Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեսը (նկարում), այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է նրա կառավարության՝ տնտեսական խիստ միջոցառումների առաջարկը, որոնց օգնությամբ փորձ էր արվելու խուսափել դիմելու միջազգային օգնությանը, չորեքշաբթի օրը հրաժարական է տվել՝ զգուշացնելով երկրին սպասվող լուրջ հետեւանքների մասին: Reuters-ի փոխանցմամբ, վարչապետն ասել է, թե «այդ քաղաքական ճգնաժամը լրջորեն կազդի ինստիտուտների ու ֆինանսական շուկաների վստահության վրա, որն այնքան անհրաժեշտ է Պորտուգալիային»:
Սոկրատեսը հրաժարականի մասին իր հայտարարությունը փոխանցել է երկրի նախագահ Հանիբալ Կավակո դա Սիլվային: Նախագահը հայտարարել է, թե ուրբաթ օրը հանդիպումներ կուենա քաղաքական բոլոր ուժերի հետ, իսկ մինչ այդ կառավարությունը կպահպանի իր լիազորությունները: Սոկրատեսը մեկնում է երկրից՝ մասնակցելու եվրագոտու երկրների առաջնորդների՝ մարտի 25-26-ը կայանալիք գագաթաժողովին:
«Ես վստահ եմ, որ այն ճանապարհը, որով մենք ընթանալու ենք, ժողովրդավարության նորմալ ճանապարհն է՝ հնարավորություն տալ Պորտուգալիային հայտնել իր կարծիքը, այսինքն՝ ճգնաժամը հաղթահարելու համար ընտրել նոր եւ ուժեղ, վստահելի կառավարություն»,- հայտարարել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեդրո Պասսոս Կոելոն՝ հավելելով, թե երկրի նածագահին մտադիր է հենց այդ ուղերձը փոխանցել:
Պորտուգալիայում տեղի ունեցած զարգացումները դարձել են դոլարի նկատմամբ եվրոյի զգալի անկման պատճառ: Խորհրդարանում քվեարկության արդյունքների մասին տեղեկություններից հետո Եվրոպայի միասնական արժույթը մեկ օրվա ընթացքում 0,7 տոկոսի անկում է ապրել:
Երկրի կառավարությունը հույս ուներ մինչեւ ԵՄ գագաթաժողովը՝ ստանալ խորհրդարանի աջակցությունը բյուջեի ծախսային մասի կրճատման վերաբերյալ իր առաջարկությանը: Դա անհրաժեշտ էր՝ նվազեցնելու համար շուկայական ճնշումը Պորտուգալիայի պարտքի նկատմամբ:
Սակայն եվրոպական առաջնորդները, ըստ ամենայնի, կհիասթափեցնեն ներդրողներին՝ որեւէ որոշում ընդունելը հետաձգելով մինչեւ հունիս: