Շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար անցկացվող քննությունները: Քննական հանձնաժողովը արդեն 45 հավակնորդի թույլ չի տվել մասսնակցել քննություններին, այն դեպքում, երբ մարդիկ վերապատրաստվել են համապատասխան կազմակերպության կողմից ու վճարել 90000 դրամ: ԿԳ նախարարությունից փորձեցինք պարզել՝ ի՞նչ են մտածում այս ուղղությամբ եւ արդյո՞ք վերապատրաստող կազմակերպություններին որեւէ նախազգուշացում արվել է՝ հավակնորդների գործերն ընդունելիս ուշադիր լինելու մասին: ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը պարզաբանեց, որ մեկ հոգու՝ համապատասխան կրթություն չունենալու հիմքով չի թույլատրվել մասնակցել քննություններին, մյուս 3-ի պարագայում աշխատանքային ստաժը չի բավարարել: Տիկին Գրիգորյանը մեղադրեց ոչ թե վերապատրաստող կազմակերպություններին, որոնք, փաստորեն, փնթի են աշխատել եւ եղել անուշադիր, այլ հավակնորդներին, ասելով, որ նախ նրանք պետք է տեղյակ լինեին պահանջներին ու հայտ չներկայացնեին: Նա նաեւ հավելեց, թե զրուցել է այդ 4 անձանց հետ եւ պարզել, որ «տնօրենացուները» առանձնապես ցավագին չեն ընդունել: Ինչ վերաբերում է վերապատրաստվելու համար վճարված 90000 դրամին, տիկին Գրիգորյանի ասելով՝ դա կա՛մ կվերադարձվի, կամ ստաժը լրանալուց հետո դիմելու դեպքում, եթե այդ մարդիկ ցանկանան վերապատրաստվել, հաջորդ անգամ գումար չեն վճարի: ԿԳՆ անձնակազմի կառավարման վարչության պետը նաեւ տեղեկացրեց, որ վերապատրաստող կազմակերպություններին ԿԳ նախարարությունը նախազգուշացրել է ավելի ուշադիր լինել եւ հաջորդ փուլին նրանք ավելի լուրջ կմոտենան հարցին: