որ բնագավառը հերթական անգամ տուժածի դերում չհայտնվի: Կարտահանենք Ռուսաստան, նախատեսել ենք նաեւ ԱՄՆ ու Հյուսիսային Իրաք»:
Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գրիգորի Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պանրի շուկայում իրարանցում է ստեղծվել՝ կաթի գների կտրուկ աճի պատճառով. «Անծանոթ մարդիկ կաթից անտեղյակ շուկա են մտնում ու կրկնակի գներով վաճառում: Խառնաշփոթ վիճակ է ստեղծվել: Կաթը թանկացել է 40-50 տոկոսով, պանիրն էլ՝ 35-40 տոկոսով»: Պարոն Բաղդասարյանը, սակայն, վստահեցրեց, որ մայիսից կնվազեն ե՛ւ կաթի, ե՛ւ պանրի գները՝ պնդելով, թե ամեն տարի այդ ամիսներին գները նվազում են: Ինչ վերաբերում է պանրի մեջ սոդայի կամ կաթի փոշու պարունակության մասին լուրերին, պարոն Բաղդասարյանը պարզաբանեց. «Անմիտ բան է, կաթի փոշին հիմա պանրից թանկ է, եւ ոչ ոքի ձեռնտու չէ փոշի խառնելը, իսկ սոդա խառնելն էլ աբսուրդ է, ինչո՞ւ խառնենք, եթե ոչ մի բանի օգուտ չի տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031