Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծել են ու գնացել թաղման

Մարտ 26,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության օպերատիվ խումբը հետախուզում է հայտարարել երկու սեւ գույնի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների հայտնաբերման ուղղությամբ: Երեկ, ժամը 15:15-ի սահմաններում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի եւ Նանսենի փողոցի խաչմերուկում՝ Գայի արձանի հարեւանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր է մեկնել Նոր Նորքի ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվում է, որ ծեծկռտուքի հետեւանքով մարմնական վնասվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 36-ամյա Արմեն Համլետի Սարգսյանը:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Սարգսյանին մարմնական վնասվածքներ են պատճառել նշված հասցեում: Նա հայտնել է, որ մինչ ոստիկանության ժամանումը՝ անծանոթ անձինք ծեծկռտուքից հետո փախուստի են դիմել: Ծեծողները դեպքի վայրից փախել են «ԲՄՎ X5» մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի եւ «ԲՄՎ 740» մակնիշի 55 PO 555 համարանիշի ավտոմեքենաներով: Կռվի վայրում Երեւանի Ճանապարհային եւ  Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի 07 ՍՕ 598 համարանիշի ավտոմեքենան (լուսանկարում): Այն պատկանում է վնասվածքներ ստացած Ա. Սարգսյանին: Վթարի վայրում ականատեսները ֆոտոլրագրողին պատմել են, որ փախուստից առաջ «ԲՄՎ»-ով տղերքը ասել են. «Գնացինք, թաղումից ուշանում ենք»:
«Առավոտի» տեղեկություններով, «ԲՄՎ 740» մակնիշի ավտոմեքենան գրանցված է Երեւան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 8 շենքի բնակիչ Գագիկ Աբգարյանի անունով, իսկ «ԲՄՎ X5»-ը՝ Երեւանի Ազատության պողոտա թիվ 2 շենքի բնակիչ Արտակ Խաչատրյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել