Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է, ԻՆՉ ԼՍՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 26,2011 00:00

Երեւան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունն այս տպավորությունը փոխանցել է զրույցի ընթացքում: Այն կհնչի՞ նաեւ ԵԽԽՎ մոնիթորինգի առաջիկա նիստի ընթացքում, երբ Թոմաս Համմարբերգի մասնակցությամբ կքննարկվի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը:

\"\" \"\"

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ երեկ Փարիզում գումարված նիստի օրակարգում 9-րդ հարցը Հայաստանն էր: Նշենք, որ օրակարգում էր նաեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցի նախագիծը, Ռուսաստանի հարցով համազեկուցողների՝ Մոսկվա եւ Կազան կատարած այցերի վերաբերյալ տեղեկատվությունը, Ադրբեջանի հարցով համազեկուցողների փաստահավաք այցի վերաբերյալ տեղեկատվությունը եւ այլն: ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը Փարիզից «Առավոտին» հայտնեցին, որ Հայաստանի վերաբերյալ քննարկում, ըստ էության, չի եղել: «Մոնիթորինգի հանձնաժողովի նախագահը հնչեցրեց համազեկուցողների առաջարկը, եւ դա հետո կրկնեց Ջոն Պրեսկոտը, թե առաջարկում են քննարկումն անցկացնել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ, քանի որ նա էլ է այցելել Հայաստան, եւ պատկերը կլինի ավելի ամբողջական»,- պատմեց Արմեն Ռուստամյանը: Ըստ ամենայնի՝ այդ քննարկումը կլինի ԵԽԽՎ ապրիլի 11-15-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում գումարվելիք Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերից մեկում: Դավիթ Հարությունյանը հավելեց. «Առաջարկվեց նաեւ լրացուցիչ քննարկել, թե ինչ առաջարկներ են արվելու, եւ ինչպես են շարժվելու առաջ: Ինչպես նաեւ՝ որոշվեց, որ հերթական զեկույցը Հայաստանի վերաբերյալ հավանաբար կներկայացվի սեպտեմբերին»:
Այս որոշումներից բացի՝ նիստի ընթացքում այնուամենայնիվ անդրադարձ եղել է Հայաստանին, քանի որ երբ հետաքրքրվեցինք, թե համազեկուցողները որեւէ կերպ չե՞ն արտահայտել Երեւան այցելության վերաբերյալ իրենց տպավորությունները եւ եզրահանգումները՝ պրն Հարությունյանը պատմեց. «Երբ քննարկվում էր Վրաստանի հարցը, եղավ պրն Պրեսկոտի շատ կարճ մեկնաբանությունը Հայաստանի մասին, թե ընդհանուր ինչ իրավիճակ է երկրում, եւ դիտարկումներ արեց, թե որն է համազեկուցողների դերը»: Առավել մանրամասնել մեր զրուցակիցները չցանկացան՝ հիշեցնելով Մոնիթորինգի հանձնաժողովում քննարկումների խորհրդապահական բնույթի մասին:
Եվրոպայի խորհրդում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը ԵԽԽՎ պատվիրակության Երեւան այցից հետո ունեցել է որոշակի շփումներ եւ իր ստացած տեղեկատվության հիման վրա նշեց, թե նրանց եզրահանգումները չեն տարբերվում այն հայտարարությունից, որը տարածել էին մարտի 23-ին. «Հիմնական տպավորությունը թե՛ հայտարարությունից, թե՛ իրենց հետ իմ ունեցած զրույցից այն էր, որ ճիշտ է՝ իրենք գնահատում են որոշ բարեփոխումների ծրագրերը՝ հատկապես «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները, բայց ինչպես ե՛ւ հայտարարության մեջ է ասվում, ե՛ւ մեր անձնական շփման ընթացքում նրանք շեշտեցին՝ արդեն բավական երկար ժամանակ է, որ գործ ունեն խոստումների, ծրագրերի, աշխատանքային խմբերի եւ նման այլ գեղեցիկ նպատակների հետ, եւ ժամանակն է, որ գրանցվեն իրական արդյունքներ: Եվ չնայած համազեկուցողների վերջին հայտարարության լեզուն բավական դիվանագիտական է՝ այնուամենայնիվ, տեքստից ակնհայտ է, որ իրական արդյունքների առումով Հայաստանի իշխանություններն առանձնապես գլուխ գովելու բան չունեն: Բացի դրանից՝ հայտարարությունը շատ հստակորեն նշում է, թե այն հիմնական խնդիրները, որոնք 2008 թվականի մարտի 1-ից թունավորում են Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ շարունակում են այն թունավորել, եւ այդ ուղղությամբ արված աշխատանքները բավարար չի կարելի համարել: Եվ մեր անձնական շփումների ժամանակ էլ է արտահայտվել այդ տեսակետը»:
ԵԽԽՎ համազեկուցողները նշելով, թե «2008-ի մարտյան դեպքերին դերակատարության համար դեռեւս կալանքի տակ գտնվող անձանց առկայությունը, ինչպես նաեւ 10 զոհերի պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը»՝ կոչ էին արել Հայաստանի իշխանություններին. «Ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամքը՝ առանց հետագա ձգձգման լուծելու այս խնդիրը»: Մեր ենթադրությանը, թե գուցե այն, որ Հայաստանի վերաբերյալ զեկույցի քննարկումը տեղի է ունենալու միայն սեպտեմբերին՝ տրված ժամկետ է, որ այդ ընթացքում լուծվի նաեւ այս խնդիրը՝ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես այդ երկու փաստերն իրար հետ անմիջականորեն չէի կապի: Սա ուղղակի բնական զարգացման գործընթաց է: Կունենանք քննարկում պրն Համմարբերգի հետ: Կարծում եմ, հունիսին մեզ արդեն կներկայացնեն իրենց զեկույցի նախագիծը, որից հետո մենք կունենանք 3 ամիս, որպեսզի արձագանքենք: Այնպես որ, սա ավելի շատ ժամանակային հաշվարկով է պայմանավորված»: Իսկ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նույն հարցին պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե իրոք նման բան լինի, լուծվի այս հարցը՝ հենց դա է ենթատեքստը, որ որպես դրական տեղաշարժ լրացուցիչ արձանագրեն»:
ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե տեղեկատվություն չունի՝ արդյոք սեպտեմբերին Հայաստանի հարցի քննարկումը պայմանավորվա՞ծ է մինչ այդ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ պայմանավորվածությամբ. «Ես էլ եմ ենթադրում կամ հավանական համարում, թե քանի որ հունիսին լրանում է Նիկոլ Փաշինյանին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորության համար ժամկետը՝ գուցե սա հերթական անգամ մեր իշխանություններին շանս տալու մի ձեւ է՝ տալ մի փոքր ավելի երկար ժամանակ, որ լուծեն քաղբանտարկյալների հարցը: Գուցե համարվում է, թե մի փոքր ավելի ժամանակի անհրաժեշտություն կա՝ այդ խոստումներն իրականության վերածելու կամ կոնկրետ քայլեր անելու համար: Ընդհանրապես ինքս միշտ քննադատաբար եմ վերաբերվել ժամանակ տալու, նորանոր շանսեր տալու ԵԽԽՎ այդ դիրքորոշմանը: Եվ չեմ կարծում, թե առանց լուրջ ճնշման, առանց լուրջ սպառնալիքների՝ այս ժամկետը Հայաստանի իշխանություններն օգտագործելու են իր նպատակի համար: Ես հոռետեսորեն եմ տրամադրված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել