Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա փորձում է մեզ խաբել»

Մարտ 25,2011 00:00

Նկատի ունենալով ՀՀ նախագահին՝ ասում է  ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը

– Վերջին շրջանում Հայաստանից արտագաղթի չափերն անհանգստացնող են, ինչի պատճառով էլ այդ թեման մշտական քննարկման առարկա է դարձել, բայց դրա հիմքերը դրվեցին 1990-ականների սկզբներին: Ինչո՞ւ չկարողացանք մ կանխել այս երեւույթը:

– Այսօր ես նայում եմ, թե ինչ է կատարվում Ճապոնիայում այդ արհավիրքից հետո: Ճապոնացիների կեցվածքն այդ արհավիրքի դիմաց ինձ ապշեցնում է: Համենայնդեպս, այն բոլոր տեսագրությունները, որ դիտել ենք, դրանցում չկա պանիկայի գործոն: Ավելին, այդ պահվածքի հետ զուգորդված է ինքնազոհությունը, նկատի ունեմ հրշեջների մուտքը այրվող ատոմային ռեակտոր, եւ գիտակցումը՝ հանուն ինչի: Հանուն իրենց հայրենիքի: Ցավոք, զուգահեռներ այստեղ տանել չեմ կարող: Բայց պատմության առջեւ չմեղանչելու համար ասեմ, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ եղան նման դեպքեր. նույնիսկ փլատակների միջից մարդիկ Գորբաչովին հարց տվեցին՝ իսկ ի՞նչ է լինելու Ղարաբաղը: Արտագաղթը Հայաստանում սկսվեց ծանրագույն երկրաշարժից հետո, երբ մարդիկ անօթեւան էին, շարունակվեց ղարաբաղյան գոյամարտի տարիներին, երբ երկիրը շրջափակված էր եւ ծանրագույն վիճակ էր: Շատ ծնողներ պարզապես փախցնում էին իրենց միակ զավակին: Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, որոշ մարդիկ չկարողացան հաղթահարել այդ դժվարությունները եւ լքեցին իրենց հայրենիքը: Բայց այժմ, երբ խոսում ենք արտագաղթի մասին, ես մեկ բառով կասեմ՝ դա սրիկայություն է:

– Ինչո՞ւ:

– Հիմա չկա պատերազմ, չկա շրջափակում, երկրաշարժից 23 տարի անցել է, եւ հետեւանքներն էլ հիմնականում վերացված են, անգամ հիշողությունն է սկսում ջնջվել: Այսօր կենսական մինիմում պահպանելու համար կան բոլոր հնարավորությունները: Սակայն օլիգարխիկ համակարգը մի հսկայական վիհ է ստեղծել ազգաբնակչության՝ 90 եւ իրենց 10 տոկոսի միջեւ: 10 տոկոսն ապրում է ցոփության մեջ, 90-ն ունի օրվա հացի խնդիր: Դա է այսօրվա արտագաղթի միակ պատճառն ու պայմանը: Մարդիկ փախչում են անարդարությունից, ինչի հետեւանք է իրենց ոչ բավարար կենցաղը: ՀՀ տարածքում օրենքներն ընդունված են, բայց չեն գործում:

– Ծաղկաձորում իր ելույթի ժամանակ նախագահն ասաց, որ մայիս-հունիս ամիսներին սոցիալական վիճակը կթեթեւանա:

– Ձեր նշած արտահայտություններն ինձ մոտ միայն տխուր հիշողություններ են առաջ բերում: Գործնական միջոցներ ձեռք առնելու փոխարեն նա փորձում է խուսանավել: Հույսը դրել է նրա վրա, որ մայիս-հունիս ամիսներին կլինի արտագաղթի պիկը, երիտասարդության մեծ մասը դուրս կգա «խամ ու խոպան» հողեր՝ արտագնա աշխատանք փնտրելու, եւ դժգոհությունների ալիքը որոշակիորեն կծերանա: Հետո էլ կասի՝ ժողովուրդ ջան, ընտրություններին մնացել է մեկ տարի, եկենք ամեն ինչ անենք բնականոն: Նա փորձում է խաբել: Դրա համար էլ տխուր է իրավիճակը:

– Ի՞նչ եք հասկանում «գործնական քայլեր» ասելով, եւ արդյոք նկատելի չէ՞ որեւէ գործնական քայլ:

– Ամենեւին: Նախագահը ոչ թե պետք է ասեր՝ դեմքով շրջվենք դեպի գյուղացին, ես էլ եմ գնալու գյուղեր: Ոչ, մենք քեզ շատ բարձր աշխատավարձ ենք վճարում, որ դու գնաս գյուղերը եւ գյուղացու հետ խոսե՞ս: Դու պետք չէ, որ գնաս գյուղեր, պետք է աշխատեցնես պետական ապարատը, որը թաղված է կոռուպցիայի եւ տականքության մեջ, այդ դեպքում ոչ քո, ոչ նախարարների գյուղ գնալն անհրաժեշտ չի լինի: Եվ էդ մարզպետներին, որ հավաքել ու «լոլո» էիր կարդում գլխներին՝ պետք չի, նրանց պետք է ուղարկել քրեակատարողական հիմնարկներ: Չկա մի մարզպետ, որ կոռումպացված չէ մինչեւ իր ոսկորը: Այս առումով գործնական կլիներ, եթե նա ափը խփեր սեղանին եւ ասեր՝ այսօրվանից Հայաստանում վերանում է մոնոպոլիստական կապիտալիզմը: Անտեղի խոսում է գնաճը զսպելու մասին: Մոռացե՞լ է, որ կապիտալիզմ ենք թեւակոխել: Գնաճն ադմինիստրատիվ միջոցներով կանգնեցնում էին միայն սոցիալիզմի պայմաններում, այն էլ՝ շատ նուրբ, մրցակցային դաշտ ստեղծելով: Այսօր մի բան է հարկավոր, եւ կյանքը Հայաստանում ամբողջովին կփոխվի՝ վերջ տալ կլանաօլիգարխիկ համակարգին: Չկա կլանաօլիգարխիա՝ չկա կեղեքում, չի լինի գնաճ:

(Շարունակությունը՝ վաղվա համարում)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել