Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանն ասաց, որ վերջին 3 տարում մարզում ոչ մեծ չափով ավելացել է կովերի, խոզերի, ոչխարների թիվը, իսկ ընտանի թռչունների քանակը 20 տոկոսով նվազել է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը թռչունների քանակի նվազումը բացատրեց այն հանգամանքով, որ վերջին 2 տարում հիվանդությունների դեմ թռչունների պատվաստումները դուրս են մնացել պետպատվերով մատուցվող ծառայությունների ցանկից: Խնդիրը բարձրացվել է երկրի ղեկավարի առաջ, եւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարական է տրվել թռչունների պատվաստումները կրկին ներառել պետպատվերի մեջ: Մարզի համայնքապետերը, սակայն, դժգոհեցին, որ եռամսյակն ավարտվում է, բայց դեռեւս աշխատանքային պայմանագրեր չեն կնքվել անասնաբույժների հետ, պատվաստանյութեր չեն ստացվել եւ անասունների պատվաստումներ չեն արվել: Իսկ ահա Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանը «Առավոտին» հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում անասնաբույժները պատվաստումներ, այնուամենայնիվ, կատարել են: