Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՆԿԱՐՎԵԼՈՒ» ԵՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ»

Մարտ 26,2011 00:00

\"\"Երեւանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մայրաքաղաքի հասարակական 10 վայրերում կտեղադրվեն տեսադիտական համակարգեր: Նախ, միջոցների սահմանափակության պատճառով տեսախցիկները կտեղադրվեն Կենտրոն համայնքում, որտեղ նկատվում են ժողովրդի ամենամեծ կուտակումները: Մինչեւ կիսամյակի ավարտը՝ տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Ազնավուրի, Սախարովի, Հանրապետության հրապարակներում, Օպերայի, Մատենադարանի, Մաշտոցի պողոտայի տարածքներում: Այսինքն՝ բոլոր հնարավոր հանրահավաքային տարածքներում: Նազարյանի կարծիքով, տեսախցիկներն առաջին հերթին օգնելու են ոստիկաններին, քանի որ հնարավորություն կտան տեսնել «հանցագործության ամբողջական պատկերը՝ տարբեր դիրքերից, եւ կօգնեն ավելի արագ բացահայտել դրանք»: «Մենք կարող ենք նաեւ ֆիքսել շփումը քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, որում երկու կողմերն էլ պնդում են, թե իրենք իրավացի են, տեսախցիկները կօգնեն պարզել իրավիճակը»,- նշեց քաղաքի ոստիկանապետը:
«Լավին լավ ենք ասում, վատին՝ վատ»,- ըստ report.am-ի, լրագրողների այն դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի հանդեպ դրական եւ «Ժառանգության» հանդեպ բացասական տրամադրվածությունը, Ներսես Նազարյանն այսպես արձագանքեց: Նրա հավաստիացմամբ, ՀԱԿ-ն աստիճանաբար փոխում է իր կեցվածքը, իսկ «Ժառանգությունը» շարունակում է առավել ագրեսիվ դրսեւորումներ ցուցաբերել ոստիկանների հետ շփումներում: «Եթե մարդը պատգամավոր է, դա իրեն իրավունք չի վերապահում, որ ինչպես ուզի, այնպես էլ վարվի ոստիկանի հետ, ոչ, թույլ չենք տա»,- նշեց Ներսես Նազարյանը եւ հավելեց, որ այսուհետ Կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները չեն շփվելու որեւէ քաղաքացու հետ, քաղաքացիներն իրենց հետաքրքրող հարցերով դիմելու են տեղում ներկա ղեկավարին: «Ես արգելել եմ ոստիկաններին շփվել, խոսել»,- հայտնեց Նազարյանը:
Իսկ tert.am-ի տեղեկություններով, Ն. Նազարյանը հայտարարել է, որ ոստիկանները «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար Ազատության հրապարակում տեղադրված առաջին վրանը չեն պատառոտել: «Նման բան չկա, մենք հանգիստ ենք եղել: Պատառոտել ի՞նչ է նշանակում, հանել են, դրել են մի կողմ, թույլ չեն տվել դնել»,– ասաց Նազարյանը: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր օրենքի հիման վրա է արգելվել առաջին վրանի տեղադրումը, Ներսես Նազարյանը պատասխանեց, որ ոչ մի օրենքով էլ դա չի արվել. «Իմ հրահանգով թույլ չեն տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել