Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԵԱՀԿ ՄԽ ԶԵԿՈՒՅՑԸ

Մարտ 26,2011 00:00

Դրանից գոհ են հայաստանցի ու ադրբեջանցի իշխանական պատգամավորները, բայց ոչ ԼՂՀ-ի օրենսդիրները

Մարտի 23-24-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են 2010թ. հոկտեմբերին «Դաշտային գնահատման առաքելության զեկույցը Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներում» դիտարկման ամփոփումը: Համանախագահների՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ու դիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ փաստաթղթում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2010թ. հոկտեմբերի 7-ից 12-ը կատարել են դաշտային գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի յոթ օկուպացված տարածքներում՝ այնտեղ իրավիճակի գնահատման նպատակով, ներառյալ հումանիտար եւ այլ առումներով: Համանախագահները միացել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին եւ նրա թիմին, որն ապահովել է ՄԱԿ-ի Փախստականների գծով վարչության 2 փորձագետների եւ 2005թ. ԵԱՀԿ փաստահավաք առաքելության մեկ ներկայացուցչի նյութատեխնիկական օժանդակությունը: Անցնելով ավելի քան 1000 կմ ճանապարհ՝ համանախագահները տեսել են ղարաբաղյան հակամարտության ավերիչ հետեւանքների եւ խաղաղ լուծման անհաջողությունների ակնհայտ վկայությունները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են եւ գրեթե ամբողջությամբ ավերված: Չնայած հավաստի թվեր չկան, սակայն բնակիչների ընդհանուր թիվը գնահատվում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են Լաչինի եւ Քելբաջարի փոքր գյուղերում ու քաղաքներում: Համանախագահները գնահատել են, որ այս տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005թ.-ից վեր: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր պայմաններում, չզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում եւ հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Ադմինիստրատիվ նպատակներով 7 տարածքները, նախկին ԼՂԻՄ-ը եւ այլ շրջաններ վերակազմավորվել են 8 նոր շրջանների: Դաժան իրականությունն այս տարածքներում ավելի է խորացրել համանախագահների համոզմունքը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն խաղաղ բանակցությունների հիման վրա կարգավորումը կարող է ավելի լավ եւ որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այդ տարածքներում, եւ նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ:
Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում խուսափել ցանկացած ակտիվությունից այդ տարածքներում եւ մյուս վիճահարույց հատվածներում, ինչը կարող է պատճառ դառնալ այդ տարածքների բնույթի վերջնական փոփոխության կամ լուծման: Նրանք խորհուրդ են տալիս նաեւ միջոցներ ձեռնարկել այդ տարածքների գերեզմանատների եւ երկրպագության վայրերի պահպանման ուղղությամբ եւ պարզել այն բնակիչների կարգավիճակը, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Համանախագահները մտադիր են հետագա առաքելություններն իրականացնել ղարաբաղյան հակամարտության այլ տարածքներում եւ այդ առաքելության մեջ ներառել համապատասխան միջազգային գործակալությունների փորձագետների, ովքեր ներգրավված կլինեն խաղաղ լուծման գործընթացում»:
Այս փաստաթղթի առնչությամբ արդեն մեկնաբանություններ կան ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-ում, նաեւ՝ Ադրբեջանում: Ընդ որում, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխող կուսակցությունների պատգամավորների, որոնք զեկույցը դրական են գնահատել, ԼՂՀ-ում այն առարկությունների է արժանացել: Այսպես, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԼՂ խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանը կարծիք է հայտնել, թե համանախագահները խտացրել են գույները ու նպատակ ունեն ստեղծել մի իրավիճակ, որը թույլ կտա բանակցությունների ժամանակ ստիպել հայկական կողմին տարածքներ զիջել: ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը նշել է, թե զեկույցում տեղ գտած տերմիններն ու ձեւակերպումներն անընդունելի են ԼՂ-ի համար, որ զեկույցը ոչ օբյեկտիվ ու միակողմանի է, որ նշված չէ ստեղծված իրավիճակի մեղավորի անունը՝ ի դեմս Ադրբեջանի:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հրապարակած ամփոփ փաստաթղթի վերաբերյալ, ինչպես վերն ասացինք, միանգամայն այլ է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանական պատգամավորների գնահատականը: Դրանից գոհ են ե՛ւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ե՛ւ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն, թեեւ երկուսն էլ փաստաթղթով հիացած չեն: Գ. Սահակյանը, ըստ news.am-ի, ասել է, թե զեկույցը մտածելու տեղի է տալիս, բայցեւ դրական է որակել այն, որ համանախագահներն առաջարկում են Ստեփանակերտը ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ։ Նրա կարծիքով, դրական է նաեւ այն հանգամանքը, որ համանախագահները կրկին պնդում են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքը: Trend-ին տված հարցազրույցում Այդին Միրզազադեն շեշտել է, որ «զեկույցից երեւում է, որ ԼՂ-ի եւ դրա հարակից շրջանների երբեւէ բարեկարգ քաղաքներն ու գյուղերը վերածվել են փլատակների», որ «այնտեղ խոսք լինել չի կարող որեւէ մշակութային զարգացման մասին», որ «ոչնչացվել է Ադրբեջանի պատմական ժառանգությունը»: Միրզազադեն սրան հավելել է, թե «դա Հայաստանի վարած պաշտոնական քաղաքականության արդյունքն է», եւ շեշտել, որ ՄԽ համանախագահները «պետք է մատնանշեն դրա կոնկրետ հասցեատիրոջը»: Ա. Միրզազադեն նաեւ դժգոհել է, որ զեկույցում «ոչինչ չի ասվում թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին, որ ոչ մի տեղեկություն չի հայտնվում այդ տարածքներում ադրբեջանական հնագույն հուշարձանների, թանգարանների ու մշակութային այլ հուշարձանների վիճակի մասին»:
Հրապարակված զեկույցի շուրջ երեկ «Առավոտը» զրուցեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնախմբի անդամ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Մարթա Այվազյանի հետ, որը մինչեւ դիտորդական այս առաքելության մեկնարկը՝ ահազանգել էր դրա հնարավոր վտանգների մասին:
«Հրապարակված փաստաթուղթը դեռ զեկույցը չէ. դա զեկույցի ամփոփիչ հատվածն է, իսկ զեկույցը, որքան հասկանում եմ, դեռ չի հրապարակվել՝ թե ի՞նչ պատճառով, չեմ կարող ասել: Բայց այս ամփոփ փաստաթղթից երեւում է, որ զեկույցում նշվել են ավերածություններն այն շրջաններում, որտեղ դիտորդներն այցելել են: Խոսքը այս դեպքում ենթակառուցվածքների ու նաեւ կյանքի պայմանների մասին է: Դա, ըստ երեւույթին, ավելի ընդարձակ նշված կլինի զեկույցում: Այն բանից, որ զեկույցում առանձին նշված է՝ «միջոցներ ձեռնարկել այդ տարածքների գերեզմանատների եւ երկրպագության վայրերի պահպանման ուղղությամբ», նույնպես կարելի է եզրակացնել, որ այն, ինչ նրանք տեսել են՝ նույնպես ավերված է եղել»,- արձանագրեց Մ. Այվազյանը՝ կարծիք հայտնելով, որ այս փաստագրումները կարող են միջազգային ատյաններում ադրբեջանցիների կողմից օգտագործվել այլ փաստաթղթերի համատեքստում: Այդուհանդերձ, նա ասաց, թե «մինչեւ ամբողջական զեկույցը չհրապարակվի, դժվար է խոսել դիտարկման արդյունքի մասին: Բայց միայն այն, որ համանախագահները նշում են, որ նորից են գալու տարածաշրջան, այն, որ առանձին նշվում է, որ 18 տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի փորձագետներն են եկել տարածաշրջան, եւ դա շարունակվելու է ու այցեր են լինելու նաեւ այլ շրջաններ, նաեւ այն, որ նրանք հերթական անգամ հայտարարում են ստատուս քվոյի պահպանման այլեւս անթույլատրելի լինելու մասին», հուշում է, որ համանախագահները փորձելու են ԼՂ կարգավորման հարցում հասնել ինչ-որ հանգրվանի, ինչ-որ կերպ լուծել խնդիրը: Մ. Այվազյանն էլի մի անգամ պնդեց, որ երբ ՄԱԿ-ը սկսում է նման գործընթացների մասնակցել՝ դա արդեն հետկոնֆլիկտային կարգավորման փուլ է նշանակում:
Հավելենք միայն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այս զեկույցին ո՛չ ԼՂՀ եւ ո՛չ էլ ՀՀ արտգործնախարարությունները դեռեւս չեն արձագանքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել