Կառավարության դիմաց ցույց անողներին կբռնեն
Հերիք չէ՝ Իշխան Զաքարյանը երկու օր առաջ «բուլդոզերով անցավ» Վազգեն Խաչիկյանի օրոք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կատարված աղաղակող ապօրինություններին եւ յուրացումներին, երեկ էլ կառավարության նիստում այդ հարցին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, եթե Վերահսկիչ պալատի նախագահը Խաչիկյանին եւ նրա ղեկավարած «օբյեկտի» մյուս «ուտողներին» պատասխանատվության ենթարկելու մասով ասաց, թե «դատախազություն գնում են միայն այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի խորհրդում հաստատվում են, ճիշտ է, մենք տեսնում ենք քրեաիրավական բնույթի խախտումներ, սակայն մինչեւ հունիս ժամանակ ունենք հստակ ճշտելու», ապա երեկ վարչապետը միանշանակ ասաց, որ գործը կհասնի դատախազություն:
Ներկայացնելով նախապատմությունը՝ Տիգրան Սարգսյանն ասաց. «Դեռ 2010թ. ամռանը որոշում կայացրեցինք, որ թոշակների վճարումով պետությունը չպետք է զբաղվի։ Սակայն այդ ծառայության կողմից մեծ դիմադրություն կար։ Տվել էինք վեց ամիս, որպեսզի անցումը լիներ սահուն, բայց կար մեծ դիմադրություն։ Հունվարից, երբ այս ռեֆորմը իրականացրինք, տեսանք, որ դիմադրություն կա նաեւ աշխատակազմի կողմից, այն մարդկանց կողմից, որոնք անմիջականորեն զբաղվում էին թոշակների բաժանումով, որոնք այստեղ ցույցեր էին կազմակերպում եւ պահանջում էին, որ մենք նրանց ապահովենք աշխատանքով։ Այդ մարդիկ շատ արագ հայտնվեցին վճարային ծառայություն մատուցող կազմակերպություններում եւ շատ կարճ ժամանակահատվածում նախարարություն ներկայացրեցին իրենց հայտերը, որ իրենք պատրաստ են այդ ծառայությունը մեզ մատուցել։ Այդ մարդիկ աշխատանքի ընդունվեցին վճարային ծառայությունում եւ ներկայացրեցին 34 հազար կենսաթոշակառուի ցուցակ, այն դեպքում, երբ բոլոր բանկերը միասին հասցրել էին ընդամենը 10 հազար հայտ ստանալ։ Ես հանձնարարեցի, որպեսզի վերահսկողական ծառայությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները։ Կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում, այսինքն՝ այդ նույն կեղծարարությունը շարունակվում է։ Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել։ Դրա համար մինչեւ ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էր մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակն ստանալ։ 121 հոգի, ովքեր Հայաստանում չեն եղել, բայց դիմումներ են ներկայացրել, 14 հոգու ընդհանրապես հնարավոր չի եղել հայտնաբերել, մի քանի անգամ գնացել են այդ մարդկանց բնակարանները, ոչ ոք չկա այնտեղ, բայց այդ ծառայություն մատուցողները բերել են դիմումները, որ այդ մարդիկ ուզում են իրենց միջոցով թոշակ ստանալ։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի դեռ վերջնականապես պարզված չեն հանգամանքները, բայց այս պահի դրությամբ արդեն 421 դեպք հայտնաբերվել է հենց այդ մի վճարային ծառայության մոտ։ Այդ մարդիկ չեն հանգստանում, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ։ Սա է իմ կարծիքը այս բացահայտումների վերաբերյալ։ Եվ ամենասարսափելին այն է, որ չնայած այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է՝ զբաղվում է ցուցակների ճշգրտումով, այդ մարդկանց սա բացարձակապես չի կաշկանդում, պատրաստ են գալ կառավարության շենքի դիմաց ցույցեր կազմակերպել, որ մենք իրենց թույլ տանք, որ այս գործառույթը շարունակեն։ Սա խիստ վտանգավոր է, դրա համար առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը, մինչեւ որ այդ ցուցակները կճշգրտվեն, կհասկանանք, թե այդ ինչ 34 հազար թոշակառուների են նրանք հայտնաբերել, որոնք ուզում են հենց իրենց միջոցով թոշակ ստանալ»։