Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, դռնփակ դատական նիստում 2-ամսյա կալանքի որոշում է կայացրել ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Որոշումը հրապարակելուց հետո ԱԱԾ աշխատակիցները նրան տեղափոխեցին «Երեւան Կենտրոն» մեկուսարան: Դատարանին միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Հիշեցնենք, որ Հ. Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի արդեն նախկին պետ Վարազդատ Ադամյանին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ազատել էր զբաղեցրած պաշտոններից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Հովհաննես Թամամյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հատկանիշներով: Խոսքը Երեւանի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած սպանությանը վերաբերող գործի մասին է: