Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հեռացավ՝ առանց խոսքի

Մարտ 25,2011 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Գյումրի՝ անօթեւանների համար կառուցվող բնակարանների որակին ծանոթանալու համար:

Նա եկել էր անձամբ ծանոթանալու, թե ինչպիսի որակի բնակարաններ է «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպությունը կառուցում Գյումրու Մուշ 2 թաղամասում: Նա շրջեց 2 փորձնականորեն հարդարված բնակարաններում, որոնք տվյալ պահին որպես ցուցանմուշ էին ծառայում թաղամասի մյուս բնակարանները ճիշտ այդպես հարդարելու համար, ուսումնասիրեց ու առանց որեւէ խոսք ասելու՝ արագ հեռացավ: Լրագրողների հարցերին պատասխանեցին քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանն ու «Գլենդել հիլզ» կազմակերպության գործադիր տնօրեն Վահե Ալմոյանը:

Նշենք, որ «Գլենդել հիլզը» անցած տարի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնեց 22 շենք՝ 1056 բնակարանով, նույն թաղամասում այս պահին կառուցում է 33 բնակելի շենք՝ 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 շենք՝ 212 բնակարանով: Արդյո՞ք այս թվաքանակը բավարար է Գյումրիում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների խնդիրները վերջնականապես լուծելու համար, չէ՞ որ Գյումրիի նորակառույց թաղամասը թերբնակեցված է, ընտանիքներից շատերը հրաժարվում են լքել քրքրված տնակները՝ այն պարզ պատճառով, որ, ասենք, 10 հոգուց բաղկացած ընտանիքին հատկացրել են 1 կամ 2 սենյականոց բնակարան, այսինքն՝ պարտադրել են ապրել «համայնքով»: Կառավարության թիվ 432 որոշումը նախատեսում է բնակարան հատկացնել երկրաշարժի պահին կորցրած սենյակների քանակով՝ առանց հաշվի առնելու այն, որ 22 տարվա ընթացքում ընտանիքը բազմացել է՝ 3-4 հոգուց դառնալով 10-15: Թե ի՞նչ է լինելու այսպիսի ընտանիքների վիճակը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ հարցը քննարկվում է նախարարությունում, եւ մոտ օրերս իրենք առանձին որոշմամբ կմտնեն կառավարություն. «Բոլոր դեպքերում մենք շատ լավ գիտակցում ենք, որ 1 սենյականոց բնակարանում 5-6 կամ ավելի ընտանիք չի կարող բնակվել, էնպես որ, դրա հետ կապված մենք առանձին լուծում կգտնենք»:

Լրագրողների հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ նախորդ տարվա թերությունները չեն կրկնվի շինարարության 2-րդ փուլում, նախարարը՝ առիթը բաց չթողնելով նախագահի PR-ն անելու, պատասխանեց. «Ինքներդ գիտեք, որ Գյումրու բնակարանաշինությունը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում է, եւ անցյալ տարվա դառը փորձից ելնելով՝ մենք մի շարք հետեւություններ ենք արել, այդ թվում նաեւ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, դրա հետ կապված մենք համապատասխան մասնագիտացված կազմակերպության հետ պայմանագիր ենք կնքել, եւ եռամսյակը մեկ մասնագիտական եզրակացություն են տալիս՝ կապված շինարարության որակի հետ, հատկապես շեշտը դնելով սեյսմակայունության վրա, եւ իմ մոտ 15 օրը մեկ խորհրդակցություն է լինում շինարարական կազմակերպության մեր տեսչության աշխատակիցների կողմից, ցանկացած թերություն մենք տեղում քննարկում ենք, տալիս ենք կոնկրետ ժամանակ՝ թերությունները վերացնելու համար: Շինարարության որակի հետ կապված առայժմ խնդիրներ չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել