Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԽՈՍՏԱՆԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 26,2011 00:00

Երեկ Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե իր 15 պահանջներից որի՞ բավարարման դեպքում կդադարեցնի հացադուլը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ ասաց, թե չի ուզում եզրերի բառախաղ անել՝ պահանջների եւ ակնկալիքների միջեւ, բայց կուսակցության պահանջներն ամրագրվել են խորհրդի մարտի 13-ի նիստում, իսկ նախորդ ճեպազրույցում ներկայացված այդ 15 կետերն ուղղակի հանրամատչելի ձեւով եւ կարճ ներկայացված ակնկալիքներ էին. «Պետք չէ դիտարկել այդ 15 պաստառների վրա 1-2 տողանոց լոզունգները որպես պահանջներ»: Եվ նշեց, թե շարունակում է իր հացադուլը. «Ես ունեմ այն ակնկալիքը, որ ոչ թե ստիպելով, պարտադրելով, ձեւական պահանջ բարձրացնելով, այլ իրենք իրենց խելքը, խիղճը, հոգին ու քաղաքական գիտակցությունը, պետության նկատմամբ պատասխանատվությունը կօգտագործեն՝ արմատապես փոխելու իրենց մոտեցումները: Իհարկե, իշխանության որոշումը պետք է լինի: Ես չէ, որ պետք է իշխանության փոխարեն որոշեմ, եւ ես չէ, որ իշխանության չկամության դեպքում պիտի մտնեմ հիվանդանոց: Դրա համար իմ որոշումը կամայական, քաղաքացիական է: Ե՛ս եմ որոշել, եւ հավանաբար ոչ մի կարգախոս կամ պահանջ, կամ դրա բավարարումը չի բերելու իմ հացադուլից դուրս գալու որոշման: Դա իմ ենթակայական՝ սուբյեկտիվ որոշումն է լինելու, երբ Աստված ինձ ասի՝ բա՛վ է արդեն, այսքանով պետք է բավարարվես, եւ կամ որպես քաղաքացի՝ ես տեսնեմ, որ այն, ինչ վերջին 10 օրերի ընթացքում տեղի է ունենում այս մեր սրբավայր հրապարակում՝ իսկապես մեզ հուշում է, որ մենք մտնում ենք էապես նոր հանգրվան, որը պահանջում է նորովի նվիրվել Հայաստանի ազատությանը, իրավունքին, ժողովրդավարությանն ու ազգային շահին»: Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, թե սա պահանջ չէ, ոչ էլ խնդրանք՝ հավելեց. «Այլ հարց է, որ այս քանի օրերին Հայաստանի գործող նախագահը կամ պետական այլ բարձրակարգ պաշտոնյա մոտենա, եւ ինքը արմատական այնպիսի լուծումներ խոստանա, այդ թվում նաեւ՝ արտահերթ ընտրություններ, իհարկե՝ կարող եմ հենց տեղում ինքս իմ մեջ վերանայել իմ մոտեցումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել