Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Մարտ 25,2011 00:00

\"\"Նրանք ցանկանում են, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը

Երեկ 9-րդ օրն էր, ինչ Ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են այցելել հացադուլավորին եւ իրենց զորակցությունը հայտնում: Նրանց մեջ են նաեւ մի շարք անվանի մտավորականներ:

Անվանի գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը «Առավոտին» հայտնեց. «Ես նրան վաղուց եմ ճանաչում, սիրում եմ իրեն, շատ բարձր կարծիքի եմ, ճանաչում եմ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողներին: Շատ ափսոսում եմ, որ նա նման ծայրահեղ միջոցի է դիմել, անհանգստանում եմ նրա առողջության համար: Կուզենայի անձամբ հանդիպել, խոսել հետը: Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, որ երբ ԱԳ նախարար էր, առաջինը Թուրքիայում համարձակվեց խոսել ցեղասպանության մասին: Կարծեմ թե նա այդ տարիներին հայտնեց այնպիսի կարծիք, որը ժամանակի իշխանության կարծիքը չէր: Րաֆֆին միակ գործիչն է, որ բոլոր մշակութային օջախներում կայացած միջոցառումներին պարտադիր այցելում է, այսինքն՝ մարդ է, որը գործ ունի մշակույթի հետ, իսկ մշակույթի հետ կապ ունեցող մարդը չի կարող ազնիվ չլինել: Ափսոսում եմ, որ նա այս քայլին է դիմել, այդ քայլը ոչ մեկին դեռ հաջողության չի հասցրել»:

Ճանաչված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հետեւյալ կարծիքի է. «Ես ամեն դեպքում ամեն ինչի հանդեպ հանդուրժող եմ, բայց քաղաքականությունը շատ խառը, խճճված բան է, ու շատ լավ կլիներ, եթե մարդիկ շեշտը դնեին բարոյականության վրա: Րաֆֆի Հովհաննիսյանին ես համարւմ եմ բարոյական, լավ մարդ: Դա նշանակում է որ նրա շուրջ կարելի է պատկերացնել, թե քաղաքականությունն ինչպիսին կլինի: Կարծում եմ՝ ծայրահեղ վիճակ է եղել, որ մարդը այդ քայլին է դիմել: Պետք է համբերել, սպասել մինչեւ այն ժամանակները, երբ ճշմարտությունը ազգային գաղափարի շուրջ կձեւավորվի»:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը նույնպես նեղսրտել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել. «Շատ եմ ափսոսում, պայծառ մարդ է, մեր թատրոնին շատ է օգտակար եղել: Ախր եթե որեւէ խնդիր ուներ, կարող էր խորհրդարանից հնչեցնել, ինչո՞ւ է հացադուլի դիմել: Այս դեպքը ինձ վրա շատ է ազդել»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը չցանկացավ մեկնաբանել վերջին ներքաղաքական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, դրան հաջորդած իրադարձությունները: Նա ասաց, որ կխոսի, բայց մեկ այլ թերթում:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշեց, որ տվյալ պարագայում կարեւոր չէ՝ հացադուլավորը անկախ Հայաստանի առաջին ԱԳ նախարարն է, թե սովորական քաղաքացի. «Հատկապես մտավորականը իրավունք չունի մարդկանց առանձնացնել կատեգորիաներով՝ ըստ քաղաքական հայացքների կամ պաշտոնի: Խոսքը գնում է կոնկրետ անձի մասին, որը այս պարագայում գտնվում է նեղ վիճակում: Եթե մարդը որոշել է հացադուլ անել, փաստորեն որոշել է ինքն իրեն վնաս հասցնել: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին առնվազն կարիք ունի բարոյական աջակցության, անկախ նրանից՝ կիսո՞ւմ, թե՞ չես կիսում նրա հայացքները: Օրինակ՝ ես գնացել եմ Ազատության հրապարակ, իմ աջակցությունն եմ հայտնել ու խնդրել եմ, որ դադարեցնի հացադուլը: Ես այստեղ զուտ հումանիստական պահն եմ տեսնում. նրան անձրեւանոց կամ վրան տրամադրելը զուտ մարդկային բաներ են, որոնք բնութագրելու են ոչ այնքան Րաֆֆիին, որքան նրանց, ովքեր այդ քայլերին դիմելու են: Եթե այդ մարդիկ խուսափում են այդ քայլերից, իրականում նրանք վատություն չեն անում Րաֆֆիին, մեր մեջ ասած, իրենք իրենց են վատություն անում: Մենք պետք է վերջիվերջո գնահատենք մարդու կյանքը, թե չէ՝ շատ ենք խոսում ազգային, պետական, կուսակցական եւ այլ բաների մասին, ու արդյունքում մարդը տասներորդ պլանում է մնում: Եթե ուշադրության կենտրոնում չպահենք մարդուն՝ անկախ իր սոցիալական վիճակից, քաղաքական հայացքներից, ազգային պատկանելությունից եւ հազար ու մի հարցերից, մեզ մոտ ոչինչ չի ուղղվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել