Հոդվածին ծանոթ ընթերցողների համար իրավաօրենսդրական պարզաբանումներ
Սույն թվականի մարտի 22-ին «Առավոտ» օրաթերթում լույս է տեսել թղթակից Գոհար Հակոբյանի «Հեղինակային իրավունքի «խուճուճ» պատմություն» հոդվածը: Հոդվածի հեղինակին տված հարցազրույցում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանն իր տեսակետներն է հայտնել հրապարակումից հինգ օր առաջ, մարտի 17-ին Երեւանում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած՝ «Այ, գնա, չի՛ պիտիս դուն ինձ» խորագրով խնդրահարույց համերգին առնչվող՝ վերը նշված հոդվածում արծարծված եւ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) խախտման հետ կապված բազմաթիվ հարցերի իբր օրինականության վերաբերյալ:
Քանզի ընթերցողը պարտավոր չէ «իր ուժերով» գլուխ հանել իրեն մատուցվող «խուճուճ» պատմություններից», ու քանի որ իմ՝ Սուրեն Վարդումյանիս անունը քանիցս հիշատակված է Ս. Երկանյանի խոսքում, նաեւ լինելով ինստիտուցիոնալ կառավարման փորձագետ ու հրապարակախոս, պարտքս եմ համարում այդ խրթին, նաեւ որոշակիորեն մասնագիտական հարցում օգնել շահագրգիռ ընթերցողին, վերլուծելով ու իր դատին հանձնելով հոդվածում շարադրված առաջին հայացքից պարզ, սակայն իրականում բարդ ու վիճարկելի խնդիրները:
Նախ. ցավոք իրականացավ այն մտավախությունը (որի մասին հայտնվել էր դեռ մինչ համերգի կայանալը՝ մարտի 15-ին ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին՝ երգահան Զ. Դանիելի հղած դիմումում), առ այն, որ ոչ լեգիտիմ համերգը չկանխելը հղի է անցանկալի զարգացումներով, այսինքն՝ կհանգեցնի անառողջ թյուրիմացությունների. ա) հենց Ս. Երկանյանին, «Տաղարան» համույթին ու երաժշտասեր հանրությանը (համերգին ներկա գտնվողները կհաստատեն), բ) «Ազգային երաժշտական կենտրոնի» տնօրինությանը (չեմ կարծում, թե վերջինիս «ուրախացնում» է այս ամենը), գ) ՀՀ մշակույթի նախարարությանը (վկա՝ վերը նշված դիմումին պատասխանելու «հոգսն» ու նախարարության անունն արծարծող հետագա անկանխատեսելի հրապարակումները մամուլում), դ) ԶԼՄ-ներին («Առավոտում» լույս տեսած եւ վիճահարույց բնույթ կրող հրապարակումները, ինչպես նաեւ այն, որ «Շողակաթ» հեռուստաալիքը, խնդրից անտեղյակ, մարտի 19-20-ին երկու անգամ հեռարձակել է «Երկանյան եւ ընտանիք» կազմի մասնակցությամբ հաղորդում՝ ցուցադրելով հատվածներ կայացած անիրավազոր համերգից, այսինքն նույնպես, ակամա, խախտել է կատարված ստեղծագործությունների իրավազոր հեղինակ Զառա Դանիելի կողմից առաջին հրապարակային ցացադրման համաձայնության պահանջը*), ե) ինչ վերաբերում է Ինտերնետ համացանցին, ապա կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջեւում է…
Գոհար Հակոբյանի «Հեղինակային իրավունքի «խուճուճ» պատմություն» հոդվածում Ս. Երկանյանը փորձում է մոլորության մեջ գցել եւ թղթակցին, եւ ընթերցողին, ասելով, որ. «Հիմա, 12 տարի անց որոշել է հնչեցնել իր վերամշակածը, մանավանդ «Ազգային երաժշտական կենտրոնը», որի կազմում նաեւ «Տաղարան» համույթն է, պայմանագիր ունի «Հայհեղինակի» հետ, որի կետերից մեկն էլ այն է, որ կենտրոնն իրավունք ունի օգտագործել «Հայհեղինակի» ամբարած ստեղծագործությունները»: Սակայն Ս. Երկանյանը կրկին սխալվում է կամ միգուցե նրան էլ, իրենց հերթին (թերեւս ակամա), նրա «գերակա իրավունքների» առումով մոլորության մեջ են գցել «Հայհեղինակը» կամ «Ազգային երաժշտական կենտրոնը»: Բանն այն է, որ եթե Ս. Երկանյանի հղում արած պայմանագրում խոսքը հեղինակի ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության մասին է (տվյալ դեպքում՝ «Հայհեղինակ» հ/կ-ի), ապա նախ (նորից կրկնում ենք՝ համառորեն չհասկացողների համար) «Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունում կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ: Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ այդ անունը կեղծանուն է, եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում»**: Ս. Երկանյանի նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, չի կարող որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մեջ կասկած հարուցել Ն. Քուչակի հինգ հայրենների խոսքերով Զառա Դանիելի կողմից ստեղծված ու «Գանձեր» անվանված երգերի հեղինակ լինելու փաստը: Եվ ապա, հարկ չկա շահարկումների նպատակով շփոթել հեղինակի անձնական ոչ գույքային, ինչպես նաեւ բուն հեղինակային իրավունքներն այլ՝ գույքային իրավունքների հետ: Միայն վերջիններս են, որ պայմանագրով կոլեկտիվ կառավարման կարող են հանձնվել, տվյալ դեպքում՝ «Հայհեղինակ» հ/կ-ին: Իսկ հեղինակի անձնական ոչ գույքային, ինչպես նաեւ հեղինակային իրավունքներն անօտարելի են: Հետեւաբար, Ս. Երկանյանի կողմից միտումնավոր փորձ է արվել կամ խախտվել են Զ.Դանիելի, որպես հեղինակի անձնական ոչ գույքային հետեւյալ իրավունքները.***
ա) անհաջող փորձ է արվել խախտել «ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունքը)»:
բ) Երկանյանը համառորեն չի հասկանում այն հանրահայտ եւ Օրենքով ամրագրված դրույթը, որ նույն մեղեդու, երաժշտության վրա կառուցված որեւէ մշակում (կամ կոմպոզիցիա) չի կարող ունենալ երկու հեղինակ, երաժշտության հեղինակ կարող է լինել մեկ անձ, եւ դա «գիտա-բժշկական փաստ է», իսկ մշակողները կարող են լինել տասնյակ,
գ) խախտվել է «ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունքը)»,
դ) խախտվել է «ստեղծագործությունը ցանկացած ձեւով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունքը)»:
Վերոշարադրյալից դատելով՝ դժվար չէ եզրակացնել, որ հարգելով հանդերձ «Հայհեղինակ» հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանին, չեմ կարող համաձայնել նրա հետ, թե. «Ս. Երկանյանը թույլ է տվել ոչ միտումնավոր խախտում», եւ որ փոփոխված ազդագրի վրա Զ. Դանիելին «հեղինակություն շնորհելով»՝ Օրենքի խախտումը վերացվել է. ճիշտ հակառակը՝ այս դեպքում առավել եւս պետք է հարգվեին «բարեհաճորեն ընդունված» իրական հեղինակի՝ վերը նշված գ) եւ դ) կետերով ամրագրված անօտարելի իրավունքները: Վերջապես, եթե «Ազգային երաժշտական կենտրոնի» եւ «Հայհեղինակ» հ/կ-ի միջեւ գոյություն ունի ինչ-որ լիցենզիոն պայմանագիր, ապա դա լոկ համերգներից հեղինակներին հասանելիք վարձատրությունների հավաքագրման ու բաշխման գործընթացների կոլեկտիվ կառավարմանն է վերաբերում: Եվ առնվազն մոլորություն է կարծել (Երկանյանի օրինակով), թե որեւէ երկրում, երբեւիցե, որեւէ քաղաքացիա-իրավական կամ այլ պայմանագրի որեւէ կետ կարող է իրավունք տալ որեւէ մեկին առանց հեղինակների (կամ նրանց ժառանգ-իրավահաջորդների) համաձայնությունը հաշվի առնելու, ցանկացած պահի «արխիվի դարակից» վերցնել եւ «օգտագործել» որեւէ կառույցում «ամբարված» ստեղծագործությունները: Սա արդեն այնքան անտրամաբանական է, որ մեկնաբանություններն ավելորդ են: Ու խիստ կարեւոր է, որ այս ամենն իմանան հայաստանյան բոլոր ազնիվ հեղինակները, ապա թե ոչ, հավատալով Ս. Երկանյանի խոսքերին, կկասկածեն իրենց ստեղծագործությունների պաշտպանվածությանը՝ դրանք ի պահ հանձնելով ներկայումս ՀՀ հեղինակային իրավունքի պաշտպանությանը կոչված պատկան մարմին հանդիսացող «Հայհեղինակ» հ/կ-ին:
Եվ ամենակարեւորը. կարծում եմ՝ ուշադիր ընթերցողը կհամաձայնի, որ վերը վերլուծված իրավիճակից ամենանպատակային հանգուցալուծումը կարող է լինել նախ՝ «ստեղծագործությունը հրապարակելու մասին հետկանչի, եւ հետկանչի մասին հրապարակորեն ծանուցելու վերաբերյալ հեղինակի իրավունքը»**** կիրարկելը, եւ ապա դատարան դիմելը, դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչ էլ պատրաստվում է անել երգահան Զառա Դանիելը:
Պարզաբանումներս եզրափակում եմ մտահոգություն հայտնելով, որ երիցս չարչրկված հեղինակային իրավունքի տարատեսակ ու համատարած խախտումներով լեցուն մեր իրականությունն այդ ախտերից չի փրկի ոչ մի Օրենք, մինչեւ ինքներս դա չանենք: Քավ լիցի, թե՛ նախկին Օրենքն էր բավարար, թե՛ ներկայիս՝ 2006թ.-ից գործողն է ընդգրկուն ու արդիական: Վրդովեցնող է, անշուշտ, մանր ու մեծ վայ-«ձեռներեցների» կողմից դրսեւորվող «պիրատության հիվանդությունը», սակայն երբ հեղինակային իրավունքների մի ողջ «բուկետ» խախտվում է շատերի համակրանքին արժանացած պետական համույթի ղեկավարի կողմից՝ նույնպես պետական կառույցի կտուրի ներքո, եւ փորձ է արվում դա ներկայացնել որպես «ոչ միտումնավոր» թյուրիմացություն, ապա սա չի կարող ընդունելի լինել նույնիսկ մեր ոչ այնքան բարձր իրավագիտակցություն ունեցող եւ դեռեւս ոչ այնքան կատարյալ հանրության կողմից: Եվ հենց հանրությանը ճշգրիտ տեղեկացնելու եւ արդարացի կողմնորոշելու նպատակով էլ գրվել են սույն պարզաբանումները:
* Օրենքի հոդված 5-ի՝ «Ստեղծագործության հրապարակումը եւ լույսընծայումը», կետ 1. «Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման), հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով»:
** Օրենքի «Հեղինակության կանխավարկածը» հոդված 8-ի կետ 1:
*** Օրենքի հոդված 12-ի 2-րդ կետի՝ ա), գ), դ) ենթակետերի դրույթներով պաշտպանված իրավունքները:
**** Օրենքի հոդված 12-ի 2-րդ կետի ե) ենթակետի դրույթներով պաշտպանված իրավունքները: