Նովրուզի տոնի կապակցությամբ, մարտի 27-ին Իլհամ Ալիեւի փոխարեն Թեհրան կժամանի Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիեւը: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությունը։ Իրանի նախագահի հրավերը Իլհամ Ալիեւին էր հանձնել Իրանի տրանսպորտի նախարար Ռեզա Թահիփուրը, ով պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում։
Ադրբեջանական պատվիրակության մակարդակի իջեցման պատճառը, հնարավոր է, վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների նկատելի սառնությունն է:
Վերջին շրջանում, ոչ միայն Բաքվում, այլեւ մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Շվեդիայում, Իրանի դեսպանատների առաջ թուրքերն ու ադրբեջանցիները հակաիրանական ցույցեր են անցկացնում եւ պահանջում դադարեցնել հարձակումները Ադրբեջանի վրա:
Հիշեցնենք, որ Նովրուզի տոնակատարություններին մասնակցելու համար Իրանը հրավիրել է նաեւ Հայաստանի, Իրաքի, Աֆղանստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Պակիստանի նախագահներին։