Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԵՏԱ՞ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ

Մարտ 25,2011 00:00

\"\"Քաղաքապետարանը որոշել է, որ մանկապարտեզում երեխան 350 դրամի դիմաց միս, պանիր, հաց, կարագ, միրգ, բանջարեղեն… ամեն ինչ կուտի:

Ընդամենը մի քանի օր հետո մայրաքաղաքի համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզները գործելու են անվճար: Սա քաղաքապետարանը որակում է որպես սոցիալական կարեւոր նշանակության մի քայլ, որին գնաց՝ հանուն մեր բնակչության: Իրականում սա, իսկապես, լավ նախաձեռնություն է եւ սոցիալապես անապահով շատ ընտանիքներ, որոնք 2-3 փոքր երեխա ունեն, հնարավորություն կունենան նրանց բոլորին էլ մանկապարտեզ տանել, սակայն այս նախաձեռնության, մասնավորապես՝ սննդի ծախսերի հետ կապված շատ հարցեր կան, որոնց պատասխանը քաղաքապետարանը դեռ չի տվել:

Հիշեցնենք, որ օրերս Երեւանի ավագանու նիստում հաստատվել է նախակրթական այդ ծրագրի համար հատկացվելիք սուբսիդիայի չափը, հաշվարկներ են արել ու որոշել 1 մանկապարտեզին տալ ֆիքսված ծախսերի համար 500 հազար դրամ եւ 1 երեխայի հաշվով փոփոխական ծախսերի համար՝ 18 հազար դրամ: Դա 2011-ի համար մանկապարտեզի անհրաժեշտ ծախսն է՝ ըստ ավագանու: Հասկանալի է, միջոցները սուղ են, եւ քաղաքապետարանը չի կարող շռայլ լինել, սակայն ավագանու որոշման մեջ մի կետ կա, որը, թերեւս, ծնողներին ամենաշատը կհետաքրքրի: Դա 1 երեխայի հաշվով օրական սննդի ծախսն է, որը հիմք է ընդունել ավագանին՝ ընդամենը 350 դրամ: Տարիներ առաջ իսկապես մանկապարտեզներում երեխայի սննդի համար հաշվարկում էին 330-350 դրամ, կար մանկապարտեզ, որ ծախսում էր 220 դրամ: Բայց ներկայիս գնաճը հաշվի առնելով՝ կարող ենք պարզ հասկանալ, թե ինչ են տալու մանկապարտեզներում մեր երեխաներին՝ ողջ օրվա ընթացքում: Պարզ է, ոչ մեկը չէր ակնկալում, որ ճաշացանկում խորոված-քյաբաբ է լինելու, բայց գոնե այն նվազագույն պահանջվող մթերքները, որ երեխաները քաղցից ուշագնաց չլինեն՝ պետք է գնեն: Մանկապարտեզային տարիքի երեխաներն ունեն աճող օրգանիզմ, նրանց ստանալիք էներգիան պետք է ծախսածից 10-15% ավելի լինի եւ չեն կարող պարզապես անուն հանելով, որ անվճար է՝ երեխայի առողջությունը վտանգել եւ զարգացման, աճի տեմպերը նվազեցնել: Առանց այդ էլ այսօր շատ մանկապարտեզներում տեսնում ենք, թե ինչպես են կերակրում երեխային. ճաշացանկում նշում են` նախաճաշ՝ հաց, պանիր, կակաո, թվում է, թե երեխաները լավ կկշտանան, բայց իրականում տալիս են տաշեղ հաց ու այնքան փոքր կճմտած պանիր, որ հացի վրա դժվար է գտնել:

Կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է մանկապարտեզ հաճախող երեխայի սննդի օրակարգում նախատեսվող սննդամթերքի որոշակի չափաբաժիններ՝ 10.5-ժամյա հաճախման համար: Ըստ այդմ, նախատեսվում է, որ մանկապարտեզում օրական երեխան պետք է ուտի 100 գրամ միս, 60 գրամ միրգ, 20 գրամ կարագ, 190 գրամ կարտոֆիլ, 200 գրամ բանջարեղեն, 150 գրամ հաց, 30 գրամ տարբեր տեսակի մակարոններ, ձավարեղեն եւ լոբազգիներ, 40 գրամ կաթնաշոռ, 5-ական գրամ թթվասեր ու պանիր եւ 0,5 ձու: Այսօր 1 կգ հացը նվազագույնը 220-240 դրամ է:

Հասարակ հաշվարկ կատարելով կհասկանանք, որ հանգստյան օրերը հանած՝ 22 օրվա ընթացքում երեխայի սննդի համար հատկացվող այդ գումարը կբավականացնի հազիվ միայն մսի ու կարտոֆիլի համար, անգամ հացն այդ զամբյուղի մեջ արդեն չի տեղավորվի: Քաղաքապետարանից մեզ խոստացել են պարզաբանել, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա է որոշվել, որ 350 դրամը լրիվ բավարար է՝ այդ տարիքում երեխայի սնունդը կազմակերպելու համար:

Հայտնի է, որ այսօր մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներ ունեն հովանավորներ: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հովանավորած մանկապարտեզներում, անհրաժեշտ սննդից բացի, պարբերաբար կոնֆետ են տալիս, լավ միրգ, նվերներ: Մեր հարցին՝ ապրիլի 1-ից երեխաները զրկվա՞ծ են լինելու այդ ամենից եւ հովանավորների կատարած ծախսը բյուջեի վրա՞ է մնալու՝ քաղաքապետարանից պատասխանել են, որ միշտ էլ հովանավորները կարող են իրենց բարերարությունն անել, ոչ ոք նրանց ձեռքը չի բռնի:

Բացի սննդի եւ այլ ծախսերից, մանկապարտեզներն անվճար դարձնելու հետ կապված՝ այլ խնդիրներ էլ կան: Մասնավորապես, մանկապարտեզում երեխային գրանցելու համար պահանջում են ներկայացնել սեփականության վկայականի պատճենը: Այսինքն՝ ստացվում է, որ ինքնակամ շինությունում ապրող, սեփականության վկայականներ չունեցող ընտանիքների երեխաներն իրավունք չունե՞ն հաճախել մանկապարտեզ: Բացի այդ, պահանջվում է, որ երեխան գրանցվի իր համայնքի մանկապարտեզում:

Ասենք, Ճամբարակ գյուղում գրանցված երեխան, որի ընտանիքն արդեն Երեւանում է ապրում, փաստացիորեն, էլ չի՞ կարող Երեւանում մանկապարտեզ հաճախել: Եթե քաղաքապետարանն իր քայլով իսկապես սոցիալական խնդիր է ուզում լուծել, ապա մեծ հարցական է, թե ինչ պետք է լինի մարզերում գրանցված երեխաների ճակատագիրը: Եվ, բացի այդ, ինքնակամ շինություն ունեցող ընտանիքների երեխաներն իրավունք չունե՞ն գրանցվել մանկապարտեզներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել