Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ online-ը քո ավանդականին վնաս չէ

Մարտ 25,2011 00:00

Բանավեճ ֆորումներում՝ կրթության այլընտրանքային  միջոցների մասին

ՀՀ կրթական քաղաքականության մեջ արդեն նշանակություն է տրվում ՏՀՏ կիրառմանը՝ ուսումնական գործունեության մեջ: Օրինակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հետ չի մնում այդ ամենից:

Զանազան ֆորումներում եւս շատ են քննարկումները հատկապես online ուսուցման մասին: Օրինակ, Arminan՝ «Դար» ակումբից հարց է բարձրացնում. «Արդյո՞ք online ուսուցումն է մեր ապագան, որքանո՞վ է դա արդյունավետ»:

Սամվել անունով այցելուն լավ է վերաբերվում դրան, ասում է. «Մի 5-6 դաս Ռենձյուի (ճապոնական սեղանի խաղ) դասերի եմ մասնակցել, բավականին հետաքրքիր էր: Իմ կարծիքով՝ վատ մեթոդ չի… Ամեն դեպքում ինտերնետը այսօր բավականին մեծ ինֆորմացիա է պարունակում»:

dvgray-ը գտնում է, որ կրթությունը պետք է հստակ տարանջատել կոնկրետ գիտելիքների պաշար լրացնելուց կամ վերապատրաստվելուց. «Վերջինները ենթադրում են նաեւ ինքնուրույն աշխատելու միջոցով արդյունքի հասնելու հնարավորություն: Իսկ եթե խոսքը կրթվելու մասին է, ապա այստեղ անչափ կարեւոր է ուսուցչի կենդանի կապը ուսուցանվողի հետ: Առաջին հերթին կրթում է ուսուցչի «վարքն ու բարքը», հետո նոր՝ «խոսքն ու միտքը»: Գիրքը՝ անուղղակի ճանապարհ է կրթվելու: Իսկ ուղղակին՝ դա տեսնելն է, այդ գործողությունը ապրելն է ռեալ կյանքում՝ ուսուցչի իրական, կենդանի դերակատարմամբ: Ժամանակակից մեթոդներով սա փոխարինել դեռեւս հնարավոր չէ: Կարող է եւ կգա մի ժամանակ, որ մարդկությունը մի ուրիշ բան կմտածի (նման «Մատրիցայում» ծրագրի վերաբեռնելուն), սակայն առայժմ սրա մասին կարելի է խոսել միայն ֆանտաստիկ գրականության մեջ»:

Firewall-ը հարց է տալիս. «Հըմմ… իսկ դու Հայաստանում կրթվե՞լ ես… բարձրագույն կրթություն նկատի ունեմ… Հետաքրքիր ա ուղղակի, ես, մեղմ ասած, ինտերնետից ավելի շատ բան կարող եմ իմանալ ցանկացած առարկայի մասին»:

Ի պատասխան՝ dvgray-ը հիշում է իր լավագույն դասախոսներին, նաեւ հավելում. «Տեխնիկան զարգանալով՝ մարդուն առաջարկում է որոշակի ապրելակերպ, որի հիմնական մասը կազմում է հեշտությունը: Մյուս կողմից կրթությունն է, որը մարդուց պահանջում է երկարատեւ աշխատանք, եւ քանի որ մարդը էությամբ ծույլ է, ավելի հակված է դեպի հեշտը… Առաջ նոր գիտելիքների հիմնական աղբյուրը հանդիսանում էր ուսուցիչը, եւ երեխան ձգտում էր գնալ դպրոց, իսկ այսօր տեխնիկայի միջոցով նույնպես տրվում են գիտելիքներ: Այդ պատճառով էլ մարդիկ ավելի շատ հակված են օնլայն ուսուցմանը՝ այն ավելի հեշտ է, ավելի արագ: Իմիջիայլոց, միջազգային աշխատաշուկայում նորմալ, որակավորում պահանջող աշխատանքի ընդունելիս շատ անգամ շեշտվում է, որ, օրինակ, բակալավրիատը կամ մագիստրատուրան ավարտած լինեն ոչ օնլայն»:

Սամվելը, որ մասնակցել է օնլայն դասընթացների, գրում է. «Բավականին հետաքրքիր է ու հարմար… Ասենք՝ կարաս հաց ուտելով դասի նստես կամ կոֆե խմելով… ու, ասենք, չոր աթոռի տեղը՝ նստես հավեսին բազկաթոռի վրա: Լուրջ, կոմֆորտի տեսանկյունից բավականին լավ է: Մյուս կողմից էլ, հիմա այն դարը չի, որ կարելի է հրաժարվել կրթության դասական ձեւերից ու անցնել օնլայնին: Սակայն սենց բան ասեմ՝ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ եթե միայն ինստիտուտի տվածով բավարարվես, ոչնչի չես հասնի: Օնլայն դասընթացներից հաստատ վնաս չի լինի, եթե օգուտ չլինի»:

Ըստ Firewall-ի, օնլայն ուսուցումը ընդամենը այլընտրանքային միջոց է. «ինստիտուտը միայն կրթությունը չէ: Դպրոցի մասին չեմ էլ խոսում: Մանկապարտեզն էլ որ սարքեն ինտերնետով, կստացվի՝ մարդիկ կմեծանան, կսովորեն համակարգչի առաջ, հետո կսկսեն աշխատել ինտերնետով, հետո սիրած էակին նույնպես ինտերնետի միջոցով կգտնեն… ու կամուսնանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել