Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ են պետք աղետը մոռանալու համար

Մարտ 25,2011 00:00

Հոգեբանների դիտարկումները

Ճապոնիայի աղետը, բացի տնտեսական եւ այլ հետեւանքներից, նաեւ խոր հոգեբանական բացասական ազդեցություն ունեցավ ոչ միայն երկրաշարժ ապրածների, այլեւ չապրածների վրա: Երեկ «Հայելի» ակումբում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, խոսելով այդ ազդեցության մասին, նշեց. «Ճապոնիայի երկրաշարժի լուսաբանումներից տեսնում ենք, որ ամեն ինչ ներկայացվում է ոչ խուճապային ֆոնի վրա, որը թվում է, թե տարօրինակ է: Դա առաջին հերթին ճապոնացիների պետական մոտեցումն է եւ պատրաստվածությունը, նաեւ ազգային մշակույթը, կարգապահությունը: Նրանք, իմանալով, որ իրենք սեյսմիկ գոտում են՝ դժվարությունների մեջ, կանխարգելիչ աշխատանքները կարգապահ եւ կանոնակարգված են իրականացնում»: Անընդհատ հայտարարություններ են հնչում ձկնորսությունը դադարեցնելու, քամիների ընթացքի եւ տեղաշարժերի ուսումնասիրության վրա գումարներ ներդնելու եւ այլ տեխնիկական աշխատանքների մասին: Հոգեբանը գտնում է, որ սա մարդկանց նկատմամբ ուշադրությունը շեղել է եւ հաշվի չի առնվում, թե այն ինչպես է անդրադարձել բնակչության վրա, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ: 1988-2004թթ. ֆրանս-հայկական «7 դեկտեմբեր 88» բարեգործական ասոցիացիայի նախագահ, ֆրանսահայ հոգեբան Հերոլդ Ալեքսանյանն էլ կարծում է՝ լինի երկրաշարժ, թե ցեղասպանություն, նման դեպքերում ժողովուրդը համոզված է, որ ապագա չկա եւ մարդու համար նույնիսկ օրվա կյանքն է իր իմաստը կորցնում: Նրա փոխանցմամբ, նման դեպքերում կարող է առաջանալ ամնեզիա, այլ ախտանշաններ կարող են ի հայտ գալ, որոնք շատ հայերի շրջանում տարածված են: Հ. Ավանեսյանն ասում է, որ այս իրավիճակից դուրս գալու միանշանակ դեղատոմս չկա: Ըստ հոգեբանի, մարդը դժվարությունները ոչ թե պետք է մերժի, այլ դրանք ընդունելով, փնտրի հաղթահարման ճանապարհը: Նա խորհուրդ է տալիս դժվարությունների մեջ չմեղադրել ո՛չ սեփական անձը, ո՛չ էլ մեկ ուրիշին, այլ կառուցողական մտածողության շնորհիվ որոնել իրական պատճառը: «Մեզ մոտ չպետք է առաջանան ոչ իրական վախեր, բայց պետք է նաեւ զգոն լինել եւ իմանալ, թե ինչ սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակում ենք մենք»,- նշեց Հ. Ավանեսյանը եւ զգուշացրեց՝ նման իրավիճակներում ակտիվանում են հոգեորսությամբ զբաղվողները, ոչ բարեխիղճ քաղաքական ուժերը, որոնք ամեն կերպ փորձում են օգտվել իրավիճակից: Հ. Ավանեսյանը հիշում է՝ 88-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստանում էլ եղան խուճապային իրավիճակներ, բայց հայերը դրանք միասնական կերպով հաղթահարեցին:

Հարցին՝ ի՞նչ անդրադարձ է ունենում երկրաշարժը այդ աղետը ապրած ժողովրդի վրա, Հ. Ալեքսանյանը պատասխանեց. «Երբ մի սարսափելի բռնություն կպատահի, որը բացատրություն չունի, եւ փոխարենը չունինք առաջնորդ կամ բավական ուժեղ մտավորականներ, կամ խնամողներ, ժողովուրդը կհուսահատվի: Այսօր ի՞նչ կտեսնենք Հայաստանի փողոցներում՝ այս պետությունը պետություն չէ, ապրելու տեղ չէ, ապագա չկա եւ այլն: Նույն բանը կկատարվի բռնաբարության ժամանակ, ապրածն այնքան վտանգավոր չէ, ինչքան հետագա պատկերացումը, ինչը հետեւանք է, որ կամաց-կամաց մարդը կյանքից հրաժարվի»:

Հոգեբանները գտնում են, որ, ի տարբերություն ճապոնացիների, ովքեր առանց խուճապի լուծում են դժվարությունները, հայերը ծայրահեղական են:

Հ. Ավանեսյանը նշում է, որ Հայաստանում հոգեբանական կրթվածության բարձրացման կարիք կա: Ֆրանսահայ մասնագետի կարծիքով էլ՝ հայերի մոտ, նույնիսկ սփյուռքում Հայաստանը կա՛մ երեւութական է, կա՛մ էլ առանց ապագայի. «Չկա մի ծրագիր, թե սփյուռքն ինչ ռեսուրսներ ու պոտենցիալ ունի, ընդամենը կա սփյուռքահայերի խումբ, որ Հայաստանին նյութական ուշադրություն է դարձնում, փող բերում, այսինքն՝ ընդհանուր ծրագիր չկա»:

Մյուս հարցին, թե երկրաշարժ տեսած մարդուն որքա՞ն ժամանակ է պետք այդ հոգեվիճակից դուրս գալու համար եւ արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է դրան, Հ. Ալեքսանյանի խոսքով, մարդկանց մեջ, օրինակ, ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար 5-6 սերունդ է պետք: Հ. Ավանեսյանն էլ պատասխանեց, որ աղետ ապրած մարդկանց համար նույնիսկ մինչեւ 10 եւ ավելի տարիներ են պետք եւ նրանց նկատմամբ հոգածությունը չպետք է ընդհատվի: Վերջինս ցավալի համարեց փաստը, որ աղետի գոտին մինչեւ այժմ այդպես է կոչվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել