Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերայինը ղեկավար ունի

Մարտ 25,2011 00:00

Մեկ ամիս է, ինչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր է նշանակվել ֆրանսաբնակ դիրիժոր եւ դաշնակահար Վահան Մարտիրոսյանը:

Մարտի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու նվագախմբի անդրանիկ համերգը, որը կղեկավարի նորանշանակ դիրիժորը: Համերգը նվիրված է Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակին:

Մաեստրոն ասում է, որ հպարտ է իր նշանակման համար. «Սա մեծ պարտավորություն է եւ նշանակում է ահռելի աշխատանք նվագախմբի հետ: Աշխատանքի արդյունքն էլ մեր առաջին համերգն է լինելու»:

Վ. Մարտիրոսյանը արդեն մշակել է Կամերային նվագախմբի ապագա ծրագրերը, համերգների հստակ ժամանակացույցը: Մասնավորապես ապրիլի 8-ի համերգին նախատեսվում է ֆրանսահայ երաժիշտ ու դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ելույթը Կամերային նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր: Վ. Մարտիրոսյանն ընդգծեց. «Ես որոշել եմ, որ նվագախումբը պետք է ունենա հնարավորություն՝ աշխատել ոչ միայն իմ, այլեւ շատ ուրիշ դիրիժորների հետ: Գլխավոր դիրիժորը նվագախմբի համար մայրենի լեզու է, իսկ մայրենի լեզվից բացի ինչքան շատ լեզվով «խոսի» նվագախումբը, այնքան հարուստ կլինի եւ կկարողանա երաժշտության բոլոր ծավալումներն ընդգրկել իր մեջ»:

«Կամերային նվագախումբը շատ լավ, բավական բարձր արտիստիկ վիճակում է, ունի պոտենցիալ»,- ասաց նա ու նեղսրտեց, որ նվագախմբի անդամների միջին աշխատավարձը 75 000 դրամ է: «Ինձ համար ցավալի է, միաժամանակ զարմանալի, որ այսօր դասական երաժիշտները Հայաստանում այդքան քիչ են վարձատրվուն: Արտերկրում երաժիշտը ամսական միջինը 2500 եվրո է վաստակում»,- հավելեց դիրիժորը:

Նա տեղեկացրեց, որ ողջ տարին նվագախմբի կողքին չի կարող լինել. «Ես պետք է չափ տամ աշխարհով մեկ՝ որպես հրավիրյալ դիրիժոր, սակայն այդ ժամանակահատվածում նվագախումբը կշարունակի գործել, նրա կողքին կլինեն Կամերային նվագախմբի տնօրենը, ուրիշ դիրիժորներ, որոնց կընտրեմ ես, քանի որ ես գիտեմ, թե նվագախմբին երբ՝ ով է պետք»:

Կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը նշեց, որ ներկայումս նվագախումբն ունի ֆինանսական խնդիր. «8 ամիս առաջ մաեստրո Ղարաբեկյանը ինչ-ինչ պատճառներով հեռացավ, «Վաչե Մանուկյան» հիմնադրամը դադարեցրեց իր օգնությունը նվագախմբին: Նոր ղեկավար նշանակելուն պես կրկին դիմել ենք այդ հիմնադրամին եւ սպասում ենք պատասխանին, որպեսզի երաժիշտների արտահոսք չլինի: Մենք պետք է կարողանանք լավ երաժշտին լավ վարձատրել, իսկ 75000 դրամով լավ երաժշտի չես պահի»: Ֆինանսական խնդիրների առկայության պարագայում ինչպե՞ս է նվագախումբը հյուրընկալելու դիրիժորների, Վ. Մարտիրոսյանը ասաց, որ նման հարցերը կլուծվեն իր հնարավորությունների եւ կապերի միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել