Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական միրգ»՝ «աղքատ կին եւ տղամարդ մանրածավալ արտադրողներին»

Մարտ 25,2011 00:00

Մեր վարչապետին վերջին շրջանում սկսել է խիստ հուզել գյուղատնտեսական եւ հատկապես՝ անասունների հիգիենան: Երկու օր առաջ, աշխատանքային այցով լինելով Արագածոտնի գյուղերից մեկում, նա տեղի կթվորուհիների համար մաստեր-կլաս էր անցկացրել՝ ինչպե՞ս ճիշտ կթել կովին՝ սկսած կուրծքը գոլ ջրով լվանալուց եւ սրբիչով սրբելուց, մինչեւ կաթը մաքուր դույլերի մեջ լցնելը, իսկ երեկ էլ, կառավարության նիստի սկզբում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, նա նորից անդրադարձավ հիգիենայի խնդիրներին, այս անգամ՝ պանրի: Որն արտադրվում է կաթից: Որն էլ, իր հերթին, պետք է կթվի կովերի՝ գոլ ջրով լվացած կրծքերից: Տիգրան Սարգսյանն ասաց, որ կես տարի առաջ իր վերահսկողական ծառայությունը սննդի անվտանգության վարչության հետ հետազոտություններ է կատարել պանրի արտադրության ոլորտում եւ հայտնաբերել լրջագույն խնդիրներ. «Մենք բյուջեից գումարներ ծախսեցինք, տասնյակ խանութներից հավաքեցինք պանիրը եւ անցկացրինք լաբորատոր ստուգումներ։ Արդյունքներն իսկապես խիստ մտահոգիչ էին, ուստի այն ժամանակ կիրառվեցին համապատասխան պատժամիջոցներ եւ հանձնարարականներ։ Պետք է նորից անդրադառնանք այս խնդրին եւ այս անգամ արդեն հրապարակային ներկայացնենք մեր ստուգումների արդյունքները»,- խոստացավ վարչապետը:

Նիստում կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) միջեւ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ինչպես ավելի ուշ ծրագիրը մանրամասնեց գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ ծրագրի արժողությունն է $52 մլն, որից $13,5 միլիոնը տրամադրում է IFAD-ը, $20 միլիոնը ստանում ենք OPEK-ից, $11 մլն տալիս է մեր կառավարությունը, $3,5մլն՝ Դանիայի կառավարությունը եւ $3 մլն պետք է ներդնեն շահառուները: Այս ծրագրով նախատեսված է ստեղծել «Հայկական միրգ» կոչվող ԲԲԸ՝ 100% պետական բաժնեմասով, որը հանրապետության մի քանի տարածաշրջաններում կզբաղվի պտղարտադրության խթանմամբ, այն է՝ ծառատեսակների տնկիների ներկրումից, դրանց ամենաժամանակակից եղանակով մշակումից, ոռոգման համակարգերի ստեղծումից սկսած, մինչեւ արտադրված մրգի տեսակավորումը, փաթեթավորումն ու արտահանումը: Ծրագիրը կսկսի գործել արդեն աշնանից, երբ տնկիները կսկսեն տնկել, եւ կավարտվի 2015-ին: Կարծում ենք, ծրագիրը հաջողությամբ կիրականանա, եթե, իհարկե, գյուղնախարարության հետ պայմանագրային հիմունքներով աշխատող տերտերները նախապես օրհնեն տնկիները, նորաստեղծ այգիները եւ, իհարկե, շահառուներին: Իսկ շահառուները, ըստ այդ համաձայնագրի «թիրախային խումբ» կետի, բավականին հետաքրքիր մարդիկ են. համաձայնագրում բառացի գրված է հետեւյալը. «Ծրագրի շահառուներն են աղքատ կին եւ տղամարդ մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրության հիմնական օղակները, ինչպես նաեւ Հայաստանի լեռնային անապահով համայնքների ամբողջ բնակչությունը»։

Չնայած երեկ կառավարությունը մի գլուխ «հավանություն էր տալիս» տարբեր որոշումների եւ նախագծերի, սակայն դրանցից մեկը մերժեց. քննելով մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է Երեւանի ուղեւորատար միկրոավտոբուսների թիվը համապատասխանեցնել քաղաքի գլխավոր հատակագծի պահանջին՝ 19,2%-ի (այժմ շուրջ 90% է), եւ արդարացված համարելով հեղինակների մտահոգությունը, կառավարությունը գտավ, որ նախագիծը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլեւ նորերն է հարուցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել