Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՈՐԴՈՐԵՑԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Մարտ 26,2011 00:00

\"\"ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այցելեց Ազատության հրապարակ եւ դիմելով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասաց. «Մենք Ձեր պակասը զգում ենք»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները երեկ, օրվա երկրորդ կեսին, այցելեցին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Առաջինը հրապարակ մտան ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Նրանք Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցեցին Գագիկ Ծառուկյանի հորդորը՝ դադարեցնել ծոմը եւ վերադառնալ խորհրդարանական աշխատանքի: Սամվել Բալասանյանը Գագիկ Ծառուկյանի անունից Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցեց «Նոր Կտակարանը», որի առաջին էջում պարոն Ծառուկյանը գրել էր՝ «Աստված Ձեզ պահապան»: Հրապարակում էին նաեւ դաշնակցական պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը եւ Արծվիկ Մինասյանը: Հովիկ Աբրահամյանը Ազատության հրապարակ եկավ Գալուստ Սահակյանի, Հեղինե Բիշարյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ Գագիկ Բաղդասարյանի հետ: Հանդիպումները ջերմ էին, ձեռքսեղմումներ, գրկախառնություններ, ժպիտներ, անգամ՝ հուզմունք: Գործընկերները հորդորում էին դադարեցնել բողոքի այդ ձեւը, գնալ խորհրդարան եւ բոլոր հարցերի շուրջ խոսել, բանավիճել խորհրդարանի ամբիոնից; «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը հարցրեց. «Կարոտել եք, չէ՞»: «Կարոտել ենք»-ը էն բառը չի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Դիմելով պարոն Հովհաննիսյանին՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Մենք Ձեր պակասը զգում ենք, Ձեր խմբակցության: Նախագահի հետ խոսեցի, ասացի, որ հանդիպելու եմ, ինքն էլ գտավ, որ ճիշտ է իմ հանդիպելը եւ որպես պատգամավոր, եւ մարդկային իմաստով, մենք պետք է անպայման մեր գործընկերոջը այցելենք: Իմ կարծիքով՝ հնարավորություն կար ավելի արդյունավետ ձեւաչափով պրոբլեմները լսեինք Ազգային ժողովում: Շատ հարցերի շուրջ համաձայն եմ, իրոք՝ կան խնդիրներ, բայց այդ խնդիրները ճիշտ կլինի, որ քննարկենք ԱԺ ամբիոնից: Իհարկե, որոշումը Ձերն է, բայց մենք ունենք ամբիոն, որը ավելի լսելի կլինի եւ իշխանության համար, եւ հանրության»: Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այցի, գործընկերային եւ մարդկային վերաբերմունքի համար. «Դուք գիտեք, որ մենք ունենք տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի նկատմամբ, դուք գիտեք, որ «Ժառանգությունը» որոշել է իր պայքարը շարունակել թե ԱԺ-ում, թե հրապարակում, թե բոլոր հնարավոր եղանակներով»: «Իհարկե, ակնհայտ երեւում է «Ժառանգություն» խմբակցության տեղը խորհրդարանում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը: Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Ավելի հանգիստ է»: ԱԺ նախագահը համամիտ չէր. «Մեզ պետք չէ խաբուսիկ հանգստություն, մեզ պետք է հաստատ, նորմալ, հավասարակշռված հանդուրժողականություն, համերաշխություն»:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը զրուցեց Ազատության հրապարակում հավաքված մարդկանց հետ: Եվ, որքան էլ զարմանալի էր, Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը քաղաքական հարցեր չբարձրացրեց: Միակ բանը, որի մասին մարդիկ խոսեցին ԱԺ նախագահի հետ՝ սոցիալական խնդիրներն էին: Մեկի որդին աշխատանք չուներ, մեկը՝ ինքն էր գործազուրկ եւ աշխատանք էր ուզում, երրորդի բնակարանի հարցերը տարիներ շարունակ չէին լուծվում, չորրորդը պարզապես պահանջում էր, որ իրեն 50 հազար դրամ թոշակ տան, հինգերորդը դժգոհ էր, որ ինքը «Ջիպ» չունի, իսկ որոշ պատգամավորներ ունեն, վեցերորդը, թե՝ «իմ տղան քոնինից ինչո՞վ է պակաս, որ վատ է ապրում», յոթերորդը՝ «մանկական այգիները ինչո՞ւ եք փակել ու այստեղ եք այգի բացել», ութերորդն էլ, թե՝ խեղճ ժողովրդի վրա շապիկ չի մնացել, եւ այսպես շարունակ: Մեկն էլ, թե՝ Արտաշատի հողերը ո՞ւր են: Պարոն Աբրահամյանը շատ էր ուզում հատկապես այդ հարցին պատասխանել, բայց հարց տվողը չսպասելով պատասխանի՝ հեռացել էր: Հետո փնտրում եւ չէին գտնում այդ մարդուն, որ իր հարցի պատասխանը ստանար: Միակ քիչ թե շատ «քաղաքական» հարցն այն էր, թե ինչու են ձերբակալել բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին: Երեք մարդ այդ հարցը ուղղեց ԱԺ նախագահին: Հովիկ Աբրահամյանը հատ-հատ խոսեց բոլորի հետ, լսեց բոլորին եւ իր օգնականին հանձնարարեց գրառել բոլորի հեռախոսահամարները եւ խոստացավ բոլորի խնդիրներին լուծում տալ: Այդ զրույցի ընթացքում ոստիկանները շրջապատել էին մարդկանց եւ ԱԺ նախագահին: Դիմելով ոստիկաններին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց՝ գնացեք, ինձ բան չեն անի, դե, թող մի հատ էլ ծեծեն: «Քեզ ո՞վ կծեծի»,- նեղացավ հավաքվածներից մեկը. «Բոլորիս լսեցիր եւ ասացիր, թե կօգնես»:  «Եվ կօգնեմ»,- եղավ պատասխանը:
Վերջում ԱԺ նախագահը մի փոքրիկ տղայի հետ թենիս խաղաց Ազատության հրապարակում եւ հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել