Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (Black Sea Trade and Development Bank) ՀՀ-ում նախատեսում է մինչեւ 2014թ. կրկնապատկել իր վարկային պորտֆելը։ Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այս մասին հայտարարեց բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը՝ բանկի առաջիկա տարիների գործունեության ռազմավարության ներկայացման ժամանակ: Նա այս օրերին Երեւան կատարած այցի ընթացքում հանդիպումներ կունենա ԿԲ նախագահի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարների եւ այլ պաշտոնյաների հետ: Ըստ նրա՝ առաջիկա 3 տարիների ընթացքում Հայաստանում կիրականացվեն 50 մլն եվրոյի 5-7 վարկային ծրագրեր։ Ներկայումս բանկի վարկային պորտֆելը մեր երկրում կազմում է 51 մլն եվրո, իսկ ծրագրերի թիվը 10-ն է։
Բանկը ՀՀ-ում գործող կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004-ից եւ մինչեւ 2010-ը Հայաստանում գործող 8 արտադրական, 3 ֆինանսական եւ 1 առեւտրային կազմակերպություններին վարկեր է տրամադրել մոտ $73 մլնի չափով:
Բանկի Հայաստանի գծով տնօրեն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ բանկի հետ քննարկվում է գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնելու հարցը: Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարեւոր ուղղություններից է նաեւ արդյունաբերության զարգացումը, որտեղ եւս բանկը կարող է ակտիվ մասնակցություն ունենալ. «Գյուղատնտեսության արտադրողականությունն աճում է, եթե ապահովվում են բոլոր ենթակառուցվածքները, եւ գյուղատնտեսը կարող է իր ստեղծած ապրանքը սպառողին հասցնել ցածր ծախսերով: Բանկի հետ կուրվագծենք այս ուղղությունը Հայաստանի ռազմավարական ծրագրում, որը բանկի ծրագիրն է լինելու առաջիկա 20-25 տարիների համար»: ՀՀ ԿԲ ներկայացրած հաղորդագրության համաձայն, բանկը հիմնադրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հիմնադիր երկրների կողմից՝ 1997-ին, իսկ գործունեությունը սկսել է 1999-ից։ Հայաստանի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 1%: 2009թ. տարեվերջի դրությամբ բանկի վարկային պորտֆելը կազմել է 891 մլն դոլար: