«Արմնյուզ» հեռուստաընկերության ներկայացրած մրցութային առաջարկում բազմաթիվ են իրավաբանական թերություններով կազմված, ըստ այդմ՝ առոչինչ փաստաթղթերը: Սակայն ՀՌԱՀ-ը դրանց մասին լռել է մինչ այժմ:
Ահա եւ հասանք մրցութային գործընթացի թերեւս ամենահետաքրքիր մասնակցին՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ին, որը մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման թիվ 11 մրցույթի հաղթողն է: Իսկ «Արմնյուզը» հետաքրքիր է առավել այն իմաստով, թե արդյոք նրա ներկայացրած առաջարկն անբի՞ծ է՝ իր մրցակից «Ա1+»-ի համեմատ, որին ՀՌԱՀ-ը մեղադրեց թերի կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեջ:
Միանգամից ասենք՝ «Արմնյուզի» առաջարկը մղոններո՜վ է հեռու անթերի համարվելուց: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այս հեռուստաընկերությունն էլ է հաղթողի ընտրության համար կարեւոր չափորոշիչներից մեկը՝ իր տեխնիկական միջոցները ներկայացրել ուղղակի ինտերնետից «քաշած» նկարներով ու տեքստերով: Այս հնարքը հատկանշական է նաեւ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկների համար:
Նշենք, որ «Արմնյուզի» մրցութային առաջարկի դեպքում մեր տրամադրության ներքո է այն տարբերակը, որն «Ա1+»-ը ստացել է դատարան դիմելուց հետո: Եվ սա ամբողջական փաթեթ է՝ ներկայացված կից պայմանագրերով ու նման այլ փաստաթղթերով, որոնք ՀՌԱՀ-ն այժմ տրամադրելը նպատակահարմար չի գտնում: Եվ այս պայմանագրերի ուսումնասիրությունը վկայում է, որ «Արմնյուզի» մրցութային առաջարկում բազմաթիվ են թերություններն ու անհամապատասխանությունները: Ասենք, «Արմնյուզ» ՓԲԸ կանոնադրության համաձայն՝ ընկերության գտնվելու վայրը Թումանյան 37, բն.3 հասցեն է: Սակայն իրենց ներկայացրած բոլոր փաստաթղթերում «Արմնյուզ» ՓԲԸ-ի հասցեն նշված է Եղվարդի խճուղի 1-ը, այսինքն՝ սա այն հասցեն է, որտեղ գտնվում է «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Մրցութային առաջարկի 190 էջում ներառված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված՝ ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը՝ Մոսկվայի բնակիչ Իգոր Յուրյեւիչ Բալաբինի եւ «Արմնյուզի» միջեւ, որով պրն Բալաբինը պարտավորվում է տեղեկատվություն հավաքել եւ այն փոխանցել «Արմնյուզին»: Ո՞վ է այդ պրն Բալաբինը՝ պարզ չէ, մանավանդ, որ պայմանագրի ներքո առկա է միայն նրա ստորագրությունը՝ առանց որեւէ կնիքի: Կնքված է միայն «Արմնյուզի» կողմից: Նշենք նաեւ, որ համացանցում Իգոր Յուրյեւիչ Բալաբին անուն-ազգանունով մարդու որոնողական աշխատանքներն ավարտվեցին զրո արդյունքով: Ըստ ամենայնի, չկա այդ անունով լրագրող:
193 էջում մեջբերված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված մեկ այլ պայմանագիր՝ «Արմնյուզի» եւ Գորիսում բնակվող Իրինա Յոլյանի միջեւ, որով նա նույնպես պարտավորվում է «հավաքել եւ/կամ ձեռք բերել լրատվական բնույթի տարբեր տեղեկատվություններ եւ այդ տեղեկատվությունը գրավոր կամ էլեկտրոնային կրիչների միջոցով հանձնել պատվիրատուին»: Վերեւում սխալվեցինք՝ այս պայմանագիրն անվանելով «կնքված», քանի որ դրա ներքո արդեն ընդհանրապես չկա որեւէ կնիք: Ավելի՛ն՝ չի ստորագրել անգամ «Արմնյուզ» ՓԲԸ-ի տնօրեն Գեղամ Մարգարյանը: Կա միայն Իրինա Յոլյանի ստորագրությունը:
Նույն օրը՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված մեկ այլ պայմանագիր է ներկայացված 196 էջում՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ի եւ Գուգարքի բնակիչ Ժան Գալստյանի միջեւ, որով նա էլի պարտավորվում է հավաքել «լրատվական բնույթի տարբեր տեղեկատվություններ», եւ դրանք տրամադրել հեռուստաընկերությանը: Ինչպես եւ Իրինա Յոլյանի հետ պայմանագիրը՝ այստեղ էլ ո՛չ կնիք կա, ո՛չ «Արմնյուզ» ՓԲԸ տնօրենի ստորագրությունը:
199 էջ՝ այստեղ արդեն 2010 թվականի հոկտեմբերի 1-ին «Արմնյուզի» եւ Վանաձորի բնակիչ Ալլա Նահապետյանի միջեւ պայմանագիրն է՝ նույն առարկայով, այսինքն՝ լրատվություն հավաքելու եւ հանձնելու մասին: Եվ այստեղ նույնպես՝ էլի ո՛չ կնիք կա, ո՛չ ստորագրություն՝ Ալլա Նահապետյանի ստորագրությունից բացի:
Մրցութային առաջարկ՝ էջ 202, «Արմնյուզի» եւ Արմավիրի բնակիչ Կարինե Վարդանյանի միջեւ 2010 թվականի հոկտեմբերի 1-ի պայմանագիր՝ նույն բովանդակությամբ եւ նույն թերություններով՝ անկնիք, անստորագիր՝ «Արմնյուզի» կողմից, իսկ Կարինե Վարդանյանի ստորագրության փոխարեն՝ ուղղակի նրա անունը:
Էջ 205՝ Ապարանի բնակիչ Նվեր Ղազարյանի եւ «Արմնյուզի» միջեւ պայմանագիր՝ դարձյալ չարաբաստիկ հոկտեմբերի 1-ին: Եվ էլի՝ առոչինչ պայմանագիր, քանի որ ո՛չ կնիք կա, ո՛չ ստորագրված է, իսկ Նվեր Ղազարյանի անվան դիմաց խզբզոց է:
Ուշադրություն ենք հրավիրում, որ բոլոր այս պայմանագրերը կնքվել են նույն օրը: Եվ հիշեցնում ենք, որ ՀՌԱՀ-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ ՀՌԱՀ աշխատակազմի քարտուղարություն հեռուստաընկերություններն իրենց հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը պիտի ներկայացնեին 2010թ. հոկտեմբերի 10-20-ը ներառյալ: Այսինքն՝ վերջնաժամկետից առաջ՝ հոկտեմբերի 1-ին «Արմնյուզն» այս թղթերով թղթակցային ցանց ունենալու տպավորություն էր փորձել ապահովել: Սակայն ցանկացած իրավաբան կասի, որ նման փաստաթղթերը չարժեն անգամ այն թուղթը, որի վրա տպագրված են: Եվ սրանք դեռ ամբողջը չեն, ուստի շարունակվելու է «Արմնյուզի» մրցութային առաջարկին անդրադարձը: