Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԱԲՈՒԽ ԵՎ ՇՏԱՊ ՀԱՎԱՔՆԵՐԸ՝ 6 ԺԱՄ ԵՎ ՈՉ ԱՎԵԼԻ»

Մարտ 25,2011 00:00

\"\"Կառավարության՝ «Հավաքների ազատության մասին» օրինագծից

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր «Հավաքների ազատության մասին» օրինագիծը, որի փոփոխման անհրաժեշտությունը դեռեւս ժամանակին կարեւոր էր համարվել մարտի մեկին Երեւան քաղաքում կատարված դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ: Փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման մեջ նշված է, որ ներկայացված բարելավումների շնորհիվ «օրենքը դարձել է ավելի հստակ եւ թափանցիկ», եւ որ «հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին պատգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փորձեց հստակեցնել, թե ինչ նկատի ունի կառավարությունը, երբ համապատասխան հոդվածում (հոդված 26) նշում է. «Ինքնաբուխ է այն հավաքը, որն անցկացվում է որեւէ իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով»: Պատգամավորը ուզում էր իմանալ՝ ով է գնահատելու, թե որ հավաքն է ինքնաբուխ, եթե, օրինակ, ընդդիմադիր որեւէ գործչի ձերբակալությունից անմիջապես հետո ընդդիմությունը դա համարում է անմիջապես արձագանքելու առիթ եւ հրավիրում է ինքնաբուխ հանրահավաք, իսկ ոստիկանությունը գալիս եւ փորձում է ցրել այդ ինքնաբուխը, պատճառաբանելով, թե իր գնահատմամբ, դա անմիջապես արձագանքելու պատճառ չէ: Ի պատասխան՝ արդարադատության նախարարը նշեց, որ, այո, պատգամավորի բերած օրինակը կարող է համարվել ինքնաբուխ. «Անկախ այն հանգամանքից՝ իրազեկման ընթացակարգը պահպանվել է, թե ոչ, եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը չպետք է ցրի, ընդհակառակը՝ պետք է աջակցի դրա իրականացմանը: Իսկ արդյոք իրականում մենք գործ ունենք ինքնաբո՞ւխ հավաքի հետ, այո, գնահատողականության որոշակի ծավալ կա, որը կարող է գնահատել կամ ոստիկանությունը, կամ ՏԻՄ-ը, եւ, վերջին հաշվով, այս ոլորտը ենթակա է դատական հսկողության: Կրկնում եմ՝ հավաքը կանցկացվի, եթե խաղաղ է, բայց դրանից հետո փաստացի կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության»: Նախարարը դրական է համարում այն, որ պետք է «ոստիկանությանը որոշակի գնահատողական ծավալ տալ, այստեղ մի մեծ զսպաշապիկ կա ոստիկանության վրա, այն է՝ վարչարարության հիմնարար սկզբունքներն են, մասնավորապես՝ համաչափության սկզբունքը»: Նկատի ունի, որ նախ, ոստիկանը պետք է «փոքր քայլեր» կատարի՝ չեզոքացնելու խոչընդոտումը, եւ «միայն վերջում, երբ այլ միջոցները պիտանի չեն լինի այդ խախտումը վերացնելու համար, կարող է ձեռնամուխ լինել դրա իրականացմանը»: Նկատի ունի հավաքը ցրելը: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց «ապավինել ոչ թե ոստիկանությանը, այլ օրենքի տառին, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ օրենքի դրույթները լինեն հնարավորինս ճշգրտված: Մենք եւ դուք հրաշալի գիտենք, որ ոստիկանության կամ այլ մարմնի գործողությունների իրավաչափությունը եւ համաչափությունը մեզանում էականորեն տարբերվում են բազմաթիվ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով, ուստի, իմ գնահատմամբ, օրենքի նախագծում կան բազմաթիվ մեկնաբանելի դրույթներ, իսկ սա այն օրենքն է, որը մեզ համար առանցքային նշանակություն ունի, որովհետեւ ուղղակիորեն կարգավորում է շատ կարեւոր ոլորտ»: Նախարարը պատրաստակամություն հայտնեց պատգամավորների հետ համատեղ քննարկել եւ կատարել համապատասխան հստակեցնող ձեւակերպումներ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ուզեց հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ հանկարծ չպարզվի, որ հանրահավաքների համար պահանջվող տեղում վեց տարի շարունակ նույն օրը նույն ժամին մանկական ինչ-որ համերգներ են տեղի ունենում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խնդրեց հստակեցնել «հավաք ցրել» հասկացությունը: Ըստ արդարադատության նախարարի, եթե հավաքը չի դադարեցվում, հավաքի մասնակիցները կամովին չեն հեռանում, այդ դեպքում է հավաքը դադարեցնելն ու հավաքը ցրելը կատարվում հարկադրաբար, այսինքն՝ ուժի կիրառման միջոցով: Հոդված 29-ում նշված է, որ 22:00-08:00-ը հավաքի ժամանակ բարձրախոսների եւ լուսային էֆեկտների օգտագործումն արգելվում է: Հանրապետական Կարինե Աճեմյանը, որպես Մատենադարանի հարակից տարածքի բնակիչ, առաջարկեց այդ ժամերին ընդհանրապես արգելել հավաքների անցկացումը: Հրայր Թովմասյանը շտապեց ասել, թե տվյալ հարցն արգելելով չի կարող լուծվել, քանի որ գոյություն ունեն ազատություններ եւ իրավունքներ, որոնք համեմատության մեջ կարող են գերակշռել մեկը մյուսին: Ըստ նախարարի, հարցի լուծում կարող է լինել, օրինակ, հավաքի անցկացման համար այլ վայր առաջարկելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել