Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵ՞Ն

Մարտ 25,2011 00:00

«Առավոտի» մարտի 1-ի համարում տպագրված «Քննական խորամանկություններ կամ խնամի- ծանոթ- բարեկամ» հրապարակման մեջ նշել էինք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների թվում է 128-րդ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Ղասաբօղլյանը, ով «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավարներից մեկի տիկինն է: Ի դեպ, երեկ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը այս դպրոցին 3 մլն դրամ է նվիրաբերել, քանի որ ինքն այս դպրոցի շրջանավարտն է եղել: Ինչ վերաբերում է տիկին Ղասաբօղլյանին, նա հաղթահարել է եւ գրավոր, եւ բանավոր քննության փուլը, սակայն, ըստ մեր տեղեկությունների, չունի մանկավարժական կրթություն, առավել եւս՝ համապատասխան մասնագիտական ստաժ, որպեսզի իրավունք ունենա դպրոցի տնօրեն աշխատել: Նրա ներկայացրած փաստաթղթերի մեջ ընդամենը մի տեղեկանք կա այն մասին (տրված 2010թ. սեպտեմբերի 14-ին), որ այս տիկինը 2000-2007թթ. աշխատել է ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ Վերին Արտաշատի դպրոցում: Սրա հիման վրա էլ նրան թույլ են տվել մասնակցել վերապատրաստման եւ քննությունների: Ըստ մեր աղբյուրի, այդ տեղեկանքը կեղծ է եւ դրա հիմքերը այժմ ստուգվում են: Բանն այն է, որ Լ. Ղասաբօղլյանը ավարտել է Ժողինստիտուտը եւ Արաբկիրի էլցանցում հաշվապահ է աշխատել: Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել