Ըստ քահանայի՝ մարդուն դարձի բերելու համար պետք է սիրով մոտենալ նրան
Մոլություն, կախարդություն, սեր եւ ընտանիք, ինքնասպանություն, էֆթանազիա, եկեղեցական խորհուրդներ. այս եւ երիտասարդներին հուզող այլ բազմաբովանդակ թեմաների շուրջ է «Մանանա» ծրագիրը պարբերաբար քննարկումներ անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում: Օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում թմրամոլության, գինեմոլության, խաղամոլության, որկրամոլության, կրոնամոլության մասին խոսեց տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը: Մասնավորապես միասեռականների թեման թեժ բանավեճի վերածվեց, քանի որ հանդիպմանը ներկա շուրջ 2 տասնյակ երիտասարդների թվում նաեւ տրանսվեստիտներ, հոմոսեքսուալներ կային: Տեր Տաճատը նախ անկեղծացավ. երբ ինքը 17 տարեկան էր, միասեռականների հանդեպ ատելություն էր զգում, ինչը, ըստ քահանայի, ճիշտ չէ, որովհետեւ մարդուն ատելը մեղք է եւ այդպես չպետք է վարվել նույնիսկ միասեռականի հետ: «Երբ մոլության մեջ ենք, ամեն միջոց պետք է օգտագործենք, որպեսզի հաղթահարենք այդ հիվանդությունը: Այս պարագայում եկեղեցականը, հոգեբույժը, հոգեբանը միասին պետք է աշխատեն, ինչպես Ամերիկայում է»,- նշեց քահանան:
22-ամյա Սոնա Տեր-Ասատրյանը հարց ուղղեց քահանային՝ ընդունված կարծիք կա, որ արվամոլությունն ի ծնե է, ինչո՞ւ չի բացատրվում, որ դա ի ծնե չէ, այլ մոլություն է, որից կարելի է ազատվել: Տեր Տաճատը արձագանքեց. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Կան պարագաներ, որ հոգեբույժի կամ հավատքի հետեւանքով մարդիկ ելած են արվամոլությունից, բայց նման դեպքերը քիչ են»: Ավելի ուշ քահանան, ինքն իր ասածին հակասելով, հավելեց. «Արվամոլությունը մեղք է, ոչ մի դեպքում չի կարելի ասել, թե առաքինություն է, բայց եթե արվամոլը հավատարիմ է իր ընկերոջը, նա նվազ չար է, այսինքն՝ այստեղ էլ մեղքի չափեր կան»:
Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի 17-ամյա ուսանող Ասպետ Շերմազանյանը, որը ներկաներին 19 տարեկան ներկայացավ, չհամաձայնեց քահանայի ասածին, եւ իր կարծիքը բարձրաձայնեց, նշելով, թե 80-ական թվականներին միայն մի քանի՝ թանգարանային նմուշներ են եղել. «Հիմա չգիտես ինչ է կատարվում: Եկեղեցական օրենքը պայքարի միջոցներ պետք է ունենա, արվամոլությունը միայն մեղք չէ՝ այլ էպիդեմիայի նման մի բան, որը գլոբալիզացիայի հետեւանք է: Դա մեղք չէ, այլ այլասերում, վտանգ, կեղտ է, իսկ մենք փոքր ազգ ենք, դա մեզ պետք չէ: Մենք քրիստոնյա ազգ ենք եւ մեր արժեքների պահպանման համար պետք է զենքով պայքարենք: Ձեր պաշտոնը ազդեցիկ է, շատ աչքեր են ձեզ տեսնում ու շատ ականջներ լսում եւ ձեր ասելիքը նստվածք է թողնում»: Տեր Տաճատը արձագանքեց. «Շիտակ ըսեմ, ես քեզի պես եմ զգում: Կուզեմ, որ իմ սկզբունքը լավ հասկնաս, չեմ ըսեր, թե մեղք չէ: Քո ըսածին հետ համաձայն եմ 95 տոկոսով, բայց չեմ ուզեր, որ ատելությամբ լցվեք: Ի պատասխան քո կեցվածքի, կհավատամ, որ մարդոց սիրտը կրնանք ավելի սիրաշահիլ սիրով, քան ատելությամբ: Նույնը նաեւ աղանդավորների մասին՝ կռվով, ատելությամբ չենք կրնա դարձի բերել, պետք է սիրով մոտենալ»: Ներկաներից մեկն էլ իր կարծիքը հայտնեց՝ հարցնելով. կարելի՞ է ցանկացած մեղք մոլություն համարել, օրինակ, անընդհատ մարդուն դատելը. «Պարտադիր չէ, որ համասեռամոլությունը դնես, քննադատես, ասես համասեռամոլ է, պոռնիկ, որովհետեւ Աստծո առաջ դատաստանն ուրիշ է»:
Ա. Շերմազանյանը նորից միջամտեց. «Այսօր համասեռամոլները մեծ կազմով էլիտար ինչ-որ ակումբներ են ստեղծում, ասենք՝ քաղաքական դեմքերը Ալեքսանդր Մակեդոնացու պես մուժիկին, Լեոնարդո դա Վինչիի պես հանճարին սարքում են համասեռամոլ»: Ներկաներից մի քանիսը ընդվզեցին՝ նշելով, թե քրիստոնեական արժեքներով ապրողի մի ականջից այդ ամենը լսվում, մյուսով դուրս է գալիս: Տրանսվեստիտ ներկայացած 19-ամյա Գեւորգն էլ դժգոհությունը զսպել չկարողացավ. «Էսօրվա դրությամբ ամեն մարդ ապրում է իր կյանքով, ոչ մեկի պրոբլեմը չէ, ով ինչ ձեւով կապրի: Ի վերջո, աշխարհի վերջում ամեն ոք լինելու է Աստծո մոտ. մեկը՝ դժոխք, մեկը՝ դրախտ: Քո պրոբլե՞մն ա՝ մարդիկ ակումբ են կառուցում, թե ինչ են անում…»:
Անառողջ բանավեճն ավելի չթեժացնելու համար տեր Հովսեփ Ալեքսանյանն առաջարկեց արվամոլությունից բացի, խոսել մնացած մոլությունների մասին, միեւնույն ժամանակ նշեց. «Հայ առաքելական եկեղեցին, հիմք ընդունելով Սուրբ գիրքը, մերժում է արվամոլությունը: Երբեք մոլությունը չի կարող եկեղեցուն հանդուրժելի երեւույթ դառնալ: Ինքս որպես հայ մարդ, հայ տղամարդ եւ հետո որպես հոգեւորական, անընդունելի եմ համարում արվամոլությունը: Ինձ համար էլ զազրելի, զզվելի է, երբ փողոցում տեսնում եմ տղաներ, որոնք իրենց կեցվածքի մեջ տղաներ չեն եւ աղջիկներ, որոնք իրենց կեցվածքի մեջ չեն համապատասխանում իրենց սեռին: Մարդուն պետք է հասկանաս, որպեսզի կարողանաս նրան օգնել: Եթե գնում ես բժշկի, բժիշկը քեզ չի հասկանում, չի գնահատում ցավի վիճակը եւ դրա առաջացման պատճառը, չի կարող բուժել: Եթե ուզում ենք սխալ ճանապարհի վրա հայտնված մարդուն օգնել, ուրեմն պետք է նրան լսենք, հասկանանք եւ հետո փորձենք ճիշտ կարծիք հրամցնել: Նա կընդունի՝ կընդունի, չէ՝ Աստված իր հետ»:
Տեր Հովսեփի կարծիքով, ինչպես մյուս մոլությունների պարագայում, այնպես էլ արվամոլության դեպքում, կարեւորն այն է, որ նա չվնասի իրեն շրջապատողներին. «Մեր թիվ մեկ մտահոգությունն այն է, որ աճող սերունդը չդառնա որեւէ սեռական մոլեռանդի գերին: Այսօր երիտասարդները հակված են ոչ թե միասեռականության, այլ ավանդական կողմնորոշում ունեն»: Ըստ նրա, մոլության դեմ մոլությամբ չպետք է պայքարել. «Մեղքը եկեղեցին անընդունելի է համարում, բայց մեղավոր մարդու նկատմամբ ունի որոշակի վերաբերմունք, որովհետեւ բոլորս էլ ինչ-որ ժամանակ մոլորված ենք եղել եւ եկել է մի պահ, որ տիրոջ ողորմությամբ եկել ենք ճշմարիտ ճանապարհի»: Տեր Տաճատի մեկնաբանմամբ, մարդ պետք է ձգտի այնպես ապրել, որ զգացումներն իրեն չառաջնորդեն. «Հենց զգացումով երթանք՝ ուրեմն մոլության մեջ ենք»:
22-ամյա Սեւակին էլ հետաքրքրում էր՝ Հայ առաքելական եկեղեցին կնամոլության-կնասիրության, արվամոլության-նույնասեռականության միջեւ տարբերություն տեսնու՞մ է, թե՞ նույնն է, եւ ինչո՞ւ է դա համարվում անբնական, եթե բնության մեջ գոյություն ունի: Տեր Տաճատը պատասխանեց. «Հայ եկեղեցու սկզբունքը պարզ է՝ սեռային հարաբերությունները միայն պետք է ըլլան ամուսնական ձեւի մեջ՝ մարդու եւ կնոջ միջոցով: Դրանից դուրս որեւէ սեռային հարաբերությունը անբնական է եւ ինչ անբնական է՝ մեղք է»: Սեւակին հետաքրքրում էր նաեւ. «Հայ առաքելական եկեղեցին բնության մեջ ընդունում է հերմոֆրոդիտների գոյությունը, մարդկային աշխարհում ընդունվո՞ւմ է ինտերսեքսուալ մարդկանց գոյությունը: Նրանք գոյություն ունեն, կարո՞ղ են ունենալ հավասար իրավունքներ մասնավորապես քաղաքացիական կյանքում»: Տեր Տաճատը պատասխանեց. «Դրանք այնպիսի բացառիկ երեւույթներ են, որ չես կրնար նկատի առնել: Հերմոֆրոդիտը բնական երեւույթ չէ մարդկային կազմի մեջ: Որեւէ մի բան, որ ամուսնական կապից դուրս է, անիկա մեղք կնկատվի: Եկեղեցին դավաճանության մեջ նույնքան մեղք է նկատում: Մեզ համար կարեւոր է պահպանել ընտանեկան սրբությունը»: Տեր Հովսեփ քահանան էլ հավելեց. «Մեղքը մեղք է, սեւական ես, ճերմակ, թե չայնիզ: Որպես քաղաքացի տվյալ երկիրը կարող է ընդունել, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին եւս պետք է ընդունի, որովհետեւ եկեղեցին ունի մեկ օրենք եւ ենթարկվում է դրան»: Տեր Տաճատը գտնում է նաեւ, որ Հայաստանում այսօր եւս մի մոլություն կա՝ չամուսնանալու մոլությունը. «Այլեւս համոզվել եմ, որ ամենեն գեղեցիկ աղջիկները կգտնվին Հայաստանում, բայց տղաները չեն ամուսնանալ»: