Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի վստահության վարկանիշը մարտ ամսին հասել է վեցամյա մինիմումին, ինչը սոցիոլոգները բացատրում են բնակչության կողմից իրենց կյանքի որակը բարելավելու նկատմամբ ապատիայով: Այդ մասին երեկ փոխանցել է Reuters-ը:
Կրեմլում Մեդվեդեւի աշխատանքին հավանություն է տվել ռուսաստանցիների 66 տոկոսը, ինչը 3 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Դա է վկայել «Լեւադա» կենտրոնի անցկացրած սոցհարցումը, որն անցկացվել է մարտի 18-22-ը: Պուտինի գործունեությունը՝ երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում, իջել է մինչեւ 69 տոկոսի՝ փետրվարին արձանագրված 73 տոկոսի փոխարեն: «Սա վարկանիշների ամենաշեշտակի անկումն է 2005թ. հուլիսից ի վեր»,- հայտարարել է «Լեւադա» կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը:
Քաղաքացիների վերաբերմունքը դեպի վատը սկսել է փոխվել նախընտրական տարվա հունվարից ի վեր:
Մեդվեդեւ-Պուտին տանդեմին զուգահեռ, անկում է ապրում նաեւ իշխանական «Միասնական Ռուսաստան» կուսակցության վարկանիշը: Ռուսաստանցիների միայն 57 տոկոսն է ասել, որ եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենան Պետդումայի ընտրություններ, իրենք կընտրեն հենց այդ կուսակցությանը: Սա այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ «Միասնական Ռուսաստանին» ընտրելու պատրաստակամություն էր հայտնել ռուսաստանցիների 60 տոկոսը: Փորձագետների ասելով, ընտրությունների նախօրեին վարկանիշների անկումը կարող է ավելացնել սոցիալական ծախսերը, բայց դրանից իշխանության ներսում առկա վիճակը չի փոխվի: «Միեւնույն է՝ 66-69 տոկոս վստահությունը միջազգային չափանիշներով բավականին ազդեցիկ է»,- փոխանցում է աղբյուրը: