Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սարքն անօրինակա՞ն են տեղադրում

Մարտ 25,2011 00:00

«Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը Սոտքի հանքերում մանրացման սարք է տեղադրել, ինչը, տեղի բնակիչների կարծիքով, բավական վտանգավոր է իրենց առողջության համար: Այս մասին երեկ «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Էկոլուր» հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: «Հայաստանի կանաչների միություն» հ/կ-ի նախագահ Հակոբ Սանասարյանն էլ ավելացրեց, որ «Գեո Պրոմայնինգ Գոլդը» ջարդիչ տեսակավորման համալիրը կառուցում է ոչ թե իրեն պատկանող տարածքում, այլ Սոտք համայնքից վարձակալությամբ վերցված տարածքում. «Ես եղա շինհրապարակում: Տեղում տնօրենը՝ գլխավոր ինժեների եւ շինարարի ներկայությամբ ասաց, որ շինարարությունը սկսել են այս տարվա փետրվարի 15-ին, ավարտելու են մոտավորապես հունիսի կեսերին: Իսկ կառույցի նախագիծը պատրաստ կլինի այս տարվա մարտի 25-ից հետո: Փաստորեն, առանց նախագծի, առանց փորձաքննական եզրակացության, առանց համայնքապետի հողի հատկացման թույլտվության, առանց շինարարական թույլտվության, առանց հողի կատեգորիայի փոփոխման «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը սկսել է շինարարություն իրականացնել Սեւանի ավազանում, որը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է»: Ի. Զարաֆյանի փոխանցմամբ, իրենք դեռ շաբաթներ առաջ են այս մասին ահազանգ ստացել Սոտքի գյուղացիներից, սակայն «Գեո Պրոմայնինգ Գոլդ» ընկերությունը ոչ մի վերահսկողություն չունի պետական մարմինների կողմից. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ իրենք ստեղծում են հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի այդ թղթերը, սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչ է արել այդ հանձնաժողովը»: Խոսելով բնակիչների անհանգստությունների մասին՝ նա ասաց, որ գիտակցում են, թե ինչ վտանգներ ունի այդ սարքը. «Այդ սարքի հետեւանքով Սոտք գետի ջուրը դառնում է արդեն անպիտան գյուղի հողամասերը ոռոգելու համար, քանի որ մեծ քանակությամբ ծանր մետաղներ են լցվելու տվյալ գետ, իսկ գետն անցնում է Սոտք հանքավայրի միջով՝ գնալով դեպի Սեւան: Գետի ջուրը հանքավայրից իր հետ տանում է նաեւ ծանր մետաղները: Ծանր մետաղների մի մասն էլ մնում է գետում: Բնակիչներն ասում են, որ վախենում են նույնիսկ այդ գետի ձուկը ուտել: Դեռեւս 2009-ին դիմել էինք հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականներին, ու նրանք ստուգումներ էին արել: Նրանց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ծանր մետաղներ են հայտնաբերվել Սեւանից հանած խեցգետինների ու ձկների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել