Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանը կամ Դեմիրճյանը ձեզ ի՞նչ են արել

Մարտ 25,2011 00:00

\"\"
Մեսրոպ Մաշտոցի  հուշարձանը Ախալքալաքում: Նոր է տեղադրվել ու դեռ չի հանվել:

Ջավախքի հայկական դպրոցներում տիրող իրավիճակի մասին բազմիցս է խոսվել, սակայն խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ շարունակվում են կուտակվել. հայերենի դասաժամերը փոխարինվում են վրացերենով, հայ ուսուցիչների թիվը կրճատվում է: Եթե անցյալ տարի շաբաթական 8 ժամ հատկացվում էր հայոց լեզվին, իսկ վրացերենին՝ 3 ժամ, ապա այս տարի շաբաթական 5 ժամ հատկացվում է հայոց լեզվին, 5 ժամ էլ՝ վրացերենին: Արդյունքում՝ օրեցօր պակասում է նաեւ հայ աշակերտների թիվը: Վրացերեն լեզվի չիմացության պատճառով Ջավախքում հայկական դպրոցների տնօրեններին ազատում են աշխատանքից:

Վերջերս այցելելով Ջավախք՝ համոզվեցինք, որ իրականությունը մտահոգիչ է: Դպրոցներում փոխվել է ամեն ինչ՝ սկսած անվանումից: Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի կամ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցներն այժմ կոչվում են ընդամենը Վրաստանի հանրային դպրոցներ: Տեղահան են արվում հայոց մեծերի կիսանդրիները՝ ում անունով կոչվել կամ դեռեւս կոչվում են դպրոցները:

Ըստ Ախալքալաքի շրջանի Վարեվան գյուղի դպրոցի տնօրեն Տիրուն Մելիքյանի՝ այսօր Ջավախքի հայկական դպրոցները կանգնած են բարդ խնդրի առջեւ: Չկան հայերեն դասագրքեր. «Եթե այսպես շարունակվի՝ չեմ պատկերացնում, թե ինչ կարող է պատահել Ջավախքի հայկական դպրոցների հետ: Ավելի շատ այժմ կանգնած ենք վրացականացման շեմին»: Ուսուցիչներից մեկը նշեց, որ տարրական դասարանների վիճակն առավել ծանր է, քանի որ դրանցում հայոց լեզվին ընդամենը երկու դասաժամ է հատկացված. «Այս պայմաններում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, մենք չենք կարող 6-ամյա մանուկին հայերեն սովորեցնել: Առավել եւս, որ ստիպված ենք դասավանդել անորակ դասագրքերով»:

Ջավախքի գրեթե բոլոր՝ 63 դպրոցներում էլ մասնագետների պակաս կա: Գաղտնիք չէ, որ Երեւանի բուհերում սովորելուց հետո ջավախեցի ուսանողների ճնշող մեծամասնությունը Ջավախք չի վերադառնում: Թե ինչու՝ շատ լավ գիտեն Վրաստանի իշխանությունները: Լավ կյանքից չէ, որ ծննդավայրդ ապրելու անցանկալի վայր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել