Գեղամ Գրիգորյանի պակասը զգացվում է Ազգային օպերային թատրոնում
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 30-ին կնշվի օպերաիյն երգիչ, Հայաստանի եւ Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հոբելյանը՝ 60-ամյակը: Աշխարհահռչակ տենորը խոշոր երեւույթ է առաջին հերթին՝ ազգային օպերային արվեստում: Գ. Գրիգորյանն առաջիններից էր, որ կարողացավ հաղթահարել խորհրդային տարիներին եղած պատնեշները եւ դուրս գալ առաջին հայացքից անհասանելի թվացող արեւմտյան օպերային բեմեր: Ցանկացած օպերային դերերգի կատարման խոր զգացմունքայնությունը, ձայնի տեմբրի ու ծավալի առանձնահատկությունները զարմացրին բոլոր նրանց, ովքեր վոկալիստի մեջ տեսան օպերային երգչի եւ դերասանի սինթեզը:
Առաջին մրցանակը Չայկովսկու անվան միջազգային մրցույթում (1974թ.) երգիչը ստացավ այն ժամանակ, երբ Երեւանում նրա առջեւ փակվել էին օպերային թատրոնի դռները (զարմանալի չէ. անհատականությունների հետ հաճախ է պատահում), մինչդեռ Վիլնյուսում նրան ընդունել էին սրտաբաց, որովհետեւ հայ տենորը տարբերվում էր իր կոլեգաներից տաք ու կոլորիտային գույներով: Դժվար է որոշել, թե երբ էին երգչի համար վերելքի տարիները, հավանաբար դրանք 1980-90-ական թվականներն էին. նրան մշտապես հրավիրում էին, գայթակղիչ առաջարկներ անում, սակայն փաստ է, որ արդեն ճանաչված արտիստը թողեց համաշխարհային փառքը, ինչու չէ՝ բարձր հոնորարներն ու նախընտրեց հայրենիքը: Հեշտ չէր 1999թ. փոխարինել Տիգրան Լեւոնյանին՝ ստանձնելով Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր ռեժիսորի պաշտոնը: Նա արեց այն, ինչը հնարավոր էր տվյալ ժամանակաշրջանում. մեկը մյուսի ետեւից բեմադրեց Տիգրանյանի «Անուշը» եւ «Դավիթ-Բեկը», Վերդիի «Տրավիատան», Չուխաջյանի «Արշակ Երկրորդը»…
Ցավալի է, որ հենց Գ. Գրիգորյանի նկատմամբ էլ չվարվեցին այնպես, ինչպես վայել է արվեստագետին: Չնայած դրան, այսօր Ազգային օպերային թատրոնում չափազանց սերտ են նշանավոր տենորի ստեղծագործական կապերը երիտասարդ կոլեգաների հետ: Նա իր վարպետությունն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Սակայն առավել ցանկալի կլիներ, եթե նա լիներ ակտիվ ստեղծագործական ընթացքի մեջ, ինչու չէ, առաջին հերթին լինելով որպես բեմադրիչ, ապա նաեւ՝ ժամանակ առ ժամանակ հանդես գար դերերգերով: Տեղյակ ենք, որ վերջերս Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովայում» նրան առաջարկվել է գլխավոր դերերգը, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է: Հակված չենք պնդելու, թե գրիգորյանական բոլոր բեմադրություններն անխտիր երեւույթներ էին, սակայն արդեն իսկ նրա փորձը կարող էր դպրոց լինել շատերի համար: Աշխարհի առաջնակարգ օպերային թատրոններում նման օրինակներ կան, երբ անվանի երգիչները մնում են հարազատ թատրոնում՝ ստանձնելով հաճախ փորձավար բեմադրիչի կամ մեներգիչների խմբի ղեկավարի պաշտոնները (Մարիա Կալաս, Լիլի Չուքասզյան, Իվան Կոզլովսկի, մեր օրերում՝ Ելենա Օբրազցովա, Պաատա Բուրչուլաձե եւ այլն): Կարծում ենք, սա այն դեպքն է, երբ դեռ ուշ չէ, որ հայ աշխարհահռչակ տենորի մասով խոհեմ որոշում կայացվի եւ նա կրկին «բերման ենթարկվի» թատրոն: