Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Մարտ 25,2011 00:00

\"\"Կհեռանա խաղա՞ղ, թե՞ բախումների ճանապարհով

Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքից հետո հանրահավաքի մասին ու դրա շուրջ բազմաթիվ քննարկումներ են գնում, որոնց թվում առանցքայիններից մեկը իշխանություն-ՀԱԿ հնարավոր պայմանավորվածությունների թեման է: Հնարավոր այդ վարկածի շուրջ քննարկման համար պարարտ հող էին ստեղծել ոչ միայն ոստիկանության կողմից Կոնգրեսի առաջնորդած հանրահավաքի մասնակիցներին Ազատության հրապարակ մուտք գործելուն առանձնապես չխոչընդոտելը, այլեւ նույն օրը Կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հարթակից հնչեցրած ելույթը: Դրանում, ի տարբերություն մարտի 1-ի իր ելույթի, որտեղ իշխանություններին 15 կետանոց պահանջներ էին առաջադրվել, մարտի 17-ին Տեր-Պետրոսյանը շեշտեց միայն երեքը՝ համարելով, որ դրանք ամենաառանցքայիններն են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակ մուտք գործելու արգելքի վերացում եւ «Մարտի 1»-ի բացահայտում: Հանուն արդարության հարկ է շեշտել, որ երեք այս պահանջներն էլ մշտապես եղել են ՀԱԿ-ի բոլոր հրապարակային ելույթների ու հայտարարությունների հիմնական մեխը, եւ այդ իմաստով մարտի 1-ը դեռ ավելի «արմատական» էր, քան 17-ին հնչեցված պահանջը, ուստի՝ նահանջ Կոնգրեսի գործողություններում, թերեւս, չպետք է տեսնել: Այս դիտարկմանը երեկ «Առավոտի» հետ զրույցում համաձայնեց նաեւ Կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով ՀԱԿ-ի մարտավարության հնարավոր փոփոխության՝ մեղմացման մասին մեր հարցին:

«2008թ. մարտի 1-ից հետո Կոնգրեսի որդեգրած ռազմավարության գործառույթները նույնն են, իսկ մարտավարական առումով ՀԱԿ-ը բազմաթիվ հնարքներ է փորձում կիրառել՝ երբեմն ավելի ագրեսիվ, երբեմն ավելի դանդաղ՝ համոզելով, երբեմն նաեւ միջազգային հանրության պահանջները հաշվի առնելով ու մեր պահանջները միջազգային հանրությանը պարտադրելով: Առանձնապես լուրջ փոփոխություններ նույնիսկ մարտավարական քայլերում չեն կարող լինել եւ չկան»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ, իբր, պայմանավորվածությունների մասին խոսակցություններին, ապա կուսակցության նախագահը հիշեցրեց, որ Կոնգրեսը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է իշխանությունների հետ երկխոսություն սկսել՝ միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո. «Այդ պահանջը մենք դրել ենք մարտի 1-ից հետո, ու առ այսօր այդ խնդիրը չի բավարարվել: Իհարկե, Կոնգրեսը մարտի 1-ին իշխանություններին ներկայացրել էր 15 կետ պահանջներ, որոնք մեկը մյուսից կարեւոր էին: Բայց որպես առաջնահերթ ու իրատեսական պահանջ՝ վերջին հանրահավաքում Կոնգրեսը առաջադրեց դրանցից երեքը՝ հույս ունենալով, որ այդ հարցերում կունենա նաեւ միջազգային հանրության աջակցությունը: Դա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է մեր ընկերներին ժամ առաջ ազատ արձակելու համար: Իսկ իշխանությունների հետ բանակցելու թեման, ինչպես նախկինում, հիմա էլ մեկն է. սահմանադրական կարգի վերականգնում՝ արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորում»:

Ա. Սարգսյանն արձանագրելով հանդերձ, որ հասարակության տարբեր շերտեր տարբեր կերպ ընկալեցին Ազատության հրապարակ մտնելու փաստը ու միաժամանակ հիշեցնելով մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցների աննախադեպ բազմությունը՝ հայտարարեց. «Մարդկային նման քանակի զանգվածին փողոցում պահել եւ Ազատության հրապարակ մտնել թույլ չտալ իշխանություններն ուղղակի ի վիճակի չէին, որովհետեւ ոստիկանության մարդկային ռեսուրսը՝ նույնիսկ մեկին հինգ հարաբերակցության դեպքում, չի բավարարում այդքան մեծ թվով մարդկանց գործողությունները կասեցնել: Իրենք ունեն սպաներ, որ կարողանում են հաշվարկել՝ ինչի հնարավորություն ունեն, ինչի՝ ոչ: Նման դեպքերում միայն բանակի ուժերով էր հնարավոր թույլ չտալ հասարակությանն իր որոշումը կատարել՝ մտնել Ազատության հրապարակ: Իշխանությունն ուղղակի տեսավ, որ ինքը թույլ չտալու հնարավորություն չունի, եւ դա հասկացավ ոչ թե հենց նույն օրը, այլ դեռ մարտի 1-ին: Մյուս կողմից՝ իշխանությանը շատ ձեռնտու էր, որ մենք մտնենք Ազատության հրապարակ, այլ ոչ թե գնանք Բաղրամյան պողոտա»: Թե՝ ինչո՞ւ, պարոն Սարգսյանն այսպես հիմնավորեց. «Որովհետեւ Բաղրամյան պողոտա գնալը գործընթացներն էլ ավելի կսրեր ու կտաներ մի ուղով, որի վերջնական լուծումը որեւէ մեկը չէր կարող ասել, եւ որը հայտնի չէր, թե ինչ հետեւանքների կբերեր: Իսկ Ազատության հրապարակ մտնելը հաղթանակի որոշակի հանգրվան էր, որը տվյալ փուլում ժողովրդին կբավարարեր»:

Այդ դեպքում Կոնգրեսն ինչո՞ւ չորոշեց գնալ Բաղրամյան ու արագացնել գործընթացները: Ըստ Ա. Սարգսյանի՝ որովհետեւ Կոնգրեսը արկածախնդիր չէ. «Կոնգրեսն ուզում է անել հաշվարկված, ճշգրիտ քայլեր: Կոնգրեսը կմտնի իշխանափոխության ռեալ գործընթացի մեջ այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ կլինի իր հաղթանակին, կունենա հստակ աջակցություն ոչ միայն հասարակության, այլեւ միջազգային հանրության կողմից: Կոնգրեսն աշխատում է թե՛ ներքաղաքական դաշտում՝ մեր հասարակության հետ, թե՛ արտաքին քաղաքական դաշտում, տիրապետում է համապատասխան տեղեկությունների ու օգտվում է այդ տեղեկություններից»:

Կոնգրեսին ուղղվող մյուս հարցադրումը, որի շուրջ եւս ակտիվ քննարկումներ են գնում նաեւ հենց ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների շրջանում՝ «Հիմա» կարգախոսից եւ «պայքար» բառից հրաժարվելու մասին Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է: Այս մասով «Հանրապետության» նախագահն ասաց, թե Կոնգրեսը շատ բազմաշերտ ու բազմամարդ է, որ վերջին շրջանում սոցիալական վիճակի վատթարացման արդյունքում մարդկանց հոսքը Կոնգրես ավելացել է, եւ որ ՀԱԿ-ում կամ նրա կողքին կան մարդիկ, որոնք սոցիալական լուրջ խնդիրների տակ են կքած, ուստի պահանջում են օր առաջ իշխանափոխություն անել: «Դա բնական է, ու մենք դա հասկանում ենք: Բայց «Մահ կամ ազատություն» կարգախոսը Կոնգրեսին անդամակցող որեւէ կուսակցության կարգախոսը չէ»,- արձանագրեց Ա. Սարգսյանն ու միանգամից էլ պատասխանեց մեր ռեպլիկին, թե՝ «Հիմա» կարգախոսն է ՀԱԿ-ինը: «Հիմա»-ն չի նշանակում՝ հենց հիմա: Դա նշանակում է՝ հնարավորինս շուտ: Չեմ կարծում, որ Կոնգրեսը հենց «հիմա»-ի հնարավորությունները տեսնելով՝ ժամանակ է ձգում: Այո, Կոնգրեսում ես այս փուլում ավելի շատ տեսնում եմ սուր գործողությունների կողմնակիցների թվի աճ, նման կարծիք հայտնողների քանակի ավելացում, եւ ոչ մեկը չի կարող ասել, որ նման առաջարկ անողները սխալ են կամ, որ այդ կերպ իշխանություն փոխել հնարավոր չէ: Ուղղակի Կոնգրեսը, ի տարբերություն արաբական աշխարհի երկրների, որտեղ ռեալ ընդդիմություն չկար՝ իր գլխով ու գագաթով, որը կարողանա քննարկել եւ երկարատեւ ծրագրեր մշակել, պարտավոր է որպես ուժ, որպես գործոն՝ քննարկել այդ խնդիրները ու ընտրել այն տարբերակը, որը ոչ միայն փոփոխություն կբերի, այլեւ չի վնասի երկրին»: Ընդդիմադիր գործիչը մեր հարցին, թե՝ ինքն անձամբ համաձա՞յն է եգիպտոսյան տարբերակի իշխանափոխությանը՝ նկատի առնելով նաեւ բախումների, զոհերի հնարավորությունը, պատասխանեց. «Եգիպտոսում խնդիրն այլ կերպ լուծել հնարավոր չէր: Հայաստանի դեպքում բազմաթիվ այլ լուծումների հնարավորություններ կան: Կան բազմաթիվ գործիքներ, որոնց համատեղ եւ ճիշտ օգտագործման դեպքում միանշանակ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը կարդա իր հրաժարականը»:

Ա. Սարգսյանը հավելեց նաեւ, որ «Կոնգրեսն առ այսօր դեռ նախընտրում է հասարակական ճնշման տարբերակով իշխանության հրաժարականին հասնելու ոչ թե այն տարբերակը, որը եղավ Եգիպտոսում կամ արաբական այլ երկրներում՝ բունտի, բախումների ու արյան գնով, այլ այն մեթոդը, որը եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում: Կոնգրեսն այս մոդելի կողմնակից է, բայց չի բացառվում, որ երկրում ընթացող պրոցեսները, երբ իշխանությունների քայլերն ուղղված են ժողովրդի դեմ, երբ նրա որեւէ խոսքն ու խոստումը զուտ իմիտացիոն բնույթ են կրում, հանգեցնի նրան, որ հասարակությունն ինքը որոշի գնալ բունտի ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել