Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազգային շովինիզմի դրսեւորում

Մարտ 25,2011 00:00

Գուգարք գյուղի բնակչի համար դատախազը  պահանջել է 13 տարվա ազատազրկում

Գուգարքի 39-ամյա բնակիչ Արմեն Պողոսյանը, որը հաշվառված է Վանաձորում, մեղադրվում է ՌԴ քաղաքացի Ստանիսլավ Նիզովի սպանությունը պատվիրելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, ՌԴ-ում եղած ժամանակ՝ 2001 թ. հունիսի սկզբին, Արմեն Պողոսյանն առաջարկել է իր ծանոթ Ալեքսանդր Սիդորովին 1500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց սպանել Ստանիսլավ Նիզովին:

Ժամանելով դեպքի վայր՝ Ալեքսանդր Սիդորովը Ստանիսլավ Նիզովին հրազենային վնասվածքներ է պատճառել եւ դիմել է փախուստի՝ Արմեն Պողոսյանի կողմից վարած ավտոմեքենայով:

Ստանիսլավ Նիզովը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: Նշված հանցանքը կատարելուց հետո Ալեքսանդր Սիդորովը Արմեն Պողոսյանից ստացել է 1300 դոլար:

2007թ. ՌԴ Վլադիմիր քաղաքի մարզային դատարանը Ալեքսանդր Սիդորովին դատապարտել է 12 տարի ժամկետով ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:

Արմեն Պողոսյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է գործից եւ ուղարկվել Հայաստան:

2009թ. օգոստոսի 25-ից Արմեն Պողոսյանը կալանավորված է եւ գտնվում է ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Ամբաստանյալ Պողոսյանը չի ընդունում մեղքը, պաշտպանն էլ մեղադրանքը անհիմն է համարում:

Արմեն Պողոսյանի պաշտպան Կարինե Գասպարյանը նշում է, որ նախաքննական մարմինը իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը հիմնավոր է համարում, քանի որ կա Սիդորովի մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, այնինչ՝ Սիդորովը բազմիցս հակասական ցուցմունքներ է տվել:

Պաշտպանն ասում է, որ նախաքննական մարմինը, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու փոխարեն, առաջնորդվել է ենթադրություններով՝ իր պաշտպանյալին հնարավորություն չտալով իր իսկ դեմ ցուցմունքներ տվող անձանց հետ առերեսման: Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը խախտել է անմեղության կանխավարկածը, առաջնորդվել միայն ենթադրություններով: Մեղադրանքը հիմնված է ընդամենը 2 անձանց հակասական ցուցմունքների վրա:

«Սիդորովի կինը ցուցմունք է տվել այն մասին, որ իբր Արմեն անունով անձը տուն է բարձրացել, ասել՝ «այսօր արի իրագործենք», նույն անձի մեկ այլ ցուցմունքում ասվում է, որ մեքենայի վարորդը ազդանշան է տվել, ամուսինը իջել է: Ինքը ճանաչել է Արմենին, քանի որ նախկինում մեկ անգամ տեսել է նրան: Եթե կարմիր «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան է տեսել, ենթադրել է, որ Արմենն է մեքենայի ղեկին եղել, առավել եւս, որ հետագայում նշվում է, որ անհայտ մեքենայով են մոտեցել դեպքի վայրին»,- հակասական ցուցմունքների մասին էր պատմում պաշտպանը:

Բացի այդ, ըստ պաշտպանի, Սիդորովը նախաքննական ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է Արմեն Պողոսյանի պատվերով կատարել սպանությունը, Արմեն Պողոսյանը մնացել է ավտոմեքենայում, այնուհետեւ դատարանում նշել է, որ Արմեն Պողոսյանն է կատարել սպանությունը:

Պաշտպան Գասպարյանը կարծիք է հայտնում, որ այս գործում առկա է ազգային շովինիզմի դրսեւորում: Իրականում ուրիշն է հանցանքը կատարել, որն էլ գցել են հայազգի ներկայացուցչի վրա:

Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ. «Նախաքննության ընթացքում քննիչը մեղադրանք է առաջադրել, հիմնվելով միայն գործի՝ Ռուսաստանից ուղարկված պատճենների վրա: Կարող էր գնալ Ռուսաստան՝ ցուցմունքներ վերցնելու՝ գործում եղող վկաներից»:

Պաշտպանը փաստում է, որ հանցագործության կատարման հանցակազմը բացակայում է. «Չկա հիմնավորում, թե ինչո՞ւ, ի՞նչ շարժառիթով է իմ պաշտպանյալը սպանել Նիզովին»:

Բացի այդ՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Ն. Հովակիմյանի, բազմիցս հարցումներ է ուղարկել ՌԴ՝ գործով վկաներին ծանուցելու դատական նիստերի մասին:

«Ոչ ոք մինչ օրս ձայն չի հանել, չի ներկայացել դատական նիստերին»,- տեղեկացնում է պաշտպանը:

Դատավճիռը դեռ չի հրապարակվել: Դատախազը Արմեն Պողոսյանի համար պահանջեց ազատազրկում՝ 13 տարի ժամանակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել