Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱ՞Ծ, ԶՈՀՎԱ՞Ծ. ՈՐՏԵ՞Ղ Է ԶԻՆՎՈՐԸ

Մարտ 25,2011 00:00

Երեւանի Տարոնցու 1 հասցեի հանրակացարանի սենյակներից մեկում է բնակվում զինվորի մայր Էլմիրա Իսահակյանը

\"\" \"\"

1992թ. հունիսին Էլմիրա Սահակյանի որդուն՝ Էմիլ Իսահակյանին, սրտի արատով, Շենգավիթի զինկոմիսարիատը զորակոչել է ԼՂՀ՝ Հորադիզի զորամաս: Էմիլը մասնակցում է մարտական գործողություններին: Մոր տեղեկացմամբ, տղան 1994թ.-ին վիրավորվել է ոտքերից, իսկ ապա վիրավոր վիճակով անհետացել:

Մայրը որդու հետ կապված լուրը լսելով՝ հանդիպում է ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Խնդրեցի, ասացի, որ իմ տղան կորել է, օգնեք՝ գոնե հետքերը գտնեմ: Նա նույնիսկ շեշտեց, որ առաջին մայրն եմ, որը տղայի ետեւից է գալիս, քանի որ նման հարցերով տղամարդիկ են զբաղվում: Նա հանձնարարեց իր ենթականերից մեկին, որի հետ գնացինք չեզոք գոտի»:

Է. Իսահակյանը պատմում է, որ Էմիլին փնտրելով՝ չեզոք գոտում գտնվում է 14 դիակ: «Հասանք Հադրութ: Եվ զինվորներից մեկն ասաց, թե տեսել է, թե ինչպես են թուրքերը Էմիլին տարել: Էմիլը հասցրել է ասել. վիրավոր եմ, դիակներն եք հանում, ինձ էլ հանեք, ինձ էլ…: Ես «Կակաչի» մոտ եմ ապրում (հանրակացարանի կողքին է գտնվում), թելադրել է հեռախոսի համարը»:

Զինվորը հետագայում փորձել է հիշել իրեն վստահված «ծաղկի» անունը…1994թ. ապրիլի 20-ն էր: Եվ մայրն այդ օրվանից սպասել է, թե որդին մի օր կգա:

Էլմիրա Իսահակյանն այդ օրվանից ոչ որդու դիակն է տեսել, ոչ հրամանատարական կազմի պաշտոնական ցավակցությունը, ավելին՝ ՊՆ սոցիալական ծառայության վարչության կողմից որեւէ հոգածության չի արժանանացել իբրեւ զոհված զինվորի մայր:

Օրերից մի օր էլ լսվում է նրա տան հեռախոսազանգը եւ հազիվ հասկանալի ռուսերենով ազերի մեկը, որը ներկայանում է միլիցիայի կապիտան Նիզամի Զաֆարով, հայտնում է, թե որդին Բաքվում է, գերի է:

Մայրը դիմում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, խնդրում պաշտպանության նախարարի հետ հանդիպում: Սակայն նրան երկու անգամ ընդունում է միայն Կարմիր խաչը:

Հանրապետության գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հաձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի պաշտոնական գրության համաձայն (15.03. 2011թ.), Էմիլ Իսահակյանը (ծնված 18.05.1975թ.) նշված հանձնաժողովի անհայտ կորածների եւ «գերության մեջ հավանաբար գտնվող անձանց հաշվառումներով չի անցնում»: Իսկ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության զոհված զինծառայողների հաշվառումների համաձայն, Էմիլ Իսահակյանը ծառայել է Հորադիզում (զորամասի համարը խմբագրությունում է), զոհվել է 1994թ. ապրիլի 20-ին, մարտական գործողությունների ժամանակ, հաշվառվել է 1997թ. (մահվան վկայական՝ ԱԱ թիվ 044974, տրված 05. 05.97թ.):

Երեւանի Շենգավիթի ՔԿԱԳ տարածքային ստորաբաժանման տեղեկացմամբ էլ Էմիլ Իսահակյանը հուղարկավորված է Երեւանում: Ճերմակած մոր համար այս վերջին տեղեկությունը կայծակի ազդեցություն է թողել. ինչպես կարող է որդին հուղարկավորված լինել, եւ ինքն այդ մասին տեղյակ չլինել: «Եթե Երեւանում է որդիս հուղարկավորված, ապա ինչպե՞ս, ե՞րբ եւ որտե՞ղ է թաղված նա»,- հարցնում է Էլմիրա Իսահակյանը:

Պաշտպանության նախարարի փոխարեն Է. Իսահակյանին պատասխանել է ՊՆ վարչություններից մեկի պատասխանատուն, գրելով. «Ձեզ առաջարկվում է, Ձեր որդու կենդանի լինելու, Ադրբեջանում գերության մեջ գտնվելու փաստերը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում դիմել ՊՆ զինվորների սոցիալական պաշտպանության վարչությանը»:

Մահվան վկայականում գրված է՝ զոհվել է, մահվան վայրը՝ Հորադիզ, մարտական գործողությունների ժամանակ, իսկ մահը գրանցված է Շենգավիթի ՔԿԱԳ-ում: «Առ այսօր որեւէ մեկը իմ դուռը չի բացել: Արձակուրդ էլ չեմ գնում (աշխատում է Նոր Նորքի հիվանդանոցի լվացքատանը), հանրակացարանից չեմ բացակայում, աչքս լուսամուտին է, թե տղաս կգա, անպայման կգա»,- լացակումած պատմում է Է. Իսահակյանը:

Հ. Գ. Չդիմանալով որդու գերեվարման լուրին, Էմիլի հայրը դեռ 1994թ.-ին ինֆարկտից մահացել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել