Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի խորհրդականը եկել էր հանդիպման

Մարտ 25,2011 00:00

Բայց չմոտեցավ հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանին

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ նախօրեին իրենց տարածած հայտարարության համաձայն, երեկ, ժամը 18-ին, վրան տեղադրեցին Ազատության հրապարակում արդեն 10-րդ օրը հացադուլ անող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ոստիկանները չմիջամտեցին, թեեւ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը լրագրողներին հայտնեց, որ գնդապետ Կիրակոսյանն իրեն ասել է, թե թույլ չեն տալու, որ վրանն այդտեղ մնա, ու քանդելու են։ Slaq.am-ը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե ինչու թույլատրել են անձրեւանոց տեղադրել, բայց վրան չեն թույլատրում, եւ նա պատասխանել է. «Անձրեւանոցին դեմ չենք, մենք թույլ ենք տվել, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ջեռուցման հարցն էլ ենք լուծել: Եվ ձեզ ասեմ, պարոն Հովհաննիսյանը շատ գոհ է մեզնից, բայց չգիտես ինչու՝ կողքի մարդիկ են դժգոհ: Իսկ վրանները շատ վտանգավոր են, ես լավ գիտեմ, թե ինչեր են տեղի ունենում այդ վրաններում, մենք դա թույլ չենք տա»: Վերջին պնդումը չի պարզաբանել՝ կրկնել է. «Պատմությունը ցույց է տվել, ես էլ լավ գիտեմ, թե ինչեր են լինում այդ վրանների պատերի ներսում, բայց դա Ձեր մտածածը չի»:

18:30-ի սահմաններում հացադուլի վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա է հայտնվել պետական համարանիշներով մի սեւ մեքենա: Մեքենայում էր ՀՀ նախագահի խորհրդական, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը: Նա մեքենայից չի իջել: Նրա ներկայացուցիչն է մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասել, որ Յուրի Վարդանյանը խնդրում է առանձնազրույց: Ըստ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի՝ «Պարոն Հովհաննիսյանն ասել է, որ շատ հարաբերական է առանձնազրույց ասվածը Ազատության հրապարակում: Եվ ասել է, որ սիրով պատրաստ է իր նստարանի վրա ընդունել նրան»: Մոտ 10-15 րոպե հետո մեքենան հեռացել է:

Նշենք նաեւ, որ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Համագործակցություն հանուն ժողովրդավարության հ/կ-ն, «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ այլ կազմակերպություններ երեկ տարածել են հայտարարություն, որում նշված է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք՝ ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին եւ կիսում ենք նրա բոլոր մտահոգություններն առանձին եւ ամբողջությամբ վերցված, որոնք եւ ստիպեցին նրան դիմել այս միջոցին»: Նաեւ նշված է. «Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է այս առավել ծայրահեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանությունները ուժ չեն խնայում նսեմացնելու նրան եւ ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերը՝ ուղղված երկրում ճչացող անարդարության վրա ուշադրություն գրավելուն: Իշխանությունները դրանք անում են թե ուղղակի՝ ոստիկանական ուժերի միջոցով, եւ թե անուղղակի՝ իրենց կամակատար լրատվամիջոցների օգնությամբ»: Այդ կազմակերպությունները պահանջում են. «Հայաստանի իշխանությունների կողմից անհապաղ ներողության հայցում՝ ի դեմս Ոստիկանության, որը հետեւողականորեն եւ անմարդկայնորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել